Մատչելիության հղումներ

Հայ-ռուսական հարաբերություններում ներկա պահին որոշ հարցեր կան, որոնք քննարկում ենք. Մնացական Սաֆարյան

Լրացված
Մնացական Սաֆարյանը, արխիվ
Մնացական Սաֆարյանը, արխիվ

Հայ-ռուսական հարաբերություններում ներկա պահին որոշ հարցեր, խնդիրներ կան, որոնք մենք քննարկում ենք մեր ռուս գործընկերների հետ, հայտարարել է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը:

Դիվանագետը հավելել է, որ պաշտոնական Երևանը երկխոսության միջոցով է փորձում հասցեագրել այդ հարցերը:

«Ես դա ճգնաժամ չէի անվանի, երբ աշխարհում կան այսպիսի զարգացումներ, նորմալ է, որ առաջանում են հարցեր միմյանց նկատմամբ: մենք փորձում ենք երկխոսության միջոցով հասցեագրել այդ հարցերը», - ասել է դիվանագետը:

Ինչ վերաբերում է Զելենսկու այցի հետ կապված Հայաստանին ներկայացված հայտագրին, Մնացական Սաֆարյանն ասաց. «Եթե կարիք լինի, մենք դրան կպատասխանենք: Կապված էր այստեղ կայացած գագաթաժողովի հետ»:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չի տեսնում:

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները լայն օրակարգ ունեն: Եթե այդ հարաբերությունների ամբողջ սպեկտրը հաշվի առնենք, այո, որոշ տեղերում կարող են հարցեր լինել, բայց ընդհանուր առմամբ, ճգնաժամ չեմ տեսնում հարաբերություններում», - ասաց Գրիգորյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Երևանում հայտարարել էր, թե Մոսկվան այս տարի որոշել է առանց ռազմական տեխնիկայի անցկացնել շքերթը, քանի որ «նաև վախենում են, որ շքերթի պահին Կարմիր հրապարակի վրայով անօդաչուներ կբզզան», ԱԽ քարտուղարն ասաց. «Ես ծանոթ չեմ այդպիսի հայտարարությունների: Մենք չենք կարող հետևել՝ ով ինչ հայտարարություն է անում: Կարծում եմ՝ կարևոր է՝ Հայաստանն ինչպիսի հայտարարություն է անում»:

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր լրագրողների հետ զրույցում չի մեկնաբանել պաշտոնական Մոսկվայից հնչող հայտարարությունները՝ նշելով. «ԱԳՆ հայտարարությունը ավելացնելու ոչինչ չունեմ»:

Երևանում եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ միջոցառումներից հետո պաշտոնական Մոսկվայից կոշտ հայտարարություններ հնչեցին: Նախ ԱԳՆ խոսնակը դժգոհեց, ապա գերատեսչություն կանչեցին Հայաստանի դեսպանին՝ Ուկրաինայի նախագահի՝ Երևան այցի կապակցությամբ վրդովմունք հայտնելով, նախօրեինէլ պնդեցին, թե Բրյուսելին մերձեցող Երևանի քայլերի վրա աչք փակել չեն կարող:

Պաշտոնական Երևանը չէր արձագանքել Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարություններին:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG