Մատչելիության հղումներ

«Իրավական այլասերություն». իրավապաշտպանները քննադատում են Քննչական կոմիտեին

Արգամ Աբրահամյան, արխիվ
Արգամ Աբրահամյան, արխիվ

Օրերս ձերբակալված, ապա երկու ամսով կալանավորված Արգամ Աբրահամյանը մեղքը չի ընդունում: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին, ով նաև Գագիկ Ծառուկյանի փեսան է, մեղադրվում է սպանություն պատվիրելու համար:

«Նշել է, որ ակնհայտ աբսուրդ մեղադրանք է, և որևէ ինքը հանցագործություն չի կատարել», - «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Երեմ Սարգսյանը:

Քննչականը շաբաթ առավոտյան հրապարակեց մոտ մեկ րոպեանոց մի տեսանյութ, որում դիմակավորված ԱԱԾ-ականները ներխուժում են նախկին պատգամավորի առանձնատուն, նրան տապալում գետնին, ձերբակալում: Հետո Քննչականը մի հաղորդագրություն հրապարակեց՝ հասնելով մինչև կալանավորված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի դստերը, որն Արգամ Աբրահամյանի կինն է: Փաստաբան Երեմ Սարգսյանը հարցնում է՝ ո՞րն է այս հրապարակման հանրային շահը:

«Էդ տվալները, երբ որ օրենքը թույլ է տալիս, որ իրավապահ մարմինները ստանան, թույլ է տալիս, որ քննությա՛ն համար ստանան: Քննության տեսանկյունից իրենք ամեն ինչ կարող են ստանալ, կարող են ամենանեղ անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ ստանալ, բայց երբևէ օրենքը թույլ չի տալիս դա հրապարակել, որովհետև դա ոչ մի հանրային շահ իրենից չի ներկայացնում: Ոչ մի ողջամիտ պատճառաբանություն չունի, թե ինչի համար է պետք էդ տվյալների հրապարակումը», - նշեց Սարգսյանը:

Իրավապահները շատ ուղիղ էին գրել, թե Արգամ Աբրահամյանը սպանությունը պատվիրելով վրեժխնդիր է եղել կրոնական կազմակերպություններից մեկի հոգևոր հովվից՝ կասկածներ ունենալով նրա և իր կնոջ անձնական փոխհարաբերությունների առնչությամբ: Փաստաբանը պնդում է՝ սպանությունը պատվիրելու դրվագն ընդամենը վարկած է, բայց իրավապահներն այն հրապարակեցին ողջ մանրամասներով. - «Եվ էդ ընթացքում ԱԱԾ-ի աշխատակիցներից մեկը զենքը դնում է գլխին և էդ դիրքով պահում է՝ էն դեպքում, որ որևէ տեսակի շարժում չի կատարում, այսինքն՝ որևէ բան չի էլ կարող կատարել»:

Իրավապահները դեռ 2023 թվականին էին հաղորդել Երևանում տեղի ունեցած հրազենով սպանության մասին, կալանավորել էին Աբրահամյանի անվտանգության աշխատակից Գեղամ Հակոբյանին, գործը 2024-ին ուղարկել դատարան, որն էլ այժմ քննում է այն: Դատալեքսում հրապարակված գործում, սակայն, Արգամ Աբրահամյանի անունը չկա:

«Կոնկրետ Գեղամ Հակոբյանի մասով՝ առանձին որպես իր կողմից կատարված սպանություն, առանց որևէ մեկի պատվերի, և այլն, և այլն, էնտեղ որոշակի այլ դրդապատճառներ կան, որին ես չեմ կարող հիմա անդրադառնալ, էդ հիմքով ուղարկել են դատարան», - ասաց Երեմ Սարգսյանը:

Փաստաբանի խոսքով՝ քննիչները դեռ 2023-ին են քննել կրտսեր Աբրահամյանի մասնակցությունը կրոնական կազմակերպության անդամի սպանության մեջ, ու նրա մեղքն այդպես էլ չի հաստատվել: Երեք տարի անց ի՞նչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որ հանգեցրեցին Արգամ Աբրահամյանի դեմ մեղադրանքին, Սարգսյանին չեն հայտնել:

Սպանության համար մեղադրյալ Գեղամ Հակոբյանի փաստաբան Սմբատ Մինասյանն էլ «Ազատությանը» փոխանցեց՝ իր պաշտպանյալն էլ մեղադրանքը չի ընդունում:

«Էդ գործը գիտե՞ք ինչի մասին է՝ վարկածների մասին է: Ցավալին էն է, որ էդ մարդը մահացել է, բայց իրականությունը էն է, որ մեր պաշտպանյալը առհասարակ կապ չունի սրա հետ: Ո՛չ վկա կա, ո՛չ տեսանյութ կա, ոչ մի բան չկա, երեք տարի համարյա քննություն է գնում, ոչ մի ապացույց գոյություն չունի», - ասաց Մինասյանը:

Ինչո՞ւ իրավապահներն Արգամ Աբրահամյանի մասին հիշեցին սպանությունից երեք տարի անց՝ տնտեսական հանցագործությունների մեղադրանքով աներոջ կալանավորումից հետո, Քննչականը չի մանրամասնում: «Ազատություն»-ը գրավոր հարցում է ուղարկել:

«Արդարադատություն կոչվածը վերածվել է հաշվեհարդարի»

«Ճգնաժամում են հայտնվել մեր իրավապահ մարմինները, ի նկատի ունեմ նաև վերահսկող Դատախազությունը, որ կարող են այդպիսի մի հայտարարություն տարածել՝ մարդկանց ընտանիքին, աղջկան նսեմացնելու, վարկաբեկելու... Գիտե՞ք սա իրավական, ես կանվանեի իրավական այլասերություն», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ նախաքննական գաղտնիքը նեղ անձնական մանրամասներով հրապարակելն ուղղված է հենց կալանավորված Գագիկ Ծառուկյանին, ով վարչապետի թիրախում հայտնվեց ընտրությունների շրջանում:

«Հորը փակել եք, ունեցվածքը խլում եք, լավ, էդ ի՞նչ եք ուզում էս մարդու ընտանիքից», - ասաց Ալեքսանյանը:

Իրավապաշտպանը, որ վերջին տարիներին հաճախ է քննադատում իրավապահներին խտրական մոտեցման համար, այս հաղորդագրությունը համարում է բարոյական նորմերից դուրս:

«Եվ սա գիտե՞ք հանրության վրա՞ ինչ ազդեցություն է թողել: Ինչպե՞ս կարող ենք մենք ապրել էս անբարո մթնոլորտում», - նշեց Ժաննա Ալեքսանյանը:

Մեկ ամիս էլ չի անցել, ինչ հանրությանը ցուցադրեցին գոնե տեսանյութերում իրավապահներին չընդդիմացող Գագիկ Ծառուկյանին գետնին տապալելու ու ձերբակալելու կադրերը, հիմա էլ՝ փեսան, ասում է իրավապաշտպանը:

«Նիկոլ Փաշինյանը ուզում է, որ հանրությունը շարունակ զգա բռնությունը իր գլխին, էն որ ասում է՝ «կբոմժացնեմ, կկզացնեմ», մի խոսքով, էդ իրականություն է դարձնում իրոք: Ապօրինություն, ամբողջ ընթացքում դու չես տեսնում մի հատ օրինական աշխատանք. մարդը հայտարարում է՝ հաջորդ օրը իրավապահ մարմինները լծվում են գործի», - ընդգծեց Ալեքսանյանը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ ուշադրություն է դարձնում Քննչականի տարածած կադրերին: Ինչո՞ւ են տապալում չզինված, իր տանը հանգիստ նստած մարդուն, հարցնում է:

«Եթե մինչև 2018 թվականը մենք խոսում էինք այն մասին, որ չկա արդարադատություն, որ արդարադատությունը ենթակա է իշխանական թելադրանքներին, նույն բանը կա նաև այսօր, շարունակվում է այսօր, բայց մեկ նրբերանգ է ավելացել՝ արդարադատություն կոչվածը վերածվել է հաշվեհարդարի, ինչը նախկինում նույնպես գուցե կար, բայց դա ցուցադրական չէր», - «Ազատության» հետ զրույցում շեշտեց Հարությունյանը:

Կանանց իրավունքների պաշտպան Զարուհի Հովհաննիսյանը դեղին մամուլի հետ է համեմատում Քննչականին, որի հաղորդագրությունը թիրախավորել է կնոջը, վերջին շրջանում խոցելի դարձած նրա ընտանիքը:

«Մեկ փոքր պարբերության մեջ մենք և՛ տեսնում ենք անմեղության կանխավարկածի խախտում, և՛ անձնական, ընտանեկան կյանքի գաղտնիության խախտում, և՛ տեսնում ենք կրոնական և համոզմունքի ազատության հետ կապված որոշակի թիրախավորումներ, որը հսկայական տարածք է բացում տարբեր տիպի բամբասանքների համար», - ասաց Հովհաննիսյանը:

Մինչ իրավապաշտպաններն ու փաստաբանական թիմը խոսում են անմեղության կանխավարկածի, անձնական կյանքի գաղտնիության խախտումների և քաղաքական դրդապատճառների մասին, Քննչական կոմիտեն դեռևս չի պարզաբանում, թե որն էր ընտանեկան կյանքի մանրամասներով հաղորդագրության հանրային շահն այն դեպքում, երբ այլ գործերով հրաժարվում են անգամ մեղադրանքը մանրամասնել:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG