Ամերիկյան զինուժը հայտարարել է, որ նոր հարվածներ է հասցրել Իրանին՝ Թեհրանի հետ հրադադարի համաձայնագրի «ավարտված» լինելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից ժամեր անց։
Թուրքիայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ԱՄՆ վերադառնալու ճանապարհին Թրամփը խոսել է լրագրողների հետ, տեղեկացրել Վաշինգտոնի նոր գործողությունների մասին։
«Հենց նոր մենք շատ ուժեղ հարվածեցինք նրանց, ու կասեի հարվածները եղել են 20-ը մեկի դիմաց։ Նրանց ամեն մի հարվածին ի պատասխան 20 հարված ենք հասցնելու, և դա արել ենք նախորդ գիշեր», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարության համաձայն՝ վերջին հարվածների ժամանակ ամերիկյան ուժերը իրանական ափերին գտնվող շուրջ 90 ռազմական օբյեկտ են թիրախավորել՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, հրթիռների և անօդաչուների պահման վայրեր և այլ ռազմական ենթակառուցվածքներ։
Իրանի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ-ի գիշերային նոր հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել։
Ըստ իրանական կողմի՝ հարվածները հիմնականում հասցվել են Իրանի հարավային ափամերձ շրջաններին՝ Հորմուզի նեղուցից մինչև Օմանի ծոց։
Թիրախների թվում է եղել Բանդար Աբբասը, որտեղ գտնվում է Իրանի խոշորագույն նավահանգիստը, ինչպես նաև ռազմածովային ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կարևոր օբյեկտներ։
Հարվածներ են գրանցվել նաև Քոնարաքում և Չաբահարում՝ Պակիստանի սահմանին մոտ գտնվող հարևան ափամերձ քաղաքներում։
«Եթե հարվածեք, հարված կստանաք»․ Ղալիբաֆը զգուշացրել է
Ամերիկացիների հետ բանակցություններում Իրանի գլխավոր բանակցող, երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X-ում գրել է, որ Հորմուզի նեղուցը բաց կլինի «միայն իրանական կարգավորումների ներքո, ոչ թե ամերիկյան սպառնալիքների»՝ հավելելով, որ «Ամերիկան դեռ չի ընկալել, որ բուլինգը և խոստումների դրժումը գին ունի»։
«Թույլ տվե՛ք պարզ ասել․ եթե հարվածեք, հարված կստանաք», - զգուշացրել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) արդեն հայտարարել է Պարսից ծոցի հարևանների տարածքում իրականացված հարվածների մասին։
Ըստ ԻՀՊԿ-ի, թիրախավորվել են Քուվեյթում տեղակայված ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ Բահրեյնում՝ վառելիքի ամերիկյան ռազմական պահեստ։
Ավելի ուշ Իրանի պետական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ երկրի զինուժը նաև Կատարում գտնվող արբանյակային ալեհավաք է թիրախավորել։ Ավելի վաղ ԻՀՊԿ-ն սպառնացել էր՝ եթե ամերիկյան հարվածները շարունակվեն, կընդլայնի իր հարվածների աշխարհագրությունը։
Գիշերվա փոխհրաձգությունից հետո նավթի գինը կրկին բարձրացել է։ Brent տեսակի նավթը, մասնավորապես, 1.1 տոկոս թանկացում է գրանցել։ Մեկ բարելն այժմ 78.22 դոլարի դիմաց է վաճառվում։
ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական բախման ամենաթարմ էջը հուլիսի 7-ին սկիզբ առավ, երբ ԱՄՆ-ն 80 իրանական ռազմական օբյեկտ թիրախավորեց՝ մեղադրելով Թեհրանին համաշխարհային մատակարարումների համար առանցքային Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ հարձակումների համար։ Իսկ իրանական պատասխան հարվածների թիրախում Քուվեյթում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան օբյեկտները հայտնվեցին։