Մատչելիության հղումներ

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի առանձնատան հողատարածքի գործարքները

Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան, որով պահանջել է ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին և Ջավահիր Ծառուկյանին պատկանող՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող առանձնատան հողատարածքի առուվաճառքի պայմանագրերն և աճուրդը անվավեր ճանաչել՝ կիրառելով անվավերության հետևանքներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ նախընտրական շրջանում էր խոստացել՝ «մինչև 2031 թիվը Գագիկ Ծառուկյանի սարի գլխին սարքած տունը պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա»:

Դատախազության ներկայացրած մյուս հայցով պահանջվում է անվավեր ճանաչել «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ին պատկանող՝ Առինջ մոլի տարածքում գտնվող 3,5 հա հողամասի աճուրդը։ Գլխավոր դատախազությունը պահանջվել է նաև անվավեր ճանաչել Գագիկ Ծառուկյանի և «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ի միջև 2025 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված պայմանագիրը։

Դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը: Գագիկ Ծառուկյանին և Ջավահիր Ծառուկյանին արգելվել է որևէ գործողություն կատարել վերոնշյալ հասցեներում գտնվող՝ 12,566 հա և 1,61 հա մակերեսով անշարժ գույքերի նկատմամբ։

Իրավապահները ԲՀԿ առաջնորդին մեղադրում են իրանցի գործարարներից մոտ 22 միլիոն դոլարի գույք և դրամական միջոցներ հափշտակելու և փողերի լվացման համար: Փաստաբաններն անհիմն են որակում մեղադրանքը:

Կալանավորված Գագիկ Ծառուկյանը իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց այս խորհրդարանական ընտրություններից հետո:

70-ամյա Ծառուկյանի առաջնորդած ԲՀԿ-ն մի քանի տասնյակ ձայնով դուրս մնաց խորհրդարանից, երբ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց երկու տեղամասերում քվեարկության արդյունքները: Արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» որոշիչ մեծամասնության հասավ խորհրդարանում:


XS
SM
MD
LG