Մատչելիության հղումներ

«Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է, դարձել «Երևան Վելնես»

Գործարար Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Վելնես» սպորտային համալիրը կապարակնքելուց շաբաթներ անց վերաբացվեց՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ ու այլ անվամբ, այսօր հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Սիրելի երևանցիներ, այսօրվանից արդեն վերաբացվել է նախկին «Մուլտի Վելնես» առողջարանային համալիրը», - ասաց Ավինյանը:

Համալիրը դադարել էր աշխատել հուլիսի սկզբից, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը ձերբակալվեց։ Նրան առաջադրված մեղադրանքները «Մուլտի Վելնես»-ի հետ որևէ կապ չունեն, բայց այստեղ նույնպես սկսվեցին ստուգումներ։ Ավարտին իրավապահները պնդեցին՝ հայտնաբերել են, որ տարիներ առաջ՝ 2023-2024 թվականներին ընկերությունը հարկային հաշվարկներում ցույց չի տվել շուրջ 2.6 միլիարդ դրամի շրջանառություն, պետական բյուջե չի վճարվել ավելի քան 832 միլիոն դրամ հարկ: Քաղաքապետարանը հայտարարեց, թե խզում է Ծառուկյանի հետ կնքած՝ հողի վարձակալության պայմանագիրը։ Հետո պարզվեց՝ ոչ միայն տարածքն են ետ վերցնում, այլև դրա վրա կառուցված գույքն է անցնում քաղաքապետարանի վերահսկողության տակ։ Այսօր արդեն «Երևան Վելնես Սենթըր» դարձած մարզահամալիրի մուտքը հսկում էր քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցը, որը «Ազատության» նկարահանող խմբին արգելեց ներս մտնել:

Համալիրի տարածքը Ծառուկյանը կառուցապատման իրավունքով վարձակալել էր մինչեւ 2065 թվականը: Երբ լրանար պայմանագրով նշված այս ժամկետը, գործարարը գույքը պետք է համայնքին հանձներ՝ պահպանելով դրա կառավարման իրավունքը, մանրամասնեց Ծառուկյանի փաստաբան Էմիլ Խաչատրյանը:

«Բայց չգիտես ինչու միակողմանի լուծվում է պայմանագիրը, որոշումները տրամադրվում են, որոշումների հետ մեր կողմը համաձայն չի բնականաբար, գտնում է, որ դրանք անօրինական որոշումներ են, և դրանց վերաբերյալ արդեն հայցադիմումներ կան՝ մուտքագրված դատարան», - ասաց Խաչատրյանը:

«Քաղաքական հետապնդման կոմպոնենտը էստեղ բացառելն անհնարին է», - նշեց փաստաբանը, - «Այստեղ շատ կարևոր խնդիր է, որ էս պրոցեսները էդքան էլ չեն նմանվում իրավական պրոցեսների»:

Ինչպե՞ս է աշխատելու վերաբացված համալիրը: Գույքը վերադարձնելո՞ւ են սեփականատիրոջը, թե՞ քաղաքապետարանը շարունակելու է տնօրինել Ծառուկյանի ներդրումներն ու գույքը. լրատվականից այս հարցին չպատասխանեցին, հորդորեցին բավարարվել իրենց տարածած հաղորդագրություններով, որտեղ այս մասին խոսք չկա:

Այն, ինչ անում է քաղաքապետարանը, օրենքի, իրավունքի հետ առնչություն չունի, «Ազատության» հետ զրույցում ասաց «Մուլտի Վելնես» ընկերության տնօրեն Արման Փիրոյանը:

«Ինչ ուզում անում են, ի՞նչ կա էստեղ, ոչ մի բան չկա օրինական», - հայտարարեց նա՝ ընդգծելով, որ իր ղեկավարած ընկերությունն էլ չի չի կարողանում բիզնեսը շարունակել, քանի որ, ասաց, ընկերության միլիարդների գույքն ու ներդրումը քաղաքապետարանը չի վերադարձրել. - «Իմ ՍՊԸ-ի վրա է գրանցված, դեռևս ոչ մեկ ինձ փաստաթղթային գույքի վերաբերյալ ոչ մի որոշում չի տվել: Մարդիկ իմ գույքը արդեն օգտագործում են, իմ իրերը օգտագործում են ամեն ինչ՝ բոլոր, չգիտեմ, ՀԴՄ սարքերից բռնացրած»:

Ծառուկյանի դեմ սկսված քրեական հետապնդումից առաջ, անցած տարիներին ոչ նախկին, ոչ էլ գործող իշխանությունները «Մուլտի Վելնես»-ի հետ որևէ խնդիր չեն ունեցել։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն անգամ համալիրի հաճախորդներից էր դարձել, մեկ տարվա աբոնեմենտը՝ 600 հազար դրամ արժողությամբ, նրան նվիրել է Ծառուկյանը, պնդում է համալիրի տնօրենը։

«Այո, ես անձամբ եմ Տիգրան Ավինյանին փաթեթ նվիրել», - նշեց Արման Փիրոյանը, - «Պարոն Ծառուկյանի կողմից նվիրված փաթեթ ուներ ինքը: Դե իրա փաթեթը ուժի մեջ էր, հիմա էլ է ուժի մեջ իրա փաթեթը, էլի, նույն փաթեթն է»:

Երևանի քաղաքապետն ինչո՞ւ է համալիրի թանկարժեք նվերն ընդունել գործարարից ու մինչև ե՞րբ է մարզվել, քաղաքապետարանի լրատվականից դեռ չեն արձագանքել: Հստակ է, որ քաղաքապետ Ավինյանի նման՝ «Մուլտի Վելնես»-ի գործող աբոնեմենտ ունեցողները, ըստ քաղաքապետարանի, կարող են շարունակել մարզումները նույն համալիրում։ Սպորտային համալիրի տնօրենը, ըստ News.am-ի տեղեկությունների, նշանակվել է նույն կենտրոնի մարզիչ Նշան Մալխասյանը, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ակտիվ մասնակցում էր «Քաղաքացիական պայմանագրի» հանդիպումներին։ Նրան այսօր համալիրի տարածքում հանդիպեցինք, բայց «Ազատության» հարցերին չպատասխանեց:

Օրվա վերջին Գլխավոր դատախազությունը հայտնեց՝ պետության կառավարմանն է անցել Ծառուկյանի ընտանիքին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու- օղու կոմբինատը՝ ապօրինի գույքի բռնագանձման վարույթի շրջանակում:

Երեկ էլ հայտնի դարձավ Ծառուկյանին պատկանող, պետության կառավարմանն անցած մեկ այլ ընկերությունում՝ «Արարատցեմենտ»-ում նշանակված տնօրենի անունը՝ Կառավարության նախկին անդամ Դավիթ Գևորգյանն է՝ ՔՊ-ական, տարածքային կառավարման փոխնախարարն է եղել, Արագածոտնի մարզպետը:

Ըստ Գլխավոր դատախազության՝ «Արարատցեմենտ»-ն էլ պետության կառավարմանն է անցել ապօրինի գույքի բռնագանձման վարույթի շրջանակում:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG