Մատչելիության հղումներ

«Ես ուզում եմ իմ էրեխուն, կարա՞ս իմ էրեխուն բերես». Ազատի կացարանի հրդեհի հետևանքով զոհվածի մայրը՝ Փաշինյանին

«Ես ուզում եմ իմ էրեխուն, կարա՞ս իմ էրեխուն բերես ... 15 էրեխուն եմ ուզում, որ 10 դուք րոպեյվա մեջ վառեցիք», - այսօր Մեծամորում քարոզարշավ անցկացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց Ազատ գյուղի կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողի մայրը:

«Դու որ տենց խոսում ես, դու 15 երեխա տարար կերար», - ասաց կինը՝ շարունակելով. - «Ես 18 տարի էրեխա պահեցի, տվեցի էս բանակին, ո՞ւր ա իմ էրեխեն, ինչի՞ տարաք 15 էրեխուն վառեցիք, բերեցիք տվեցիք իմ էրեխուն: Իմ էրեխեն մի հատ փչացած ատամ չուներ, 12:30 իմ էրեխեն արթուն ա էղել ... մի կոֆեի բաժակով որ ես քո վրա բենզին լցնեմ, դու կվառվե՞ս, ես էլ չեմ վառվի, ինչի՞ 15 էրեխուն վառիք, պատասխան տուր, ո՞ւր ա իմ Հայկը: Տուր, ո՞ւր ա իմ տղեն, ես 15 էրեխու մոր կողմից խոսում եմ»:

«Ես իմ էրեխուն եմ ուզում, ինձի ոչ մի բան պետք չի՝ ոչ թոշակ, ոչ աշխատավարձ, ոչ մի բան, ես իմ էրեխուն եմ ուզում, ես 18 տարի քայլել եմ էդ էրեխու հետ, ո՞ւր ա իմ էրեխեն: Ես չեմ հանգստանում, ես գիշերը արցունքն աչքերիս իմ էրեխին եմ ուզում, ոչ մի բան պետք չի ինձի: Դու տարաք մեր էրեխեքին վառիք, մոխիր դառած բերիք դրիք իմ առաջը», - ասաց կինը՝ հավելելով. - «Զզվում եմ քեզնից, զզվում եմ քեզնից: Ձեզ ես էլ եմ ընտրել, էրկու անգամ ձեզ եմ ընտրել, բայց անիծում եմ էն օրը, որ ես ձեզ ընտրեցի, որովհետև դուք իմ էրեխու մահվան պատճառը դառաք: Դուք սպանիք էդ 15 էրեխուն ու էսօր էկել եք ասում եք՝ «թոշակ բարձրացրի, մանկապարտեզ սարքի, դպրոց սարքի»:

«Դուք վառեցիք 15 էրեխուն ձեր կեղտերը ծածկելու համար», - պնդեց որդեկորույս մայրը, - «Ես ապացույցներ ունեմ՝ իմ էրեխեն 12:30 արթուն ա էղել, իսկ 1-ին 20 պակաս դեպքն էղավ: Իմ ասելիքն էն ա՝ դուք ինչքա՞նով էիք վստահ, որ որ էդ էրէխեքը մնացին վառվան դուս չեկան, դուք հելաք հաջորդ օրը հայտարարություն արեցիք, որ էդ էրեխեքը չկարացան, մի սուրճի բաժակով բենզինը լցրեց էդ սպա ա ինչ գրող ա ... »:

Վարչապետն արձագանքեց. - «Ուրեմն, ժողովուրդ, դուք գիտեք էդ դեպքը՝ 15 մեր զինվորների դեպքը, և գործը հիմա դատարանում ա, և դրանից հետո կորպուսի հրամանատարը ազատվել ա, տասնյակ պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից, և հիմա դատավարություն ա գնում, և դրանք դատվում են: Ես իհարկե հասկանում եմ ծնողների հուզմունքը»:

«Իմիջիայլոց, էդ ազատված սպաներից մի մասն էլ, կորպուսի հրամանատարի տեղակալը, հիմի ընդդիմադիր ակտիվիստ ա, ինչի՞ չեք գնում ընդդիմության հանրահավաքներին անում, Մահսուդյան կոչվածը ընդդիմադիր ակտիվիստ ա և բոլոր հնարավոր տեղերում ... ինչի՞ չեք գնում Մահսուդյանին, ինչի՞ չեք գնում, ինչի՞ չեք գնում: Ես դրանց եմ ազատել աշխատանքից, որ իրանց աշխատանքային պարտականությունները չեն կատարել, և հանել վռնդել եմ բանակից դրանց: Բա ինչի՞ չեք գնում ընդդիմության հանրահավաքներին, չգիտե՞ք, որ Մահսուդյանը ընդդիմության առաջնորդներից մեկն ա, ոչ, դուք չեք գնում: Դուք գիտեք ովքեր են մեղավորները, և դատավարություն ա գնում», - ասաց Փաշինյանը:

«Ես խոնարհվում եմ Ձեր առաջ, Ձեր որդու հիշատակի առաջ», - նշեց վարչապետը:

Հունվարի 19-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 ժամկետային զինծառայող զոհվեց: Երեք տարի ձգվող դատավարությունն ընթացել է պաշտոնական վարկածի շուրջ, թե սպան փորձել է բենզինով թեժացնել վառարանը, ինչի հետևանքով էլ հրդեհ է բռնկվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG