Մատչելիության հղումներ

«Հանուն ունեցվածքի չեմ կարող հայրենիքս դավաճանել». կփակի՞ Ծառուկյանը քաղաքականության էջը

Եթե Նիկոլ Փաշինյանն ընտրություններում հաղթի, Գագիկ Ծառուկյանը կշարունակի՞ պայքարել նրա դեմ, թե՞ կոմպրոմիսի կգնա, կփրկի իր գործարանն ու տունը, որ Փաշինյանը սպառնում է վերցնել: Ընտրություններին մասնակցող գործարարը պնդում է՝ կոմպրոմիս չի լինի, իր հեղինակությունն ու հայրենիքն ավելի կարևոր են:

«Ծառուկյանը նմա՞ն է, որ հանուն ունեցվածքի ազգովի խայտառակվի, որ ուր մտնեմ, ասեմ՝ «դավաճան, իր ունեցվածքի համար սաղ ժողովրդին վարի տվեց», - ասաց Ծառուկյանը:

Վարչապետը նախընտրական պայքարը շարունակում է հիմնական ընդդիմադիր մրցակիցներին սպառնալով ունեզրկել:

«Քանի Հայաստան պետությունը կա, Գագիկ Ծառուկյանենց տները սկսելու ենք վերադարձնել ժողովրդին: Ես ասում եմ՝ մինչև 2031 թիվը Գագիկ Ծառուկյանի սարի գլխին սարքած տունը պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա: Առաջիկայում «Արարատցեմենտ» գործարանը նույնպես՝ որպես Գուլոյան-Ծառուկյան կլանի կողմից ապօրինի յորացված գույք, կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը», - հայտարարել է վարչապետ Փաշինյանը:

Հնարավո՞ր է Ծառուկյանին վախեցնեն այս սպառնալիքները ու փակի քաղաքականության էջը, ինչպես 2015-ին, երբ Սերժ Սարգսյանի իշխանության թիրախում էր. «Ո՞նց կարաս դու քո ունեցվածքի համար... դու ընդմիշտ դառնալու ես ազգի թշնամին: Ծառուկյանն այդ գործարարներից չի: Ինձ տեղյակ են պահել, որ՝ սենց-սենց, նախապատրաստվում են, դեռ 2 ամիս առաջ թղթեր են հավաքում, ես ասել եմ՝ երբեք ես չեմ կարող իմ հայրենիքը դավաճանել հանուն ունեցվածքի»:

Ծառուկյանը նորից նշեց, թե այն ժամանակ քաղաքականության էջը փակեց, որ արյուն չթափվի, քանի որ իր հարյուրավոր թիմակիցներին ձերբակալել էին:

«Ես կարամ միայն իմ արյունը թափեմ, իմ ժողովրդի արյունը չեմ կարա: Ինչի՞ համար էն ժամանակ... մի օրվա մեջ 647 մարդ բռնեցին՝ իմ թիմակից, ժողովուրդն իմ հետ դուրս էր գալու, պետք է ասեին՝ Ծառուկյանն իր ունեցվածքը փրկելու համար ժողովրդին հանեց արյունահեղության, որ իր ունեցվածքը չստուգեն», - նշեց ԲՀԿ առաջնորդը:

Իսկ ի՞նչ պլաններ ունի հիմա: Հետընտրական պայքար սկսելո՞ւ է: Փողոց դուրս կգա՞ Փաշինյանի մրցակիցը. «Եթե դրա անհրաժեշտությունը կա, կա խարդախություն, հարամություն, անպայման: Բայց արյուն թափել՝ բացառված է, ես դա թույլ չեմ տա: Եթե ժողովուրդն իր ձայնը տա, ի՞նչ պետք է անենք, ընտրությունը ժողովրդինն է, ոնց կորոշի ժողովուրդը, ինքն է ընտրում իր ապագան էլ, իր երեխայի ապագան էլ, վաղվա օրն էլ: Ասել եմ՝ բոլորիդ շնորհակալ եմ՝ ձայն տաք, շնորհակալ եմ, չտաք, շնորհակալ եմ», - նշեց Գագիկ Ծառուկյանը:

Իսկ եթե Ծառուկյանին ընտրեն, օրինակ կարո՞ղ է Բաքվի բանտերից հայ գերիներին տուն բերել: Մեկ ամսից, խոստանում է Գագիկ Ծառուկյանը. «Ցանկացած հարց լուծում ունի, չլուծվող խնդիր աշխարհում չկա: Հարկավոր է զբաղվել, դիմել, այո, պետք է Լուկաշենկոյին էլ դիմել, Վլադիմիր Պուտինին էլ դիմել, Թրամփին էլ դիմել, Մակրոնին էլ դիմել, չկա խնդիր, որ լուծում չունենա: Մի ամիս չի կարող տևել, որ իրենք այնտեղ մնան, եթե հնարավորությունն իմ ձեռքում լինի, պետք է մոտեցում, բանակցություն»:

Եթե իր կապերով դա այդքան հեշտ է, դիմե՞լ է իշխանություններին, որ համատեղ ջանքերով հարցը լուծեն. «Իշխանությունները պետք է առաջարկեն, եթե պետք է այդ հարցով դիմեն, ես իմ տեղը նստած... պաշտոնը մի բան է, բայց պետական դիրքն այլ բան է»:

Թե ինչ կարող է անել Հայաստանի համար, Ծառուկյանն իր տուրիստական նախագծերով է երաշխավորում: Հիսուսի արձանի ծրագրով են հետաքրքրված, միլիարդներ կհոսեն, երբ Հատիսի գագաթին արձանը կանգնեցնեն: Արդեն հաշվարկել է գործարարն ու կարևոր գործերը թողած՝ անցել է Նոյյան տապանի կառուցմանը:

«Հիմա ուզում եմ Նոյյան տապանը բացեմ, պատվիրել եմ նավը՝ 134 մետր երկարությամբ, 24 լայնությամբ, 18 մետր բարձրությամբ, Նոյը, իր կինը, տղաները, հարսներն ու կենդանիները արդեն պատվիրած են», - հայտնեց նա:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG