Մատչելիության հղումներ

Երևանի 44 նոր տրոլեյբուսները՝ ՔՊ նախընտրական երթուղում

Երևան քաղաքի համար բյուջեով գնված 44 տրոլեյբուսները մինչև երթուղի մտնելը հայտնվեցին «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական երթուղում։ Դրանք կարմիր ժապավենով շարված էին քաղաքի կենտրոնում` ճիշտ այն օրը, երբ Փաշինյանը քարոզի էր քաղաքի կենտրոնում։

«Ըհը, հիմա մոտենում ենք մեր էսօրվա քայլերթի առաջին կուլմինացիոն կետին, այն է՝ տրոլեյբուսներին», - ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը թիմակցի՝ արձակուրդում գտնվող քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ նոր տրոլեյբուսի հնարավորություններին է ծանոթանում. - «Այո, կատարվեց, տեղի ունեցավ»։ Հուսահատության «Գազել»-ի էջը համարում փակված, ինչեր կանեին, եթե նախկինները տրամվայի գծերը ծախած չլինեին: Իսկ տրոլեյբուսը շատ լավն է, հարմար ոչ միայն ուղևորների համար, վարորդի աթոռը կարող է նույնիսկ մերսել վարորդին:

«Այո, և այս ամբողջը դուք եք ֆինանսավորել, պարոն վարչապետ», - հավանաբար Կառավարությանը նկատի ունենալով՝ առաջնորդին է շոյում Ավինյանը։

«Որպես կուսակցականնե՞ր մտաք տրոլեյբուս, թե՞ արձակուրդում գտնվող պաշտոնյաներ», - «Ազատություն»-ը ցանկանում էր ճշտել Ավինյանից: Նա, սակայն հարցազրույց է տալիս միայն ուղիղ ռեժիմում։

«Ականատես» դիտորդական առաքելության համակարգողը ՔՊ քարոզին տրոլեյբուս խառնելը խնդրահարույց է համարում ընտրական բարեվարքության տեսանկյունից։

«Ես այստեղ ռիսկեր եմ տեսնում ավելի շատ պետության ու կուսակցության տարանջատման տեսանկյունից։ Ե՛վ մեր ներպետական օրենսդրությունը, և՛ միջազգային ստանդարտները շատ հստակ տրամաբանություն ունեն, որ պետությունը և կուսակցությունը չպետք է միաձուլվեն, և պետության կատարած գործերը չպետք է սովորաբար ներկայացվեն որպես կուսակցության ձեռքբերումներ, մանավանդ քարոզարշավի ժամանակ», - «Ազատության» հետ զրույցում նշեց Մերի Մինասյանը:

Նախընտրական այս փուլում խեղաթյուրվում է մրցակցային դաշտը, շեշտում է Մինասյանը՝ հիշելով նաև վարորդական վկայականներից զրկված քաղաքացիներին Փաշինյանի տված այսօրվա խոստումը. մեկ տարին լրանալուց հետո կարող են վերականգնել վկայականն առանց քննության, բայց ոչ թե 13, այլ 6 բալլով։ Վարորդներին սա շատ դուր եկավ։

Կենտրոն վարչական շրջանում Փաշինյանն աջակցության ու սիրո բազմաթիվ խոսքեր լսեց։ Մի քանի ելույթներ այն մասին, որ Հայաստանն այլևս դարդոտած չէ, ուրախ է, ծայրամաս չէ, կենտրոն է, խաղաղություն է, որ պիտի խնամենք, ապօրինի գույքը վերադարձվում է, Ծառուկյանի փեսայի տունը հիմա բոլորինն է. - «Այլևս ձեր սեփականությունն ա», - հայտարարեց Փաշինյանը:

«Որ մեր վարչապետը ասել ա, ուրեմն մերն ա». - այս տիկինը սիրելի Փաշինյանի հետ հանդիպման էր եկել նրա նկարով. - «Ես իրա հետ քայլել եմ մինչև հիմա, 2007 թվից ես իրա երկրպագուն եմ, հավատարիմը իրա։ Ես սիրում եմ իմ վարչապետին շատ-շատ»։

Մեկ այլ քաղաքացի հուզվում է վարչապետի հանդեպ սերն արտահայտելիս. - «Այ մարդ, իրա ցավը տանեմ, էլի մեզի ահագին օգնել ա։ Լացս էլ ա գալի»։

Այս տղամարդը Նոր Նորքից է կենտրոն իջել, որ մի քիչ քայլի կողքով. - «Վարչապետի երկրպագուն եմ և առիթից օգտվելով ուզում էի հաղթանակ մաղթեմ իրեն»։

Նոր տրոլեյբուսները նույնպես տրամադրություն են փոխել։

«Այսօր հրապարակում տեսանք 45 նոր տրոլեյբուսներ։ Ո՞ւմ համար է դա՝ մեր երկրի, մեր ժողովրդի համար։ Մի՞թե կարելի է անտեսել, կամ կույր լինել, չտեսնել», - ասաց մի քաղաքացի:

Եղան նաև քաղաքացիներ, որ ջերմ չընդունեցին «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդին։ Այս մարդու տրամադրությունն անմիջապես ընկավ Փաշինյանին տեսնելիս.

«Բարև ձեզ։ Լա՞վ եք, լավ ա՞ ձեր տրամադրությունը»։ - «Ոչ, վատ ա»։ - «Ինչի՞»։ «Որովհետև ձեզ տեսա»։ - «Ոչինչ, լավ օր ենք ձեզ մաղթում։ Հույս ունենք՝ հաջորդիվ
կտեսնեք նրան, ում ուզում եք տեսնել»։ - «Ես էլ ձեզ անհաջողություն եմ մաղթում»: - «Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ, լավ էղեք»։

Մի կին հրաժարվեց քարտեզն ընդունել, համարեց կիսատ։

Մի տղամարդն էլ ուզում էր իմանալ՝ է՞լ ինչ է հանձնվելու. - «Ուղղակի որ բոլորս իմանանք՝ ձեզի քվեարկելով մենք ինչ տարածքներ ենք հանձնելու նորից»։

Ոչ մի բան Հայաստանի ինքնիշխան տարածքից, Փաշինյանը բացատրեց՝ կոնֆլիկտի էջը փակված է։ Տղամարդը, սակայն, Արցախի էջը չէր փակել։

Օրվա մի մասը քարոզարշավն անցավ հորդառատ անձրևի տակ։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG