Այսօրվանից ամերիկյան ուժերը կսկսեն ուղեկցել «չեզոք» երկրներին պատկանող նավերին, որպեսզի դրանք կարողանան դուրս գալ Հորմուզի նեղուցից, հայտարարել է ԱՄՆ նախագահը: Սակայն Դոնալդ Թրամփը չի մանրամասնել, թե ինչպես:
Truth Social-ում արած գրառման մեջ Թրամփն այս քայլը «մարդասիրական» ժեստ է անվանել, որպեսզի այդ նավերը կարողանան ազատ շարունակել իրենց աշխատանքը։
Թրամփը նաև զգուշացրել է, որ գործողություններ կձեռնարկվեն, եթե Իրանը փորձի միջամտել ամերիկյան առաքելությանը։ «Եթե որևէ կերպ միջամտություն լինի այս մարդասիրական գործընթացին, դժբախտաբար, ստիպված կլինենք ուժով արձագանքել»,- գրել նա:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան առաքելութունը ներառելու է ականակիրներ,100 օդանավ, անօդաչուներ, ինչպես նաև 15,000 զինծառայող։ Հաղորդագրությունում, սակայն, չի նշվում, թե ինչպես են գործադրվելու այս միջոցները։
Axios-ի թղթակիցը, հղում անելով ԱՄՆ երկու պաշտոնյայի, հայտնել է, որ ռազմածովային ուժերի նավերը չեն ուղեկցելու առևտրային նավերին, այլ պարզապես գտնվելու են «մոտակայքում» հարձակումներն ըստ անհրաժեշտության կանխելու համար։
ԱՄՆ նախագահը նշել է, որ գործողությունն իրականացվում է նեղուցում արգելափակված նավեր ունեցող երկրների խնդրանքով։ Փետրվարի 28-ին Իրանի դեմ մեկնարկած ամերիկա-իսրայելական համատեղ հարձակմանն ի պատասխան՝ Իրանն արգելափակել է Հորմուզով տարանցվող բեռնափոխադրումների զգալի մասը։
«Աշխարհի տարբեր երկրներ, որոնց մեծ մասը մերձավորարևելյան վեճի մաս չեն․․․դիմել են Միացյալ Նահանգներին՝ խնդրելով օգնել ազատել իրենց նավերը, որոնք արգելափակված են Հորմուզի նեղուցում», - գրել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը հանձնարարել է՝ համապատասխան երկրներին տեղեկացնել, որ «լավագույն ջանքերը կգործադրեն», որպեսզի նավերն ու անձնակազմներն ապահով կերպով դուրս գան արգելափակումից։ ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ գործողությունը նպատակ ունի օգնել «հանգամանքների զոհ դարձած» ընկերություններին և երկրներին, որոնք սննդի և անհրաժեշտ այլ պարագաների պակաս ունեն։
Նախագահը նաև տեղեկացրել է Մերձավոր Արևելքում պատերազմն ավարտելու ուղղությամբ Իրանի հետ «դրական քննարկումներ» են ընթանում:
Թեհրանից զգուշացրել են՝ նեղուցում գործողություններ կատարելը հրադադարի խախտում կհամարեն։ «Հորմուզի նեղուցի նոր ռեժիմի պայմաններում ամերիկյան որևէ միջամտություն հրադադարի խախտում կհամարվի»,- X-ում գրել է Իրանի խորհրդարանի անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։
«Չեզոք» երկրների նավերին Հորմուզի նեղուցից դուրս «ուղեկցելու» մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախօրեին արված հայտարարությունից քիչ անց Միացյալ Թագավորության ծովային առևտրի գործակալությունը հայտնել է, որ անհայտ ծագման արկը լցանավի է հարվածել ջրուղում, գրում է Reuters-ը։
Քիչ մանրամասներ են հայտնի։ Նշվում է միայն, որ դեպքը տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների ափից 78 ծովային մղոն հեռավորության վրա, տուժածներ չկան։
Իրանի զինված ուժերը սպառնում են հարվածներ հասցնել ամերիկյան ռազմանավերին, եթե դրանք փորձեն մուտք գործել Հորմուզի նեղուց՝ արգելափակումից դուրս բերելով այնտեղ կուտակված առևտրային նավերը։
«Մենք զգուշացնում ենք, որ ցանկացած օտար ուժ, այդ թվում՝ ագրեսիվ ԱՄՆ բանակը, Հորմուզի նեղուցին մոտենալու կամ մուտք գործելու դեպքում կենթարկվի հարձակման», - Tasnim գործակալության փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Իրանի բանակի կենտրոնական հրամանատարության ղեկավար Ալի Աբդոլահի Ալիաբադին։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ ժամեր առաջ կանխել են ամերիկյան ռազմանավերից մեկի մուտքը Հորմուզի նեղուց։
«Մեր ռազմածովային ուժերի վճռական և օպերատիվ նախազգուշացման շնորհիվ կանխվել է ամերիկյան սիոնիստական թշնամական ուժերի էսկադրային ականակրի մուտքը Հորմուզի նեղուց»,-հաղորդում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական տելեգրամյան ալիքը։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Միացյալ Նահանգներին և Իրանին կոչ է արել համատեղ վերաբացել Հորմուզի նեղուցը։
«Ամենից առաջ մենք ուզում ենք Միացյալ Նահանգների և Իրանի կողմից համակարգված վերաբացում, դա Հորմուզի նեղուցի վերաբացման միակ լուծումն է, որը թույլ կտա Հորմուզի նեղուցը վերաբացել մշտապես, ապահովել ազատ նավարկությունը և դա անել առանց սահմանափակումների կամ վճարների»,- ասել է Մակրոնը Հայաստանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ:
«Մենք չենք մասնակցելու որևէ ռազմական գործողության, որի շրջանակն ինձ համար պարզ չէ», - ասել է Ֆրանսիայի առաջնորդը։
«Եթե Միացյալ Նահանգները պատրաստ է վերաբացել Հորմուզի նեղուցը, դա շատ լավ է։ Դա այն է, ինչ մենք խնդրել ենք հենց սկզբից», - հավելեց Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահը նաև ընդգծեց Լիբանանում հրադադարի պահպանման կարևորությունը:
Վաշինգտոնը հերքել է լուրերը, թե իրանական զինուժն ամերիկյան ռազմանավ է հրթիռակոծել Հորմուզում: Ըստ Կենտրոնական հրամանատարության՝ ամերիկյան ուժերն ակտիվորեն աջակցում են նեղուցում նավագնացությունը վերականգնելու ջանքերին։ Դրանց շնորհիվ՝ ԱՄՆ դրոշի ներքո նավարկող առևտրային երկու նավ արդեն հաջողությամբ անցել է նեղուցով, նշել է հրամանատարությունը:
Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները հայտարարել են, որ երկրի ՀՕՊ համակարգը կարողացել է չեզոքացնել Իրանից արձակված երեք հրթիռները, հաղորդում է Reuters գործակալությունը։
Դրան զուգահեռ, իրանական հարվածային ԱԹՍ-ն թիրախավորել է ԱՄԷ տարածքում գտնվող Ֆուջեյրա քաղաքի նավթային համալիրը։
«Հարվածի հետևանքով Հնդկաստանի երեք քաղաքացի հոսպիտալացվել է», - հաղորդում են տեղական իշխանությունները։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարում է՝ Հորմուզի իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ քաղաքական ճգնաժամի ռազմական լուծում չկա:
«Քանի որ բանակցությունները առաջընթաց են գրանցում Պակիստանի բարեհամբույր ջանքերի շնորհիվ, ԱՄՆ-ն պետք է զգույշ լինի, որ չարամիտների կողմից կրկին ճահիճ չքաշվի։ Նույնը պետք է անեն նաև ԱՄԷ-ն։ «Ազատություն» նախագիծը փակուղի է», - X-ում գրել է Արաղչին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ Իրանը «կվերանա երկրի երեսից», եթե թիրախավորի Հորմուզի նեղուցը վերաբացել ցանկացող ամերիկյան նավերը:
Զգուշացումը հնչում է այն ժամանակ, երբ Վաշինգտոնը առաջ է տանում ծովային գործողություն՝ ուղեկցելու առևտրային նավերին Պարսից ծոցում, որտեղ ավելի քան 800 նավ և շուրջ 20,000 անձնակազմ մնացել են փակված նեղուցի երկայնքով:
Մայիսի 4-ին Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ Իրանի պաշտոնյաները վերջին բանակցություններում դարձել են «շատ ավելի ճկուն»։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ամերիկյան երկու ռազմանավ հետ են մղել իրանական հարձակումը, անցել Հորմուզի նեղուցը և մտել Պարսից ծոց, որտեղ 800-ից ավելի նավ և շուրջ 20,000 անձնակազմ դեռ արգելափակված է:
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս գործողության ժամանակ ԱՄՆ զինուժն իրանական յոթ մոտորանավակ է խոցել: Թեև իրանական պետական Tasnim-ը հերքել է նրա հայտարարությունը՝ նշելով, թե երկու փոքր բեռնատար նավ է խոցվել, ինչի հետևանքով հինգ քաղաքացիական անձ է զոհվել։