Մատչելիության հղումներ

Փաշինյանը երկաթուղու կառավարման նոր լուծումներ է թվարկում. Մոսկվայից դեռ չեն արձագանքում

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության զգուշացումից հետո Հայաստանի վարչապետը հայտարարում է՝ Երևանի համար ընդունելի չէ կոնցեսիոն պայմանագրի խզումը։

Մոսկվան հասկացրել էր՝ պայմանագիրը դադարեցնելու դեպքում Հայաստանը պետք է վերադարձնի 2008-ից ի վեր արված բոլոր ներդրումները։ Նիկոլ Փաշինյանն այժմ նախապատվությունը տալիս է հարցը բարեկամական մթնոլորտում լուծելուն, մինչդեռ ընդամենը երկու շաբաթ առաջ ակնարկում էր ինչ-որ որոշումների մասին և պատրաստակամություն հայտնում հասնել մինչև արբիտրաժային դատարան:

«Բարեկամականը՝ որ Ռուսաստանի մեր գործընկերները կոնցեսիոն իրավունքը վաճառեն երրորդ կողմին շուկայական նորմալ գնով։ Ընդ որում, նաև փորձագետներ կան՝ արդեն գնագոյացում, գներ են ասում, որ օբյեկտիվորեն ինչ կարող է արժենալ դա, որը բավականին ծանրակշիռ գումար է, հաշվի առնելով նաև այս ընթացիկ իրավիճակները։ Հիմա մենք նայում ենք, լավ, այդ տարբերակը, այդ տարբերակը զգում ենք, որ գուցե Ռուսաստանը գործընկերներին այդքան էլ հարմարավետ չի», - ասաց Փաշինյանը։

Երկաթուղու կառավարման կոնցեսիան այլ երկրի փոխանցելու մասին վարչապետ Փաշինյանն առաջին անգամ խոսել էր մոտ կես տարի առաջ։ Մոսկվայից կտրուկ մերժել էին այդ առաջարկը՝ այն համարելով անընդունելի։ Արդեն երկու շաբաթ առաջ ռուսական կողմը զգուշացրեց․ պայմանագրի խզման կամ կառավարումն այլ երկրի փոխանցելու դեպքում կպահանջեն 18 տարում արված ներդրումները՝ շուրջ 400 միլիոն դոլար։

Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանը երկաթուղու կառավարման նոր լուծումներ է թվարկում, որոնք, ըստ նրա, կարող են շահեկան լինել բոլոր կողմերի համար. «Հետո նայում ենք, ասում ենք՝ իսկ կա՞ տարբերակ, որ իրենց խնդիրն էլ մասամբ լուծի, մեր խնդիրն էլ մասամբ լուծի: Որ լինի մի մոդել, օրինակ, ինչ-որ մի մասնաբաժին պահպանվի, մի մասնաբաժին օտարվի, բայց այնպես որ փոքրամասնության մասնաբաժինը մնա, որովհետև հակառակ դեպքում խնդիրը չի լուծվի: Մի ուրիշ գաղափար է գալիս, որ լիցենզիան գուցե բաժանվի երկու մասի, հիմա երկաթուղին և ենթակառուցվածքը, և ենթակառուցվածքի օգտագործումը փաթեթ ա»:

Մոսկվայից վարչապետի այս նոր գաղափարին դեռ չեն արձագանքել:

Նիկոլ Փաշինյանը, որ կես տարի առաջ պնդում էր, թե ռուսական կառավարման բերումով հայկական երկաթուղին կորցնում է մրցակցային առավելությունները, այսօր ասաց՝ հայկական կողմը չէ, որ խնդիր ունի ռուսական կառավարման հետ, խնդիր ունեն հնարավոր ներդրողները:

«Մենք և ես էլ ոչ մի խնդիր չունեմ Հայաստանի երկաթուղին ռուսական ընկերության կառավարման ներքո գտնվելու հետո, հակառակը՝ հարգանքով և ըմբռնումով եմ վերաբերում Ռուսաստանի շահերին», - ասաց նա:

Խնդիրն, ըստ Նիկոլ Փաշինյանի, այն է, որ ռուսական կառավարումը խոչընդոտում է, որպեսզի հայկական երկաթուղին ինտեգրվի միջազգային ցանցին. «Նրանք, ովքեր հիմնական կիրառողներն են և օգտվողներն են միջազգային լոգիստիկ ծառայություններից, իրենք մեզ ասում են և ոչ միայն ասում են, մենք էլ տեսնում ենք, որ իրենք ներդրումային հետաքրքրություն այդ հատվածում չեն ցուցաբերում»:

Ղրղըզստանում անցած շաբաթ ԵԱՏՄ նիստին մասնակցած Հայաստանի վարչապետն այսօր խոստովանեց՝ իրեն չի հաջողվում հասնել հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների չեղարկմանը, որովհետև, ինչպես բացատրեց, Ռուսաստանի ակնկալիքներն իրատեսական չեն:

«Ակնկալիք կա ունենալ էքսկլյուզիվ հարաբերություններ, մենք արդեն ասել ենք, որի հետ համաձայն չենք: Մնացածն արդեն ապրանքների ներմուծման ու արտահանման հետ կապված խնդիրն է, որին պատրաստվելը մենք չենք կապում այս իրավիճակի հետ», - ընդգծեց վարչապետը:

Իսկ այն, որ ԵԱՏՄ նիստին անդամ երկրների վարչապետներն անարձագանք էին թողել իր ելույթը, Փաշինյանի մեկնաբանությամբ՝ համաձայնության նշան էր, կիսում են իր մոտեցումները:




Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG