Մինչ Ռուսաստանը խստացնում է հայկական ապրանքների մուտքի սահմանափակումները, Հայաստանի կառավարությունը սուբսիդիաներ է տրամադրում արտահանողներին՝ Եվրոպայում և այլ երկրներում նոր շուկաներ գտնելու համար: Բայց արտահանողները հարցնում են՝ ինչպե՞ս հայկական արտադրանքը հասցնեն այլ շուկաներ, եթե հայ բեռնափոխադրողների մեծ մասը, տարիներ շարունակ աշխատելով ռուսական ուղղությամբ, եվրոպական պահանջներին չեն համապատասխանում։
Նույն մտահոգությունն ունի նաև գործարար Գևորգ Ղուկասյանը, որն արտահանում է թե՛ սեփական, թե՛ գյուղացիներից գնված բերքը։
«Պետք է ուղղակի ձգտենք արտահանենք, Ռուսաստանը փակ է, և հասկանում ենք, որ փակ է լինելու, էդ ամբողջ ցեպոչկան (ռուս.՝ շղթան. - խմբ.) աշխատելու է, միայն տրանսպորտն է պրոբլեմ ունենալու», - «Ազատությանը» ասաց Ղուկասյանը:
Կառավարությունը մեկ շաբաթ առաջ հաստատեց ջերմոցային արտադրանքի արտահանման աջակցության ծրագիրը, իսկ երեկ նման աջակցություն սահմանվեց նաև ոչ ջերմոցային մի շարք ապրանքների համար։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ դեպի Եվրամիություն արտահանման դեպքում կփոխհատուցվի մաքսատուրքի 8.5-14.8 տոկոսը, իսկ ոչ ԵՄ երկրների դեպքում՝ նաև տրանսպորտային ծախսերի զգալի մասը։
Ըստ նախարարի՝ հայկական արտադրանքն արդեն արտահանվել է Վրաստան, Հունաստան, Ուկրաինա, Ղազախստան, Նիդերլանդներ, Գերմանիա և այլ երկրներ, և գործընթացը շարունակվում է։
«Սահմանափակում չկա, ինչքան շատ արտահանեն՝ մենք էդ ամբողջ ծավալը կսուբսիդավորենք: Եվ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ ամեն հաջորդ օրը ծավալները շարունակական մեծանում են», - հայտարարեց Պապոյանը:
Բայց գործարարները հարցնում են՝ ինչպե՞ս է կազմակերպվելու արտահանումը դեպի ԵՄ և այլ երկրներ, եթե հայկական բեռնատարները պետք է անցնեն Թուրքիայի տարածքով, իսկ ոլորտը դեռ պատրաստ չէ այդ ուղղությամբ լայնածավալ փոխադրումների։ 10 տարուց ավելի բեռնափոխադրում իրականացնող գործարարը, որ հրաժարվեց ներկայանալ, կարծիք հայտնեց, որ Կառավարությունը նախ պետք է աջակցեր, որ բեռնատարների պարկը նորացվեր։
«Ես ինքս ուզում եմ նոր մեքենա, ու տենց ծրագիր էլ կա՝ պետությունը սուբսիդավորում է, նոր մեքենայի համար սուբսիդավորում է. արժեքի 30 տոկոսը ես եմ վճարում, մնացած 70 տոկոսը լիզինգ ընկերությունն է վճարում, վարկի տոկոսները փակում է պետությունը: Բայց դրա ամսական վճարը կազմում է մոտ մեկ միլիոն դրամ, պատրա՞ստ ենք էդ մեկ միլիոն դրամ լիզինգը վճարելու: Ես էլ պետք է վաստակեմ, չէ՞, վարորդին պետք է վճարեմ, ես էդ բոլոր ծախսերը պետք է հանեմ ու մեկ միլիոն դրամի պետք է լիզինգ վճարեմ: Արդյո՞ք մեր շուկան պատրաստ է էդ ամեն ինչին անելու», - «Ազատության» հետ զրույցում նշեց գործարարը:
«Հիմա մենք էդ մեքենաները ի՞նչ անենք, էդ մեքենաների դեռ վարկերը, լիզինգները փակված չի». - «Ազատության» զրուցակիցը, որ սեփական ընկերությունն ունի, ասում է՝ բեռնատարների մեծ մասը հին են և չեն համապատասխանում ԵՄ պահանջներին։ Նրա խոսքով՝ այդ մեքենաների զգալի մասը վարկով է ձեռք բերվել, ուստի փոխադրողները չեն կարող օգտվել նոր մեքենաների ձեռքբերման լիզինգային ծրագրերից, քանի դեռ չեն մարել նախկին պարտավորությունները։
Խնդիր է նաև վարորդների վիզաների հարցը: «Ազատության» ներկայանալ չցանկացող զրուցակիցը հարցնում է՝ Հայաստանի քանի՞ բեռնատարի վարորդ մուլտի վիզա ունի, կամ քանի՞սը կարող է դա արագացված կարգով ստանալ:
Բեռնափոխադրողը պատմում է՝ անցել է միջազգային բեռնափոխադրողի վկայական ստանալու համար անհրաժեշտ դասընթացները, սակայն մինչ օրս չեն հրավիրել քննության։ Իսկ առանց այդ վկայականի չի կարող լիարժեք աշխատել եվրոպական և այլ ուղղություններով. - «Պետությունը թող մի հատ իր սկսած գործը ավարտին հասցնի: Մինչև հիմա քննություն չեմ տվել, որ վկայականս ստանամ, ու ես մոռացել եմ արդեն ինչ եմ սովորել, չնայած իմ գիտելիքները շատ ավելի բարձր էր, քան իրենց տված գիտելիքները»:
Մի քանի տասնյակ հազարի հասնող բեռնատարների վարորդներ, ըստ «Ազատության» զրուցակցի, ամեն օր փակ խմբերում քննարկում են՝ ինչպե՞ս եղավ, որ իրենք լուսանցքում հայտնվեցին, նեղսրտած են՝ հայկական բերքն իրենց փոխարեն թուրքական ու վրացական բեռնատարներն են փոխադրում:
«Ամենաառաջին հերթին պետք է մեր շահերը պահի երրորդ երկրի բեռնափոխադրողից: Մեր ամենաթույլ տեղն է: Հիմա իրենք կասեն նորից՝ դա ազատ շուկա է, նորից նույն երգն են երգելու, նույն հեքիաթն են մեզ պատմելու: Չգիտեմ, ինչ-որ մի հատ ծրագիր պետք է մշակվի, հայ բեռնափոխադրողի ծառայություններից իրենք օգտվեն: Մեր մասնագիտական անգրագիտության պատճառով էդ շուկան մեր ձեռքից գնացել է», - ընդգծեց «Ազատության» զրուցակիցը:
Բեռնափոխադրողների խոսքով՝ ռուսական սահմանափակումների ֆոնին իրենք արդեն դժվարությամբ են կարողանում նաև Ռուսաստանից և Բելառուսից ապրանք ներմուծել Հայաստան։ Ասում են՝ եթե նախկինում Հայաստանից բեռնված մեքենաները հետադարձ ճանապարհին Ռուսաստանից դատարկ չէին վերադառնում և ներմուծում էին իրականացնում, ապա այժմ այդ հնարավորությունը նույնպես սահմանափակվում է:
Ռուսաստանը Հայաստանից մի խումբ ապրանքների ներմուծման սահմանափակումները սկսեց կիրառել հայաստանյան ընտրություններից շաբաթներ առաջ՝ սկզբում արգելելով «Ջերմուկ»-ի վաճառքը, հետո՝ հայկական ծաղիկների ներմուծումը, ապա սահմանափակումներ մտցնելով մի քանի տեսակի բանջարեղենի, ելակի, իսկ ավելի ուշ՝ նաև կորիզավոր մրգերի ու խաղողի նկատմամբ։ Երեկ էլ արդեն բուսական ծագման բոլոր ապրանքների մասով սահմանափակումներ կիրառեց:
Մոսկվայի դժգոհության պատճառը Եվրոպայի հետ մերձենալու Հայաստանի ջանքերն են, պահանջում են արագ ընտրություն կատարել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև: