Մատչելիության հղումներ

«Ես պրոբլեմ եմ տեսնում, որ Ծառուկյանն այս ողջ ընթացքում եղել է ազատության մեջ». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ խնդիր է տեսնում, որ ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը «այս ողջ ընթացքում եղել է ազատության մեջ»:

«Իսկ ո՞վ է ասել ընդհանրապես, որ Գագիկ Ծառուկյանը էս ողջ ընթացքում պետք է լիներ ազատության մեջ, ես պրոբլեմ եմ տեսնում նրանում, որ էս ողջ ընթացքում եղել է ազատության մեջ: Ինչի՞ է եղել ազատության մեջ: Այսինքն Գագիկ Ծառուկյանը կամ էլի մարդիկ... ես պրոբլեմ եմ տեսնում, որ իրենք 8 տարի եղել են ազատության մեջ: Էդ իրենց ազատության մեջ մնալու պատասխանատվությունը ժողովուրդը դնում է ինձ վրա», - այսօր հայտարարեց վարչապետը, անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ Փաշինյանը մի կողմից խոսում է դատաիրավական ոլորտի կոռումպացվածության մասին, սակայն իր իսկ հայտարարություններից հետո ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվում ու կալանավորվում:

Փաշինյանը պնդեց, թե դատաիրավական համակարգը շատ հաճախ «այսպես ասած վերնախավերի հետաքրքրությունների արտահայտիչն է» դարձել և որ դրա պատճառը սահմանադրական կարգավորումներն են:

Վարչապետը խոստացավ՝ առաջիկայում այս թեմային ավելի մանրամասն կանդրադառնա:

Իրավապահները ԲՀԿ առաջնորդին մեղադրում են իրանցի գործարարներից մոտ 22 միլիոն դոլարի գույք և դրամական միջոցներ հափշտակելու և փողերի լվացման համար: Փաստաբաններն անհիմն են որակում մեղադրանքը:

Կալանավորված Գագիկ Ծառուկյանը իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց այս խորհրդարանական ընտրություններից հետո:

70-ամյա Ծառուկյանի առաջնորդած ԲՀԿ-ն մի քանի տասնյակ ձայնով դուրս մնաց խորհրդարանից, երբ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց երկու տեղամասերում քվեարկության արդյունքները: Արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» որոշիչ մեծամասնության հասավ խորհրդարանում:


XS
SM
MD
LG