Հայաստանի կառավարությունը մտադիր է վերանայել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների հավատարմագրային կառավարման համակարգը, «բայց այնպես, որ չխոչընդոտի ՀՀ միջազգային տրանսպորտային համակարգի ինտեգրման այն պատմական հնարավորության իրականացմանը, որը ստեղծվել է»։
Կառավարությունն այս մտադրության մասին նշել է իր ծրագրում, որ այսօր հավանության է արժանանալու կառավարության նիստում և ուղարկվելու է խորհրդարան։ Թե կոնկրետ ի՞նչ ճանապարհով է կատարվելու կառավարման համակարգի վերանայումը և ե՞րբ՝ գործադիրը չի հստակեցրել։
«Հայկական երկաթուղիները» 2008-ից հավատարմագրային կառավարման է հանձնվել «Ռուսական երկաթուղիներին», պայմանագրի ժամկետը պետք է ավարտվի 2038-ին։ Վերջին ամիսներին, սակայն, հատկապես՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ TRIPP-ի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների ֆոնին, վարչապետ Փաշինյանը հայտարարում է, թե հայկական երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, և Հայաստանը պետք է հնարավորություն ունենա այն օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում: «Այս հարցում, այլընտրանք չկա», - ասել էր Նիկոլ Փաշինյանը վերընտրությունից հետո։
Ռուսական կողմն իր հերթին հայտարարել է՝ եթե Հայաստանը դադարեցնի կոնցեսիոն պայմանագիրը, ապա պետք է վերադարձնի բոլոր այն ներդրումները, որոնք ռուսական ընկերությունն արել է 2008 թվակակնից մինչ այսօր:
Մինչ այդ պաշտոնական Երևանը դիմել էր Մոսկվային՝ Երասխի և Ախուրիկի հատվածներում երկաթուղային ենթակառուցվածները վերականգնելու հարցով։ Այժմ, սակայն, կառավարությունը այս հատվածների նորոգումը ներառել է սեփական ծրագրում։
Կառավարությունն այս փաստաթղթով պարտավորվել է նաև մինչև 2027-ի ավարտը կողմնորոշվել նոր ատոմակայանի կառուցման տեխնոլոգիայի հարցում։ Մինչ այդ՝ այս տարվա մարտին, վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, թե «Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ», բայց թե կոնկրետ որ երկրի հետ է մտադիր համագործակցություն կնքել՝ Երևանը դեռ չի հստակեցրել։
Մինչ այդ նշվում է, որ գործող ատոմակայանի ՝ ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կրկնակի կերկարաձգվի մինչև 2036 թվականը։
Մկրտիչ Կարապետյան