Մատչելիության հղումներ

Ծառուկյանին նոր՝ 3-րդ մեղադրանքն է առաջադրվել

Արխիվ
Արխիվ

Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործերի աշխարհագրությունն ու ոլորտն ընդլայնվում է: Նրան նոր՝ երրորդ մեղադրանքն է առաջադրվել։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի հետ մեղադրվում է 2.5 միլիոն դոլարի գույքի շորթման ու խոշոր չափի փողերի լվացման դեպքով: Ըստ Քննչականի՝ այս անգամ նրանք լիբանանահայ գործարարի հետ են գործ բռնել:

Իրավապահների հաղորդագրությունում նշվում է.- «Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Գ․Ծ․-ն 2008 թվականի ընթացքում ծանոթացել է լիբանանահայ գործարար Գ․Թ․-ի հետ և առաջարկել համատեղ իրականացնել ոսկյա զարդերի վաճառքի գործունեություն: Նշված գործունեությունը ծավալելու նպատակով ընկերությունը 2009 թվականին պետական գրանցում է ստացել, որտեղ 50-ական տոկոս բաժնեմասերով բաժնետերեր են գրանցվել Գ․Ծ․-ն և Գ․Թ․-ն, իսկ ընկերության գլխավոր տնօրեն է ընտրվել Ս․Ա․-ն»։

«Ազատության» տեղեկությունով՝ խոսքը լիբանանահայ գործարար Գևորգ Թորամանյանի մասին է: Ըստ Քննչականի՝ ոսկու վաճառքից բացի նրա հետ նաև խմելու ջրի գործարանի նախագիծ է սկսել Ծառուկյանը՝ վերջինս պիտի շենքը կառուցեր Ակունք գյուղում, իսկ Թորամանյանը դրսից հոսքագծեր բերեր: «Մուլտի Ակվամարին» ընկերությունը 50-50 պիտի երկու կողմինը լիներ, բայց, ըստ իրավապահների, Ծառուկյանի թիմը սպառնալիքով ստացել է Թորամանյանի 50 տոկոսը։

«Առինջ գյուղում գտնվող առանձնատան այգում Գ․Թ․-ի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել են ստորագրել փաստաթղթեր, ինչի ազդեցության ներքո Գ․Թ․-ն նույն օրը նոտարի մոտ ստորագրել է պարտավորագիր և տվել լիազորագիր»,- ասված է իրավապահների տարածած հաղորդագրությունում։

Հետո էլ, դարձյալ, ըստ Քննչականի, որպեսզի թաքցնեն ոսկյա զարդերի ու ընկերության 50 տոկոս բաժնեմասի հանցավոր ծագումը, դրա գործունեությունը կապել են իրենց հետ փոխկապակցված ընկերությունների օրինական եկամուտների հետ:

«Իրականության հետ աղերս չունեցող մեղադրանք». Ծառուկյանի փաստաբան

Ծառուկյանի փաստաբաններից Էմին Խաչատրյանը պնդում է՝ ինչպես մյուս՝ իրանցիների գործով, այս մեկով էլ Ծառուկյանը ոչ թե պիտի մեղադրյալ, այլ տուժող լիներ, փաստաբանի խոսքով.- «Բացարձակ սուտ, իրականության հետ որևէ աղերս չունեցող մեղադրանք է»։ Փաստաբանը հարցնում է՝ ինչպե՞ս է լիբանանահայ Թորամանյանը լռել ավելի քան 12 տարի ու արթնացել ճիշտ այն ժամանակ, երբ իրավապահները գետնին պառկեցրին Ծառուկյանին.

«Եկել է Հայաստան, գնացել է, երբևէ որևէ պահանջ, ըստ էության, չի ներկայացրել, դեռ ավելին ասեմ՝ իրա գործողություններում բազմաթիվ դրվագներ կան խարդախության, որը փաստաթղթերով է հիմնավորվում, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, բայց ժամանակներն այնպիսին են, որ այդ փաստաթղթերը որևէ ազդեցություն ու տպավորություն չեն թողնում վարույթն իրականացնող մարմնի վրա»,- ասում է Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

Խաչատրյանի խոսքով՝ բազմաթիվ փաստարկներ ունեն Ծառուկյանի անմեղությունն ապացուցող, բայց Քննչականը դրանց ուշադրություն չի դարձնում: Փաստաբանը նկատում է.- «Չակերտավոր տուժողի մերկապարանոց, չփաստարկված, որևէ փաստաթղթով չհիմնավորվող հայտարարությունները միանգամից ընդունելի են դառնում Քննչական մարմնի համար»։

«Մուլտի Գրուպ»-ի ղեկավար Սեդրակ Առուստամյանի փաստաբանն էլ է պնդում մեղադրանքը սուտ է և իր պաշտպանյալն այն չի ընդունում. «Միանշանակ չի ընդունում։ Փաստաթղթերով հիմնավորված են, որ դիմացի կողմը բացարձակ կեղծիք ու սուտի մասին է խոսում»,- ասում է փաստաբան Դավիթ Մանթաշյանը։ Դիտարկմանը, թե իրավապահների տարածած հաղորդագրությունում նշված է, որ «փաստաթղթերը բռնությամբ են ստորագրվել», Մանթաշյանն ասաց.- «Դա էլ է ստուտ, ամբողջությամբ սուտ է»։

Ծառուկյանի փաստաբանը մեղադրանքից առանձնացնում է սպառնալիքով փաստաթղթեր ստորագրելու դրվագը։ Իսկ նոտա՞րը, հարցնում է, կին է եղել, նա հաստատե՞լ է բռնության փաստը, գոնե նկատե՞լ է, որ ընկճված է Թորամանյանը այդ սպառնալիքների հետևանքնով...Ծառուկյանի ու նրա թիմակցի նկատմամբ քրեական այս նոր վարույթով խափանման միջոցներ չկան , որովհետև Ծառուկյանն ու Առուստամյանն արդեն իսկ կալանավորված են:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG