ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ կնքված 60-օրյա հրադադարի ընթացքում և դրանից հետո Հորմուզի նեղուցով նավարկելու համար Իրանի կողմից տուրքեր չեն գանձվի՝ չնայած Թեհրանի հայտարարությանը, թե փակելու են նեղուցը։
Բանակցությունների տապալման պարագայում Թրամփն ինքն է սպառնացել վճարներ գանձել։
«Հրադադարի 60-օրյա ժամանակահատվածում Հորմուզի նեղուցում ոչ մի տուրք չի լինելու, և 60-օրյա ժամկետի ավարտից հետո նույնպես ոչ մի տուրք չի լինելու, բացառությամբ՝ եթե գործարքը չկայանալու դեպքում դրանք սահմանվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից և ԱՄՆ-ի համար՝ որպես Մերձավոր Արևելքի երկրների պահապան հրեշտակ անցյալում, ներկայում և ապագայում մատուցած ծառայությունների ծախսերի փոխհատուցում», - սոցցանցում գրել է Թրամփը։
Թեհրանի և Վաշինգտոնի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Իրանը պետք է 30 օրում վերաբացի համաշխարհային մատակարարումների համար առանցքային նեղուցը, ԱՄՆ-ն էլ վերացնի Իրանի ծովային շրջափակումը:
Իրանի բարձրագույն համատեղ ռազմական հրամանատարությունը նախօրեին հայտարարեց, որ Հորմուզի նեղուցը կփակվի նավերի երթևեկության համար։ Իրանի պետական Mehr գործակալության հաղորդմամբ՝ այս քայլին պաշտոնական Թեհրանը դիմում է՝ պատճառաբանելով, որ ԱՄՆ-ն և Իսրայելը խախտել են հրադադարի համաձայնությունը։
Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա» զինված խմբավորման հետ հրադադարի համաձայնությունից ժամեր անց Իսրայելը հարվածել է Լիբանանին, առնվազն 20 մարդ է զոհվել, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել են լիբանանյան պետական լրատվական գործակալությունից։