Մատչելիության հղումներ

Ալիևն էլեկտրաէներգիա է առաջարկում Հայաստանին`իբրև այլընտրանք ՀԱԷԿ-ին

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Իլհամ Ալիևը կարծում է՝ ադրբեջանական հոսանք գնելով Հայաստանը կարող է դիմակայել էներգետիկ ենթադրյալ ճգնաժամին:

Երկար պատմելով այն մասին, որ իրենց էներգետիկ նախագծերը կգերազանցեն Նախիջևանի կարիքները՝ Ադրբեջանի նախագահն իր մեկ ժամանոց հարցազրույցում երեկ խոսեց նաև մեծ ծավալներով էլեկտրաէներգիայի արտահանման ծրագրերից՝ Հայաստանի տարածքով ու նաև՝ Հայաստան:

Հայ-ամերիկյան պայմանավորվածությունների համաձայն՝ TRIPP-ը ոչ միայն մարդկանց ու ապրանքների, այլև ենթակառուցվածքների տարանցման ծրագիր է:

Ալիևը հայտարարում է՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան էլեկտրահաղորդման նախագիծը պատրաստ է, իրագործման համար առավելագույնը վեց ամիս կպահանջվի: Հույս ունի՝ Երևանը չի ձգձգի:

«Մեր մասնագետների կողմից Հայաստանի տարածքում անցկացված վերլուծության արդյունքում նույնիսկ որոշվել են այն վայրերը, որտեղ պետք է տեղադրվեն էլեկտրասյուները: Հուսով եմ, որ հայկական կողմը նույնպես չի ձգձգի այս հարցը: Առաջին հերթին իրենք կարող են դրա կարիքն ունենալ, քանի որ այսօր նրանց էներգիայի հիմնական աղբյուրն ատոմակայանն է, որի կառավարումը նրանց ձեռքում չէ: Բացի այս, կայանը հնացած է և վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար: Կայանի շահագործման ժամկետի երկարաձգումը չի կարող անվերջ գործընթաց լինել՝ վաղ թե ուշ այն պետք է փակվի։ Բնականաբար, եթե այն փակվի, Հայաստանը կընկղմվի էներգետիկ լիակատար ճգնաժամի մեջ։ Հետևաբար՝ էներգիայի լրացուցիչ աղբյուրը միայն օգուտ կարող է բերել», - հայտարարել է եվրոպական շուկա նաև էլեկտրաէներիգայի վաճառքով մուտք գործել ցանկացող Ադրբեջանի նախագահը:

Խանդանյանը չի բացառում, որ Հայաստանը Ադրբեջանից հոսանք գնի

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Սարգիս Խանդանյան, արխիվ
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Սարգիս Խանդանյան, արխիվ

«Միանշանակ և աներկբա՝ Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար». - վարչապետ Փաշինյանը տարեսկզբին էր խոսել երկու երկրների էներգետիկ համակարգերի միացման մասին, բայց գործնական քայլերի վերաբերյալ դրանից հետո չի հաղորդվել: Այդ թվում՝ որ ադրբեջանցի մասնագետները Հայաստան են եկել՝ ուսումնասիրության:

Վարչապետի մամուլի խոսնակը բանավոր չպատասխանեց, «Ազատություն»-ը գրավոր հարցմամբ հետաքրքրվել է՝ ե՞րբ են եկել, TRIPP-ի շրջանակներում ե՞րբ է նախատեսվում սկսել, մասնավորապես, էլեկտրահաղորդման գծերի շինարարությունը, ու արդյո՞ք Հայաստանը նախատեսում է Ադրբեջանից նաև էլեկտրաէներգիա գնել, թե՞ կդառնա միայն տարանցման երկիր: Պաշտոնական հարցմանը պատասխան դեռ չկա:

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնին հավակնող՝ «Քաղաքացիական պայմանագրից» Սարգիս Խանդանյանը չբացառեց, որ Հայաստանը Ադրբեջանից հոսանք գնի: Պնդեց՝ ադրբեջանցի մասնագետների այցի մանրամասներից տեղյակ չէ:

«Մասնագետներ արդյոք Հայաստանում եղել են և անցկացրել են՝ դրա մասին Կառավարության գործընկերները ավելի մանրամասն տեղեկատվություն կտան», - «Ազատությանը» ասաց Խանդանյանը:

«Ադրբեջանից էլեկտրաէներգիա ստանալու մասին դեպի Հայաստան խոսակցություն այս պահին չկա, բայց նաև դա բացառված չէ, այսինքն՝ դա, հաշվի առնելով, որ էլեկտրահաղորդման գծերը միանալու են միմյանց, և հնարավոր է՝ էլեկտրաէներգիայի փոխանակման նաև որոշակի նախագծեր լինեն: Այնուամենայնիվ, սա TRIPP-ին է վերաբերում, իսկ ինչպես գիտեք՝ TRIPP-ի մի մասն էլ Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանին տարբեր ենթակառուցվածքների միջոցով կապելու մասին է», - նշեց ՔՊ-ական պատգամավորը:

Հարցին՝ տարանցման վճար կլինի՞, Խանդանյանն արձագանքեց. - «Դրա համար կա միջազգային պրակտիկա և նաև կարող են լինել փոխհամաձայնություններ ենթակառուցվածքային տարբեր նախագծերի վերաբերյալ, ուստի էս պահին, կարծում եմ, դեռ մի քիչ վաղ է էդ մասին խոսելը»:

«Ուժեղ Հայաստան»-ը տեղյակ է եղել ադրբեջանցիների այցի մասին

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյան, արխիվ
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյան, արխիվ

ԱԺ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ասաց՝ իրենց ուժը տեղյակ է եղել ադրբեջանցիների այցից, թերևս նախկին կապերով՝ հենց նրանց ընտանիքին է պատկանում պետականացվող ՀԷՑ-ը:

«Ցավոք, տեղյակ ենք եղել ոչ թե պետական ինստիտուտների կողմից տեղեկացվելու արդյունքում, այլ մեր ունեցած կապերով մենք տեղեկացել ենք, որ հարևան երկրից Հայաստան են եկել մասնագետներ և այցելություններ են կատարում Մեղրիի տարածաշրջանի տարբեր հատվածներում՝ էս երկու ամսվա վերջ», - լրագրողներին ասաց Կարապետյանը:

Եթե ինքնիշխանության հետ խնդիր չկա, տարանցման վճարն էլ արդարացի է, «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը էլեկտրահաղորդման գծերի տարանցման հարցը քննարկման արժանի է համարում:

Իսկ եթե Հայաստանի իշխանությունը որոշի Ադրբեջանից հոսանք գնել. - «Կարծում եմ՝ հարևան երկրները անհանգստանալու բան չունեն, մեր երկիրը հաստատ ունի հնարավորություն նոր ատոմակայան կառուցելու», - նշեց Նարեկ Կարապետյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան, արխիվ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան, արխիվ

Ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանի կարծիքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի համար այլընտրանք չեն կարող լինել: Դաշնակցական պատգամավորը երկու երկրների միջև վերջին ամիսների առևտրային ակտիվությունը հայաստանյան հասարակությանը բթացնելու, նոր զիջումներ կորզելու ծրագիր է համարում:

«Այդ մատակարարումները եթե դիտարկում ենք իբրև այլընտրանքային աղբյուրներ, այո, հիմա մեզ կկտրեն մեր հիմնական մատակարարներից, կմնանք իրենց հույսին, հետո էդ կռանթները կփակեն», - ասաց Սաղաթելյանը:

Հայկական կողմն ինչպես ադրբեջանական պատվիրակության այցի մասին պաշտոնապես չի տեղեկացրել, այնպես էլ Հայաստանով անցնող TRIPP-ով երկաթուղու շինարարության ստույգ ժամկետները չի հստակեցրել: Ալիևը, սակայն, ասել է՝ ԱՄՆ նախագահ հետ իր վերջին զրույցի ժամանակ պարզ դարձավ, որ Հայաստանում երկաթուղու շինարարությունը նախատեսվում է սկսել այս տարի, իսկ Ադրբեջանի տարածքում աշխատանքները գրեթե ավարտված են՝ երկաթուղին հաջորդ տարի կհասնի նաև Հայաստանի սահման:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Նախիջևանի երկաթուղու կառուցման աշխատանքները ևս ընթացքի մեջ են։ Նա նաև չի բացառել, որ այդ հատվածի վերականգնման համար ստեղծվի միջազգային կոնսորցիում՝ Եվրամիության մասնակցությամբ, բայց՝ ադրբեջանական վերահսկիչ բաժնեմասով:
Սյունիքով անցնող TRIPP-ում վերահսկիչ փաթեթը Միացյալ Նահանգներինն է:

Երևանում դեռ Միացյալ Նահանգներիի հետ պայմանավորվածությունների փաստաթղթային հարցերն են կարգավորվում. Սահմանադրական դատարանը սեպտեմբերի կեսին կքննի TRIPP համաձայնագրի սահմանադրականության հարցը, որից հետո Ազգային ժողովը այն դեռ պետք է վավերացնի:

Իսկ շինարարության մեկնարկի ժամկետներ ՔՊ-ից Սարգիս Խանդանյանը դժվարացավ նշել: «Մենք ակնկալում ենք տարեվերջին սկսել շինարարությունը, բայց նաև դա կախված է տարբեր ուսումնասիրություններից և այլն: Այնուամենայնիվ, մենք շահագրգռված ենք հնարավորինս շուտ սկսել շինարարությունը, որովհետև մեր համար դա առանցքային, ռազմավարական նշանակություն ունեցող պրոյեկտ է», - ասաց Խանդանյանը:

Հայ-ամերիկյան պայմանավորվածությունների շրջանակում Երևանը պարտավորվել է անխոչընդոտ անցում տրամադրել ադրբեջանցիներին: Չնայած փաստաթղթով խոսվում է Հայաստանի փոխադարձ առավելությունների մասին, բայց Բաքուն մեկ տարի է չի շտապում հստակեցնել՝ հայաստանցիների անցման պայմաններն էլ նույնը կլինե՞ն:

«Ուժեղ Հայաստան»-ի կարծքով՝ TRIPP-ը ճանապարհ է, «Հայաստան»-ի կարծիքով՝ միջանցք

Եվ այսօր երկու ընդդիմադիր խմբակցությունների առաջին տարաձայնությունը բացահայտվեց՝ «Ուժեղ Հայաստան»-ի կարծքով՝ TRIPP-ը ճանապարհ է, «Հայաստան»-ի կարծիքով՝ միջանցք:

«Դա միջանցք չէ՝ դա ճանապարհ է, և կարծում եմ, որ մեր խոսույթներում դա պետք է անվանվի ճանապարհ», - ասաց Նարեկ Կարապետյանը:

«Ստեղ խնդիրը էդ բառախաղի մեջ չի: Ճանապարհի կառավարումը, օրինակ, հայ սահմանապահը առնչվելո՞ւ է ադրբեջանցիների հետ, թե՞ անխոչընդոտ երթևեկելու են: Պարզ հարց եմ տալիս», - ասաց Իշխան Սաղաթելյանը:

Ալիևը չի թաքցրել՝ Նախիջևանի հետ կապն իրենց վաղեմի երազանքն էր: Իսկ երբ Միացյալ Նահանգները ցանկացավ նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, իրենց պայմաններից մեկը հենց «Զանգեզուրի միջանցքի» բացումն է եղել։

Հայաստանի հետ խաղաղություն կառուցել ցանկացող Ադրբեջանի նախագահը 50-րոպեանոց հարցազրույցում տասն անգամ օգտագործեց երկար ժամանակ Երևանի համար անընդունելի «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, երեք անգամ՝ նախագծի պաշտոնական՝ TRIPP անունը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG