Մատչելիության հղումներ

Միշուստին-Փաշինյան հանդիպում՝ առաջինը հայաստանյան ընտրություններից հետո

Լրացված
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյան և Միխայիլ Միշուստին, արխիվ
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյան և Միխայիլ Միշուստին, արխիվ

Հայաստանը հանձնառու է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը և ուզում է մնալ Եվրասիական տնտեսական միության կազմում, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուգում՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը։

«Այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու մեր հարաբերությունների ողջ շրջանակը, իսկ ընտրություններից հետո՝ լավ հնարավորություն է կարծիքներ փոխանակելու համար», - ասել է Փաշինյանը, հավելելով՝ թե՛ ընտրություններից առաջ, թե՛ դրանից հետո Հայաստանը «հանձնառու է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը, հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միությանը մասնակցելու հարցում»։

Միշուստինն, իր հերթին, հայտարարել է՝Մոսկվան հույս ունի, որ ընտրություններից հետո ձևավորված Հայաստանի նոր կառավարությունը կապահովի Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը «բարեկամության և բարիդրացիության ոգով» և կապահովի «հարմարավետ միջավայր ռուս ներդրողների համար»։

«Կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը շարունակի հարմարավետ միջավայր ստեղծել ռուս ներդրողների համար և ապահովի, որ նրանց իրավունքներն ու օրինական շահերը հարգվեն», - ասել է Ռուսաստանի վարչապետը։

Խորհրդարանական ընտրություններից գրեթե մեկ ամիս անց՝ մինչ օրս, ռուսական կողմը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին։ Այսօրվա հանդիպման հրապարակային մասում ևս այդ մասին ակնարկ չի եղել։

Ըստ ռուսական աղբյուրների՝ բանակցություններին ռուսական կողմից մասնակցում են փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը, «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչևը, «Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավար Օլեգ Բելոզերովը, «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան, փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ինչպես նաև ֆինանսների, տրանսպորտի, տնտեսական զարգացման, էներգետիկայի ու առևտրի փոխնախարարները։ Հայկական պատվիրակության կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը, Արտաքին գործերի ու Տարածքային կառավարման փոխնախարարները և Մեծամորի ատոմակայանի տնօրենը։

«Ինտերֆաքս»-ը շեշտում է, որ Ռուսաստանն առաջին երկիրն է, ուր Նիկոլ Փաշինյանը մեկնել է աշխատանքային այցով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո։

Հանդիպումը տեղի է ունենում «Իննոպրոմ» ցուցահանդեսի շրջանակում:

Նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել էր խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստան այցելելու և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու մտադրության մասին։ Առայժմ, սակայն, Պուտին-Փաշինյան հնարավոր հանդիպման մասին չի հաղորդվել։ Փոխարենը՝ անցած շաբաթ հեռախոսազրույց էր կայացել Փաշինյանի ու Միշուստինի միջև՝ հայկական կողմի նախաձեռնությամբ։ Կողմերն այդ զրույցից հետո հայտարարել էին, թե քննարկել են «առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը»՝ առանց հավելյալ մանրամասների։

Մոտ մեկ ամիս է՝ Ռուսաստանը մի շարք սահմանափակումներ է մտցրել հայկական ապրանքների նկատմամբ, այդ թվում՝ ամբողջությամբ արգելափակել միրգ-բանջարեղենի ներմուծումը՝ «որակի և ստուգումների ընթացքում ի հայտ եկած բազմաթիվ խախտումների» պատճառաբանությամբ։ Մոսկվան արգելափակում է նաև հայկական ապրանքների տարանցումն իր տարածքով դեպի Եվրասիական տնտեսական միության այլ երկրներ, հորդորելով Երևանին կողմնորոշվել՝ մնո՞ւմ է ԵԱՏՄ կազմում, թե՞ անդամակցում է Եվրամիությանը։ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ նման ընտրություն կատարելու անհրաժեշտություն այս պահին չի տեսնում։

«Շատ ակտիվ աշխատելու ենք, և համոզված եմ, որ լուծումներ կլինեն, որովհետև եթե չլինեն լուծումներ, դա լրիվ ուրիշ բան է նշանակում՝ առաջին հերթին Եվրասիական տնտեսական միության համար», - հունիսի վերջին Կառավարության նիստում հայտարարել էր Փաշինյանը, հավելելով. - «Եվրասիական տնտեսական միությունը հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված՝ աշխատուժի, ապրանքների, ծառայությունների և ֆինանսների ազատ տեղաշարժ։ Եթե դա չկա, նշանակում է՝ Եվրասիական տնտեսական միություն չկա։ Եվ Եվրասիական տնտեսական միությունը պետք է այդ հարցին հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա»։

Փաշինյանը նաև պնդում է, թե ինքը ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունի մայիսի 29-ին Աստանայում ընդունված հայտարարության վերաբերյալ, որով Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղըզստանի նախագահները Հայաստանին կոչ էին արել հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։ Կողմերը նաև հայտարարել էին, թե հետագա քայլերի հարցը կքննարկեն դեկտեմբերին կայանալիք նիստում։

«Մենք պետք է հասկանանք՝ ԵԱՏՄ ցանկացած երկիր ցանկացած երկրի հետ կապված կարո՞ղ է այսպիսի որոշումներ կայացնել, ուղղակի արթնանալ որոշումներ կայացնե՞լ։ Իմ գնահատմամբ՝ եթե այս հարցի պատասխանն այո է, ուրեմն ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասին։ Պետք է լինի շատ հստակ պատասխան՝ ԵԱՏՄ-ն կա՞, թե՞ չկա։ Եթե կա, մենք կդիրքավորվենք, եթե չկա, առանձնապես դիրքավորվելու կարիք էլ չի առաջանալու», - հայտարարել էր Հայաստանի վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն Աստանա չէր մեկնել՝ նախընտրական քարոզարշավի հիմնավորմամբ, հայկական պատվիրակությունը գլխավորում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG