Մատչելիության հղումներ

Գյումրի-Կարս երկաթգծի նախագծային աշխատանքների մրցույթ է հայտարարվել

Գյումրի-Կարս երկաթգծի կառուցման համար նախագծային աշխատանքների մրցույթ է հայտարարվել, այսօր Գյումրիում հայտարարեց տարածքային կառավարման նախարարը: Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ նախագծի հաստատմանը կհաջորդի բուն շինարարությունը:

«Ախուրիկի հատվածի մասով նախագծման աշխատանքների մրցութային գործընթաց ենք հայտարարել, և էդ տրամաբանության մեջ շարունակում ենք էս պահին մեր աշխատանքները», - ասաց նախարարը՝ հավելելով. - «Օրենքով սահմանված կարգով՝ եթե մրցույթում հաղթող կազմակերպություններ ունենանք, հնարավորինս արագ ժամկետում նախ կանցնենք նախագծման փուլին, հետո նաև արդեն՝ շինարարական աշխատանքների մրցույթի և բուն շինարարության փուլին»:

Անցած ամիս Շիրակին սահմանակից Աքյաքայի քաղաքապետը «Ազատությանն» ասել էր, թե այս պահին շինարարություն է ընթանում Աքյաքա-Գյումրի երկաթուղու ենթակառուցվածքների վերականգնման համար, որը, պաշտոնյայի գնահատմամբ, կավարտեն երկու-երեք ամսից։ Կարս նահանգում գտնվող քաղաքի քաղաքապետը նաև ասել էր, թե արդեն իսկ մրցույթ է հայտարարվել նաև Աքյաքայից դեպի Գյումրի ցամաքային ճանապարհի կառուցման համար։

Հայկական կողմում դեռ շինաշխատանքների մեկնարկի ժամկետից չեն խոսում: Դավիթ Խուդաթյանն այսօր միայն ասաց՝ երկաթուղու նախագծման և շինարարի մրցույթները լինելու են միջազգային:

«Նախագծման աշխատանքների մասով միջազգային մրցույթ է հայտարարվել՝ բնականաբար հաշվի առնելով, որ հայաստանյան նախագծող և հայաստանյան կառուցող ընկերությունները էս մասշտաբի աշխատանքներ իրականացնելու փորձ չունեն, ինչպես կամուրջների դեպքում, ինչպես թունելների դեպքում՝ երկաթուղու դեպքում էլ մենք գնում ենք սովորաբար միջազգային մրցույթներ իրականացնելու ճանապարհով: Էս դեպքում, այո, միջազգային մրցույթ է հայտարարվել», - նշեց նախարարը:

Գյումրի-Կարս երկաթգծի հայկական կողմի 21 կիլոմետրանոց հատվածի շինարարության համար, նախնական հաշվարկով, 15 միլիոն դոլար կպահանջվի: Ո՞վ կտրամադրի այն՝ Հայաստանի կառավարությո՞ւնը, թ՞ հայկական երկաթուղու կառավարիչ ռուսական «Հարավկովկասյան երկաթուղին», առայժմ պարզ չէ: Նախարարի խոսքով՝ ռուսական կողմի հետ բանակցություններից այս պահին նորություն չկա:

Նախընտրական շրջանում վարչապետ Փաշինյանը հայտարարում էր, թե ռուսական կառավարմանը հանձնված հայկական երկաթուղու Ախուրիկ- Աքյաքա հատվածի վերանորոգումը կարող է իրականացվել բյուջեի հաշվին, թեև զուգահեռ ռուսական կողմի հետ բանակցություններ են ընթանում:

«Առաջիկայում մենք սկսելու ենք Գյումրի-Ախուրիկ՝ էդ հատվածի վերականգնումը: Թուրքիայի կողմից արդեն սկսել է, և երկաթուղին բացվելու է: Մենք նաև Երասխի հանգույցի նորոգումն ենք սկսելու, ընդ որում՝ Հայաստանի կառավարությունը իր վրա է վերցնելու, չնայած կոնցեսիոն պայմանագիր կա, մենք ներդրում ենք անելու և երկաթուղին նորոգելու ենք, վերականգնելու ենք, և երկաթուղին բացվելու է», - մասնավորապես ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանում ու Թուրքիայում երկաթուղային հանգույցները տարբեր ստանդարտներով են գործում: Հայկական կողմում այն լայն է՝ 1520 մմ է, իսկ թուրքականում՝ նեղ՝ 1435 մմ: Արդյո՞ք այս հանգամանքը հաշվի առնելու են, որ խորհրդային ու եվրոպական ստանդարտներով գործող հանգույցները խնդիրներ չառաջացնեն:

«Քննարկում ենք էդ հարցը, հանրապետությունում մի տրամաբանության մեջ պիտի լինի, բայց հասկանալի է, որ նաև մենք էս հարցը քննարկելիս հաշվի ենք առնում հավանական էն ուղղությունները, որոնցով մենք կկարողանանք միանալ և նույն ստանդարտի կամ նույն ստանդարտին մոտ լուծումներ ենք փորձում տալ: Տարածաշրջանում երկու ժամանակների ժառանգություն կա՝ մեկը հետխորհրդային երկաթգծերի ժառանգությունն է, մեկը՝ Թուրքիայում ավելի եվրոպական ստանդարտներին մոտ: Բնականաբար, էնտեղ շատ սինխրոնացնել հնարավոր չի լինի, որովհետև տարածաշրջանում տարբեր երկրներ տարբեր ստանդարտներով են էս մասում առաջնորդվում: Բայց ինչպես Ախալքալաքի երկաթուղու կայարանում կա բեռնափոխադրման և տեղափոխման հնարավորություն, այնպես էլ աշխարհի շատ երկրներում է, և էնպես էլ Հայաստանը կկարողանա ունենալ, և դա մեծ հաշվով երկաթուղով բեռների տեխափոխման խոչընդոտ չի», - ասաց Խուդաթյանը:

Ավելի քան երեք տասնամյակ չգործող Գյումրի-Կարս երկաթուղու վերակառուցումից բացի, Երևանն ու Անկարան դեռ տարիներ առաջ պայմանավորվել են նաև սկսել պատմական Անիի կամրջի վերականգնումը: Դավիթ Խուդաթյանն ասաց՝ այստեղ ևս մոտ են շինարարության փուլի մեկնարկին:

«Անիի կամրջի մասով Թուրքիայի գործընկերների հետ քննարկում է եղել, էնտեղ գրեթե ավարտական փուլում են արդեն պայմանավորվածությունները, և Անիի կամուրջը հնարավորինս կարճ ժամանակում էնտեղ աշխատանքները կմեկնարկեն: Սրա մասին նաև վերջերս իմ և Թուրքիայի տրանսպորտի նախարար Ուրալօղլուի հետ հանդիպման ժամանակ ենք քննարկել: Էս մասով գրեթե շինարարությանը մոտ փուլում ենք», - փոխանցեց նախարարը:

Չնայած կողմերի միջև այս պայմանավորվածություններին ու հայկական կողմում նաև Մարգարայի ցամաքային անցակետի վերանորոգմանը՝ Թուրքիան տարիներ շարունակ գործնական քայլերի չի դիմում ու չի բացում 90-ականների սկզբից փակ հայ - թուրքական սահմանը: Անկարայում հայ - թուրքական հաշտեցումը պայմանավորվում են հայ - ադրբեջանական կարգավորմամբ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարեց, որ Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան էլեկտրահաղորդման նախագիծը պատրաստ է, իրագործման համար առավելագույնը վեց ամիս կպահանջվի: Նա հայտնեց, որ իրենց մասնագետները Հայաստանի տարածքում անցկացրել են վերլուծություն, որի արդյունքում որոշվել են նաև այն վայրերը, որտեղ պետք է տեղադրվեն էլեկտրասյուները:

Տարածքային կառավարման նախարարը հաստատեց՝ տարբեր աշխատանքային խմբեր տարբեր ենթակառուցվածների մասով ուսումնասիրություններ են անում, որպեսզի դրանք սինխրոնացվեն:

«Շատ ժամանակ նաև էդ աշխատանքային խմբերը տեղափոխվում են մի երկրից մյուսը, որովհետև հասկանալի է՝ երբ որ քննարկում ենք ենթակառուցվածքների սինխրոնացման հարցը, միմյանց կպնելու հարցը, էնտեղ են հարցեր են առաջանում, որը անհրաժեշտ է նայել և՛ Հաաստանի մասով, և՛ Ադրբեջանի մասով; Այնպես որ, սա սովորական աշխատանքային պրոցես է: Հնարավոր չի, օրինակ, մի երկրի էներգետիկ համակարգը կպցնել մյուս երկրի էներգետիկ համակարգում, բայց գտնվել և դուրս չգալ էդ մի երկրի սահմաններից», - ընդգծեց Խուդաթյանը:

«Այսինքն՝ սա աշխատանքային պրոցես է, որին, կարծում եմ, պիտի ոչ թե վատ չվերաբերվենք, այլ որին պիտի դրական վերաբերվենք, որովհետև այդ թվում մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանի համար կարևոր է մեր էներգետիկ համակարգերի միացումն ինչպես Ադրբեջանի, էնպես էլ Թուրքիայի էներգետիկ համակարգերին, որովհետև դա և՛ մեզ էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորություն է տալիս, և՛ մեզ էլեկտրաէներգիայի ներմուծման հնարավորություն է տալիս», - ասաց նախարարը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG