«Մուլտի Վելնես»-ից «Երևան Վելնես» դարձած սպորտային համալիրում արդեն հաճախորդներ կան։ Բացի սրճարան-բարից՝ մնացած բոլոր ծառայություններն աշխատում են, բայց մի տարբերությամբ՝ կալանավորված Գագիկ Ծառուկյանի կառուցած կենտրոնն այժմ տնօրինում է Երևանի քաղաքապետարանը։
Առաջին հայացքից ամեն ինչ նույնն է, սակայն հաճախորդներն այլևս վճարում են «Երևան Վելնես»-ին։
«Ազատության» հարցին՝ վճարումն արվում է Երևանի քաղաքապետարանի բյուջեի՞ն, աշխատակիցը պատասխանեց. «Այո»:
Շենքի մուտքի մոտ ծածանվում է քաղաքապետարանի դրոշը, իսկ ներսում հաճախորդների զանգերին պատասխանելիս նշում են կենտրոնի նոր անունը։ Ասում են նաև, որ առաջիկա ամիսներին նոր ղեկավարությունը թարմացումներ կանի ու գները կբարձրանան, իսկ առայժմ նախկին արժեքներն են պահպանվել։
Երկու շաբաթ առաջ Երևանի քաղաքապետը հայտարարեց, թե Ծառուկյանի կառուցած կենտրոնն արդեն համայնքինն է: Մի քանի շաբաթ փակ մնալուց հետո կենտրոնը վերաբացվեց:
Մեծահարուստ գործարարի գույքն այժմ փաստացի եկամուտ է բերում քաղաքապետարանին, բայց «Ազատության» հարցմանը պատասխանած քաղաքապետարանի պաշտոնյան նշել է՝ չնայած հողն ու դրա վրա կառուցված անշարժ գույքը քաղաքապետարանինն են, կենտրոնի ներսի շարժական գույքն իրենցը չէ: Եթե իրենցը չէ, ապա ինչո՞ւ են հաճախորդները վճարում ոչ թե Ծառուկյանի ընկերությանը, այլ «Երևան Վելենս»-ին, հարցնում է փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Հենց քաղաքապետարանի պատասխանն ու այս գործողությունները կատարում են, այստեղ նույն մարզասարքերը, շարժական գույքն օգտագործվում է ապօրինի կերպով, ուղիղ հենց այդ հակասականությունն է», - ասաց փաստաբանը:
Քաղաքային իշխանությունների հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում էր 2065 թվականին։ Սակայն Երևանի քաղաքապետարանը, օգտվելով պայմանագրի դրույթներից մեկից, առանց պատճառաբանության միակողմանի դադարեցրեց այն, երբ Ծառուկյանը հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում։
«Պայմանագրում հստակ նշված է, թե որ պայմաններում կարող է պայմանագիրը լուծվել և այլն, բայց մի հատ էլ կետ կա, որ մեկ ամիս առաջ կողմերը կարող են ծանուցել ու պայմանագիրը լուծել: Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ինքն այդ կետից օգտվում է», - նշեց Երեմ Սարգսյանը:
Քաղաքապետարանից պարզաբանել են նաև, թե դա իրենց իրավունքն է՝ հողամասի սեփականատերը ժամկետից շուտ իրավունք ունի հրաժարվել պայմանագրից: Թե ինչո՞ւ հենց հիմա. վարչապետ Փաշինյանի՝ Ծառուկյանին ունեզրկելու հայտարարությունից հետո, քաղաքապետարանը չի մանրամասնում:
Փաստաբան Երեմ Սարգսյանը, վկայակոչելով Ծառուկյանի և քաղաքապետարանի միջև կնքված պայմանագիրը, պնդում է՝ «Մուլտի Վենլես»-ը պայմանագիրը չի խախտել, բայց այն, միևնույն է, դադարեցվել է ժամկետից շուտ: Ըստ պայմանագրի, քաղաքապետարանինն է միայն հողը, իսկ դրա վրայի գույքը տնօրինում է Ծառուկյանը։ 2065 թվականին, եթե պայմանագիրը չերկարացվեր, հողի վրա կառուցված շենք-շինությունները պետք է անցնեին քաղաքին։
Ընտրություններին մասնակցած Գագիկ Ծառուկյանը քարոզարշավին խիստ քննադատել էր Փաշինյանին, վերջինս էլ խոստացել էր զբաղվել նրանով։ Դրանից հետո մեծահարուստ գործարարին մեղադրեցին տնտեսական հանցագործությունների մեջ ու կալանավորեցին։ Նրա շուրջ 70 ընկերությունները փակվեցին, իսկ «Արարատցեմենտն» ու «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատն» անցան պետության կառավարմանը:
«Փոխհատուցում չէր լինի, եթե ժամկետն ավարտվեր, գույքը փոխանցվեր պարտավորության համաձայն: Բայց եթե ժամանակից շուտ լուծել ես պայմանագիրն ու գույքը վերցնում ես, չես կարող վնասի փոխհատուցում չանել», - ասաց փաստաբանը:
Երևանի քաղաքապետարանը «Ազատությանը» նաև հայտնել է, որ չեն պատրաստվում փոխհատուցել Ծառուկյանին: Փաստաբանը սա ևս խախտում է համարում: Ի՞նչ է ստացվում. նկատում է Սարգսյանը՝ գործարարը միլիոնավոր դոլարների ներդրում է անում, գույք կառուցում, սպասում շահույթի, բայց պետությունն առանց հիմնավոր պատճառի որոշում է տիրանալ այդ գույքին:
«Մուլտի Վելենս»-ը դատի է տվել թե՛ Երևանի քաղաքապետարանին, որ ժամկետից շուտ խզեց պայմանագիրն ու վերցրեց գույքը, թե՛ Կադաստրին՝ «Մուլտի Վելնես»-ի կառուցապատման իրավունքը և գույքն ամբողջությամբ Երևանի սեփականություն գրանցելու համար: