Այսօր Արագածոտնի մարզում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավին՝ դասերի ժամին աշակերտների ու մանկավարժների մասնակցությունից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցրել է, որ արգելվում է նախընտրական քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը հանրային ծառայության մեջ գտնվողներին, բժշկական կազմակերպությունների, ուսումնական, նախադպրոցական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։
Հանձնաժողովը կոչ է արել նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգրքի կարգավորումների շրջանակում՝ բացատրելով, որ վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական և նյութական այն միջոցներն են, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք:
Այսօր ավելի վաղ լրագրողներն արձանագրել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին մասնակցելու էին եկել դպրոցների աշակերտներ ու ուսուցիչներ:
Կրթության նախարարությունն, իր հերթին, հայտարարել է, որ Արագածոտնի մարզում այսօր «քաղաքական քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով քննություն կանցկացնի»: Բայց ոչ նախարարությունը, ոչ էլ ԿԸՀ-ն իրենց հաղորդագրություններում կոնկրետ ՔՊ-ի անունը չեն նշել:
Ի տարբերություն այս կառույցների՝ «Ականատես» դիտորդական առաքելությունը ուղիղ է հայտարարում, որ Ապարան համայնքում ՔՊ-ի քարոզարշավին իրենց դիտորդներն արձանագրել են վարչական ռեսուրսի չարաշահման, հանրակրթական ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության արգելքի խախտման և քարոզչությանը անչափահասների ներգրավման դեպքեր:
«Դիտորդներն անձամբ ականատես են եղել, թե ինչպես են որոշ դպրոցների ղեկավարներ և մանկավարժներ հեռախոսազրույցների ընթացքում բարձրաձայն և խիստ տոնով հրահանգավորում՝ պահանջելով ապահովել երեխաների պարտադիր և կազմակերպված մասնակցությունը։ Ըստ հաստատված տվյալների՝ Ծաղկաշեն գյուղի դպրոցի տնօրենը ոչ միայն ազատել է աշակերտներին դասերից հանրահավաքին մասնակցելու համար, այլև երեխաներին է բաժանել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նրա քաղաքական քարոզչության հետ ասոցացվող խորհրդանիշներով շապիկներ։ Դիտորդները փաստել են, որ երեխաների և աշխատակիցների հավաքագրման կազմակերպիչը եղել է Արագածոտնի մարզպետի տեղակալ Էդգար Փարվանյանը։ Վերջինս տեղում ակտիվորեն համակարգել է մարդկանց տեղաշարժը, անձամբ դիմավորել է երեխաներին, նրանց բաժանել քարոզչական բնույթի դրոշներ և հստակ հրահանգներ տվել ներկաներին, թե ով որտեղ պետք է տեղակայվի միջոցառման ընթացքում», - հայտարարում է «Ականատեսը»՝ եզրափակելով, որ որ հանրային պաշտոն զբաղեցնող անձի և դպրոցի տնօրինության կողմից սեփական լիազորությունների և պաշտոնեական դիրքի նմանօրինակ չարաշահումը «ենթակա է խիստ իրավական գնահատականի»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր Ուջանում քարոզարշավի ժամանակ «Ազատության» հարցին ի պատասխան անդրադառնալով տեղի ունեցածին, վստահեցրեց, որ «որևէ խախտում չի կարող անհետևանք մնալ»:
«Ես հանձնարարել եմ՝ ծառայողական քննություն է նշանակված, ամեն ինչ կպարզաբանվի: Բայց վաղը բրիֆինգ կանեմ, կպատասխանեմ», - ասաց Փաշինյանը:
«Ամենակարևորը՝ որ 2026-ին Հայաստանում հաստատված է խաղաղություն»
Վարչապետն այսօր իր գրեթե բոլոր ելույթներում ըստ էության նույն շեշտադրումներ է անում, նույն հայտարարություններն է անում տարբեր մարզերում: Արդեն ութ տարի իշխանությունը ստանձնած քաղաքական ուժի ղեկավարը շարունակում է նախկին իշխանություններին մեղադրել թալանի, կողոպուտի մեջ, ու ինչպես 2021-ին՝ դարձյալ գրեթե նույն շեշտադրմամբ հայտարարում է, թե պատժելու է նրանց:
«Նույն կալուգացի օլիգարխը մանկապարտեզի վրա հոսանքի ավել փող ա գրել, գողացել, զորամասի վրա հոսանքի ավել փող ա գրել, գողացել, դպրոցի վրա հոսանքի ավել փող ա գրել, գողացել, պետական հիմնարկների վրա հոսանքի ավել փող ա գրել, գողացել: Հետո ասում են՝ «մենք տեսած ենք», տեսած մարդը տենց բան չի անի, տենց բան կարա անի միայն ու միայն չտեսը: Դուք տեսած մարդ չեք, դուք չտես եք, բայց դուք անպայման տեսնելու եք, դուք անպայման տեսնելու եք ժողովրդական բռունքի հարվածի ուժը, և դա տեսնելու եք 2026 թվականի հունիսի 7-ին», - հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը:
«Բայց էս ամեն ինչը, ինչ որ խոսեցի, իրականում ամենակարևորը չի, ժողովուրդ: Ամենակարևորը բոլորովին ուրիշ բան ա՝ ամենակարևորը էն ա, որ 2026 թվականին Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խա-ղա-ղութ-յուն, և էս խաղաղության առիթով շնորհավորում եմ բոլորիդ», - ընդգծեց վարչապետը՝ հավելելով. - «Բայց էդ խաղաղությունը էսօր ունի թշնամիներ»:
Փաշինյանը իր ելույթների առաջին հատվածը սոցիալական թեմաներին է նվիրում, կենսաթոշակների բարձրացումից է խոսում, առողջության համապարփակ ապահովագրությունից: Սակայն նա այսօր, ըստ էության, մոռացավ նշել, որ, օրինակ, նույն Արագածոտնի մարզում միջին աշխատավարձերը պաշտոնապես շատ ավելի ցածր են, քան Հայաստանի մի շարք այլ մարզերում, այս վիճակագրությամբ վատագույն երրորդ ցուցանիշն ունի Արագածոտնի մարզը: Նա նաև չխոսեց այն մասին, որ այս մարզը ամենաարագ դատարկվողներից մեկն է: