Մատչելիության հղումներ

«Հայաստանը հետաքրքրված է ԵԱՏՄ մասնակցությամբ». ի՞նչ կտա Փաշինյան-Միշուստին հանդիպումը

Հայաստանը հետաքրքրված է ԵԱՏՄ մասնակցությամբ և ուզում է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո, սա Հայաստանի վարչապետի առաջին աշխատանքային այցն է Ռուսաստան, Եկատերինբուրգ քաղաքում Փաշինյանը մասնակցում էր «Иннопром» միջազգային ցուցահանդեսին, որի շրջանակում էլ հանդիպեցին երկու երկրների կառավարությունների ղեկավարները:

«Ինչպես մինչև ընտրությունները, այնպես էլ ընտրություններից հետո մենք մտադիր ենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի այցը Եկատերինբուրգ հաջորդեց վերջին ամիսներին Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների արգելափակման որոշումներին, ինչի հետևանքով բազմաթիվ հայաստանյան ընկերություններ զրկվեցին իրենց արտադրանքը Ռուսաստան ու նաև այդ երկրի տարածքով այլ երկրներ արտահանելու հնարավորությունից:

Գյուղմթերքի, ձկնամթերքի, խմիչքների ու ծաղկի արտադրությամբ զբաղվող բազմաթիվ հայկական ընկերություններ, որոնք իրենց արտադրանքը արտահանում էին Ռուսաստան, վերջին շրջանում մեծ կորուստներ են կրում:

Պետք է գործեն ԵԱՏՄ համաձայնագրով նախատեսված դրույթները. Փաշինյան

Թերևս նաև հենց այս հանգամանքը հաշվի առնելով, Փաշինյանն այսօր Ռուսաստանի վարչապետի հետ հանդիպման հրապարակային մասում հատուկ շեշտեց՝ ԵԱՏՄ համաձայնագրով նախատեսված դրույթները պետք է գործեն:

«Շահագրգռված ենք, որ այն մեխանիզմները, որոնք նախատեսվում են ԵԱՏՄ համաձայնագրով, դրանք աշխատեն պլանավորված ռեժիմի համաձայն: Կարծում եմ, որ դա ԵԱՏՄ հետագա զարգացման շահերից է բխում», - նշեց Հայաստանի վարչապետը:

Փաշինյանն, ի դեպ, մինչև Ռուսաստան կատարած այցը վերջերս սուր քննադատության էր ենթարկել ԵԱՏՄ-ին, ասելով, որ այս կառույցը հիմնված է ֆինանսների, ապրանքների և աշխատուժի ազատ տեղաշարժի վրա: «Եթե դա չկա, նշանակում է՝ Եվրասիական տնտեսական միություն չկա», - ասել էր Փաշինյանը։

Հայաստանի վարչապետն այսօր ռուս գործընկերոջը փոխանցեց՝ այս հանդիպումը, որը տեղի է ունենում հայաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո, լավ առիթ է դիրքորոշումները համաձայնեցնելու համար. «Վերջին շրջանում մի շարք խնդիրներ են ի հայտ եկել, և հույս ունեմ, որ մենք կքննարկենք և կլուծենք այդ հարցերը: Ինչպես ասացի մենք կառուցողական ենք տրամադրված, որպեսզի քննարկենք և պարզաբանենք բոլոր հարցերն ու նյուանսները: Հույս ունեմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեզ կհաջողվի կոնկրետ հարցեր լուծել»:

Միշուստինը չշնորհավորեց Փաշինյանին

Ուշագրավ է, որ խոսելով հունիսի 7 -ի խորհրդարանական ընտրությունների մասին, Ռուսաստանի վարչապետն այսօր հանդիպման հրապարակային մասում այդպես էլ չշնորհավորեց Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ այս պահը չի շնորհավորել Փաշինյանին, պաշտոնական Մոսկվան հայտարարել է, թե սպասում են ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը: Այդ արդյունքները ԿԸՀ-ն հրապարակեց հունիսի 14-ին, իսկ Սահմանադրական դատարանը դրանք հաստատեց հուլիսի 4-ին:

Միշուստինը հույս հայտնեց, որ Հայաստանը կշարունակի հարմարավետ պայմաններ ստեղծել ռուսական ներդրողների համար

Միշուստինը իր հրապարակային ելույթում չանդրադարձավ նաև հայկական ապրանքների սահմանափակումներին, փոխարենը հույս հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը կշարունակի հարմարավետ պայմաններ ստեղծել ռուսական ներդրողների համար:

«Սա ձեր առաջինն արտասահմանյան այցն է հունիսի 7 -ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո: Հույս ունենք, որ ընտրությունների արդյունքում Հայաստանի նոր ձևավորվելիք կառավարությունը կապահովի հայ-ռուսական հարաբերությունների առաջընթաց զարգացումը՝ բարեկամության, բարեդրացիության ոգով՝ փոխադարձ հարգանքի և միմյանց շահերի հարգմամբ»:

Միշուստինը նշեց, որ չնայած համաշխարհային տնտեսական ցնցումներին, Ռուսաստանը Հայաստանի հետ արտաքին առևտրի գործընկերների և ներդրողների շարքում զբաղեցնում է առաջին տեղը: Թվարկեց հանքարդյունաբերության, մեքենաշինության, տրանսպորտային, էներգետիկ, ներառյալ ատոմային էներգիայի ոլորտներում համագործակցությունը:

«Կարևոր է, որպեսզի Հայաստանի կառավարությունը շարունակի հարմարավետ պայմաններ ստեղծել ռուսաստանյան ներդրողների համար և ապահովի նրանց իրավունքներն ու շահերը», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը դեռևս փետրվարին էր խոսել հայկական երկաթուղու ռուսական կառավարումը այլ երկրի փոխանցելու անհրաժեշտության մասին: Հայաստանի ղեկավարի համոզմամբ՝ ռուսական կառավարման պատճառով տարածաշրջանային ապաշրջափակման ընդհանուր համատեքստում Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը: Մոսկվայից կոշտ էին արձագանքել՝ Երևանի այս հայտարարությունը որակելով «տարօրինակ», շեշտել էին, որ կոնցեսիան հնարավոր գնորդներին կարժենա առնվազն 250 մլն դոլար։

Դատելով 2 երկրների վարչապետերի պատվիրակությունների կազմից, հանդիպման ընթացքում քննարկման առարկա կդառնան սեղանին գտնվող բոլոր կնճռոտ հարցերը:

Բանակցություններին ռուսական կողմից մասնակցում էին փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, «Ռոսսելխոզնադզոր»-ի, «Ռոսատոմ»-ի, «Ռուսական երկաթուղիներ»-ի, «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարները:

Հայկական պատվիրակության կազմում էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը, ԱԳՆ-ի ու Տարածքային կառավարման փոխնախարարները և Մեծամորի ատոմակայանի տնօրենը։

Հայաստանը հայտարարել է նոր մոդուլային ատոմակայան կառուցելու մտադրության մասին, պաշտոնական Երևանը առայժմ չի հստակեցրել, թե որ երկրի առաջարկը կընդունի՝ արևմուտքի, թե Ռուսաստանի:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG