Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները շարունակելու են ընթանալ Թեհրանի սահմանած «կարմիր գծերի» շրջանակում։
«Ինչպես ցույց ենք տվել բանակցությունների նախորդ փուլերում, մենք հաստատակամ ենք պահպանելու սահմանված պայմաններն ու կարմիր գծերը և ապահովելու իրանական ժողովրդի շահերը», - ըստ IRNA պաշտոնական լրատվական գործակալության հրապարակած հայտարարության՝ ասել է Ղալիբաֆը:
«Եթե թշնամին փորձի անցնել թույլատրելի սահմանները, մենք արդեն ապացուցել ենք, որ մեր մատները ձգանի վրա են, և որևէ երկմտանք չունենք թշնամուն ջախջախիչ պատասխան հասցնելու հարցում», - հավելել է նա։
Ավելի վաղ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդեց, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև այսօր Շվեյցարիայի Բուրգենշտոկում նախատեսված բանակցությունները չեն կայանա:
«ԱՄՆ-ի, Իրանի, Կատարի և Պակիստանի միջև նախատեսված բանակցությունները հետաձգվել են: Շվեյցարիան շարունակում է պատրաստակամ մնալ աջակցելու այս բանակցություններին։ Բուրգենշտոկում իրականացվող համապատասխան նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Այս պահին լրացուցիչ տեղեկություններ չեն կարող տրամադրվել», - ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Սպիտակ տնից հայտնել էին, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Բուրգենշտոկ հետաձգվել է՝ «լոգիստիկ» խնդիրների պատճառով։
Իրանական լրատվամիջոցներն էլ գրել էին, որ Թեհրանն է հետաձգել իր պատվիրակության այցը Շվեյցարիա՝ Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումների պատճառով։