Միացյալ Նահանգները կվերսկսի Իրանի դեմ պատերազմը, եթե Թեհրանը չհամաձայնի Վաշինգտոնի պայմաններին, հայտարարել է Դոնալդ Թրամփը: ԱՄՆ նախագահը սոցցանցում գրել է, որ իրանական նավահանգիստների շրջափակումն էլ թույլ կտա Հորմուզի նեղուցը բացել բոլորի համար, այդ թվում՝ Իրանի:
«Եթե նրանք չհամաձայնեն, կսկսվեն ռմբակոծությունները, և դրանք, ցավոք, շատ ավելի մեծ ծավալի ու ինտենսիվության կլինեն, քան նախկինում էին», - գրել է Թրամփը իր Truth Social սոցցանցում:
New York Post-ի հետ զրույցում էլ ԱՄՆ նախագահն ասել է, որ դեռ շատ վաղ է Իրանի հետ ուղիղ բանակցելու համար:
Իրանի արտգործնախարարության խոսնակն ISNA գործակալությանն ասել է, որ Թեհրանը քննարկում է Վաշինգտոնի վերջին առաջարկը և իր տեսակետը կփոխանցի միջնորդ Պակիստանին: Թե երբ, Էսմայիլ Բաղային չի նշել: Իրանցի մի պաշտոնյա էլ, ում անունը չի նշվում, Tasnim գործակալությանն ասել է, որ ամերիկյան առաջարկներում անընդունելի դրույթներ կան:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ խոստացել է ապահովել նավերի անվտանգ անցումը Հորմուզով, «եթե դրանք հետևեն Թեհրանի սահմանած ընթացակարգերին», որոնք ուժի մեջ են մտել օրերս։ Դրանց համաձայն՝ նեղուցը հատել ցանկացող նավերը պետք է դա համակարգեն Իրանի հետ և նախապես թույլտվություն ստանան։
Մինչ այդ Axios-ը և Reuters իրենց աղբյուրներին հղումով հայտնել էին, որ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են պատերազմն ավարտելու հուշագրի համաձայնեցմանը: Դրանով Թեհրանը պարտավորվում է հրաժարվել ուրանի հարստացումից: Դրա դիմաց Վաշինգտոնը կվերացնի Իրանի դեմ պատժամիջոցները և թույլ կտա օգտվել արևմտյան բանկերում իրանական սառեցված միջոցներից: Կողմերը նաև պարտավորվում են վերացնել Հորմուզի շրջափակումը։ Ըստ Axios-ի՝ մնացել է մի քանի կետ համաձայնեցնել, որոնց շուրջ Թեհրանի պատասխանը Վաշինգտոնն ակնկալում է ստանալ առաջիկա 48 ժամում:
Իրանցի պատգամավոր Էբրահիմ Ռեզային, սակայն, հայտարարել է, որ Axios-ի հրապարակումն «ամերիկյան ցանկությունների ցուցակ» է, ոչ ավելին: ԱՄՆ-ն ձախողված պատերազմի միջոցով չի ստանա այն, ինչին չկարողացավ հասնել ուղիղ բանակցությունների ժամանակ, ասել է նա: Al Jazeera-ն էլ իր աղբյուրներին հղումով հաղորդում է, որ հիմա բանակցությունները կենտրոնացած են Հորմուզը վերաբացելու վրա, իսկ միջուկային ծրագիրը չի քննարկվում:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարճ ժամանակով դադարեցնում է Հորմուզի վերաբացման գործողությունը, որպեսզի տեսնի՝ արդյոք Իրանի հետ հնարավոր կլինի համաձայնության գալ: Իրանական նավահանգիստների շրջափակումը, այդուհանդերձ, կշարունակվի, գրել էր նա:
Իրանական պետական լրատվամիջոցները Հորմուզի վերաբացումը դադարեցնելու որոշումը որպես հաղթանակ են ներկայացնում: Tasnim-ը գրում է, որ «Թրամփը նահանջել է» և փորձում է «կոծկել Իրանի դեմ գործողության ձախողումը»։ IRNA-ն էլ դա անվանել է «ԱՄՆ պարտություն»՝ նշելով, որ Թրամփն օգտագործել է իր «վերջին խաղաքարտը»։
Իրանի արտգործնախարարը Չինաստանում իր պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կընդունի պատերազմը դադարեցնելու միայն «արդար և համապարփակ համաձայնագիր»:
«Մենք կանենք մեր լավագույնը՝ բանակցություններում մեր օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար: Մենք ընդունում ենք միայն արդար և համապարփակ համաձայնագիր», - հայտարարել է Աբբաս Արաղչին:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, արձագանքելով Վաշինգտոնից հնչող հայտարարություններին, թե Թեհրանը պետք է ընդունի պարտությունն ու հանձնվի, հայտարարել է, որ «ոչ ոք չի կարող Իրանին ստիպել հանձնվել»։
Մինչ Իրանում հաղթանակ են համարում Հորմուզը վերաբացելու գործողության դադարեցումը, ԱՄՆ-ն և Պարսից ծոցի մի շարք երկրներ ՄԱԿ-ում բանաձև են մշակել՝ ապահովելու նեղուցով անվտանգ նավագնացությունը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձևի քվեարկությունը սպասվում է առաջիկաում: ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել վետո չկիրառել:
«Կարծում եմ՝ սա իսկական փորձություն է ՄԱԿ-ի համար որպես կազմակերպություն, որը կարող է գլոբալ խնդիրներ լուծել: Ո՞րն է ՄԱԿ-ի նպատակը: ՄԱԿ-ը պետք է լինի մի վայր, որտեղ հնարավոր կլինի խաղաղ ճանապարհով գլոբալ հակամարտություններ լուծել», - հայտարարել է Մարկո Ռուբիոն:
Իսկ Լիբանանի հարավում այս ընթացքում պատերազմը չի դադարել: Իսրայելը հայտարարել է, որ «Հեզբոլա»-ին պատկանող նոր օբյեկտների է հարվածել: Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված շարժումն, իր հերթին, հարվածել է իսրայելական բանակին: ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Իսրայելը չի հավակնում Լիբանանին պատկանող որևէ տարածքի, և կողմերը կարող են հասնել խաղաղության, եթե չլինի «Հեզբոլա»-ն:
«Ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ Լիբանանի և Իսրայելի միջև խաղաղության համաձայնագիրը միանգամայն հնարավոր է, և դա պետք է տեղի ունենա ... Խնդիրը ոչ թե Իսրայելն է կամ Լիբանանը, այլ՝ «Հեզբոլա»-ն», - պնդել է Ռուբիոն:
Լիբանանում պատերազմի հետևանքով սպանվել է ավելի քան 2 հազար 700, վիրավորվել՝ 8 ազար 300-ից ավելի մարդ: