Մատչելիության հղումներ

Քոչարյանը քննադատում է Փաշինյանին, խոսում իր իշխանության աղմկոտ դեպքերից. որքանով են ճիշտ նրա պնդումները

Հայաստանի երկրորդ նախագահը, որ նորից պայքարում է իշխանության համար, վստահեցնում է՝ եթե ընտրվի, լրագրողներին ու լրատվամիջոցներին ոչինչ չի սպառնա:

«Հանգիստ մնացեք, որևէ խնդիր չի լինելու մամուլի համար: Աստեղ բավականաչափ լրագրողներ կան, հանգիստ մնացեք, պրոբլեմ չեք ունենալու»,- նախօրեին քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

«Հայաստան» դաշինքի առաջնորդը խոսեց իր իշխանության օրոք լրագրողների հետ կապված աղմկոտ դեպքերից, որ ըստ նրա, քաղաքական ճնշումների հետևանքով չեն եղել: Հանրային հեռուստաընկերության տնօրեն Տիգրան Նաղդալյանի սպանությունը հիշեց ու առանց անուն տալու նշեց, թե ընդդիմադիր մի գործչի ընտանիքն է դրա հեղինակը:

«Մեկ լրագրողի սպանություն, այդ լրագրողը մեր թիմի անդամ էր՝ Տիգրան Նաղդալյանը։ Եվ այդ սպանության հեղինակը եղել է հենց այսօրվա ընդդիմադիր գործչի եղբայրը, և ինչքան ես գիտեմ, նաև դա ընտանիքի որոշումն էր»,- ասաց Քոչարյանը: Նա հավանաբար նկատի ուներ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, որը Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հակառակորդն է: Այս սպանության գործով նրա եղբայրն էլ էր դատապարտվել՝ պատվիրելու մեղադրանքով:

Երկրորդ դեպքն էլ 1in.am կայքի խմբագիր, քաղաքական գործիչ Արման Բաբաջանյանի դեմ քրեական գործն է, որ Քոչարյանի խոսքով՝ լրագրող ժամանակ ազատությունից զրկվել է կեղծ փաստաթղթերով ծառայությունից խուսափելու համար:

«Դատապարտվել է ոչ թե իր պրոֆեսիոնալ գործունեության համար, այլ մեկ բանի համար՝ բանակից խուսափեց, և դա բերել են, ներկայացնում են հիմա որպես խոսքի ազատության ճնշում»,- շեշտեց Ռոբերտ Քոչարյանը:

Այսքանով սահմանափակեց Քոչարյանն ու ոչ մի բառ իր նախագահության առաջին փուլում եթերից զրկված ընդդիմադիր «Ա1+»-ի մասին:

Այս հեռուստաընկերությունն անխափան աշխատում էր, եթերից զրկվեց 2002 թվականի ապրիլին: Ըստ այդ օրերի ընդդիմադիր մամուլի՝ Քոչարյանը «Ա1+»-ը փակելով՝ նախապատրաստվում էր 2003-ի նախագահական ընտրություններին: «Այդ ի՞նչ մի ողբերգություն էր, Հայաստանի անվտանգությունը դրանով սասանվե՞ց»,- անցած տարվա ասուլիսում այսպես արձագանքեց Ռոբերտ Քոչարյանն «Ա1+»-ի հարցին:

««Ա1+»-ն այն ժամանակ եղել է մի տաղավար, երկու սենյակ: Լսարանը չափազանց փոքր, մրցույթ է հայտարարվել հաճախականության համար, իրենք, երևի համարելով, որ անգերազանցելի են, տվել են մի առաջարկ 3 էջի վրա՝ ձեռքով գրած»,- նշում է Քոչարյանը:

Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հռչակած Նիկոլ Փաշինյանին հաճախ է Քոչարյանը քննադատում խոսքի ազատությունը ճնշելու, ընդդիմադիրներին կալանավորելու ու նրանց դեմ բիրտ ուժ կիրառելու համար:

«Հիմա ֆեյսբուքյան լայք դնելու համար աշխատանքից են հեռացնում: Սա ավելի վատ է։ 10 տարվա ընթացքում մեկ ցույց է ցրվել 2004 թվականին, խորհրդարանի մոտ, մեկ ցույց, եղել է 15 րոպե, մի մարդ հիվանդանոց չի դիմել»,- ասում է երկրորդ նախագահը:

2004-ի ապրիլի 13-ին Բաղրամյան պողոտան ոստիկանները բացել էին՝ Քոչարյանի հրաժարականը պահանջող ցուցարարների նկատմամբ բռնի ուժ կիրառելով: Լրագրողների վրա են հարձակվել, տեսախցիկները կոտրել:

Այդ օրվա դեպքերի մասին նկարագրված է նաև Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի տարեկան զեկույցում: Ըստ այդ զեկույցի՝ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել: Մի շարք ցուցարարներ վնասվածքներ են ստացել՝ լուսաձայնային նռնակների, ջրցան մեքենաների և մահակների կիրառման հետևանքով: Ապրիլյան ցույցերից հետո ոստիկանությունը ձերբակալել և հարցաքննել է 115 մարդու:

Քոչարյանի կառավարման տարիները միջազգային զեկույցներում հիշատակվել են նաև Հյուսիսային պողոտայի կառուցապատման դեպքերով, որ մարդկանց տներից վտարեցին անհամաչափ փոխհատուցում տալով՝ այդպիսով խախտելով նրանց իրավունքնները:

Մարտի 1-ի արյունալի դեպքերն էլ հիշեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդը, որ իր պաշտոնավարման ավարտից օրեր առաջ տեղի ունեցան, երբ ինքը հեռանում էր ու արդեն Հայաստանի նախագահն էր Սերժ Սարգսյանը: Ու չնայած ուժային կառույցները գործել են օրվա իշխանության որոշմամբ, Ռոբերտ Քոչարյանը մեղադրեց Նիկոլ Փաշինյանին, որ այն ժամանակ առաջին նախագահ Լևոն Տեր -Պետրոսյանի գլխավորած ընդդիմության դեմքերից մեկն էր:

«Մարտի 1-ի դեպքերը, որտեղ սադրողը և հիմնական պատասխանատուն և մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն էր»,- պնդեց Քոչարյանը:

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանն ու մյուս առանցքային դեմքերը արդարացվել են Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ 2021-ին Սահմանադրական դատարանի որոշման հիմքով: Հետո Վճռաբեկը բեկանեց այս որոշումը, գործն ուղարկեց նոր քննության: Քոչարյանին ու նրա նախկին ենթականերին արդեն մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորություններն անցնելու հոդվածով: Այս հոդվածի համար սահմանված վաղեմության ժամկետն էլ է անցել, բայց Նիկոլ Փաշինյանն այս քարոզարշավի ընթացքում էլի սպառնում է Մարտի 1-ով Քոչարյանին ազատությունից զրկել. «Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի, կարճ-կոնկրետ»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը:

Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադարձավ 2018-ից հետո, երբ Մարտի 1-ի գործով կալանավորվեց: Անցած ընտրություններում երկրորդ նախագահի գլխավորած դաշինքն իշխող ուժի գլխավոր մրցակիցն էր, 21 տոկոս վստահության քվե ստացան ու դարձան խորհրդարանական ամենամեծ ընդդիմությունը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG