Այսօրվանից ամերիկյան ուժերը կսկսեն ուղեկցել «չեզոք» երկրներին պատկանող նավերին, որպեսզի դրանք կարողանան դուրս գալ Հորմուզի նեղուցից, հայտարարել է ԱՄՆ նախագահը: Սակայն Դոնալդ Թրամփը չի մանրամասնել, թե ինչպես:
Truth Social-ում արած գրառման մեջ Թրամփն այս քայլը «մարդասիրական» ժեստ է անվանել, որպեսզի այդ նավերը կարողանան ազատ շարունակել իրենց աշխատանքը։
Թրամփը նաև զգուշացրել է, որ գործողություններ կձեռնարկվեն, եթե Իրանը փորձի միջամտել ամերիկյան առաքելությանը։ «Եթե որևէ կերպ միջամտություն լինի այս մարդասիրական գործընթացին, դժբախտաբար, ստիպված կլինենք ուժով արձագանքել»,- գրել նա:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան առաքելութունը ներառելու է ականակիրներ, 100 օդանավ, անօդաչուներ, ինչպես նաև 15,000 զինծառայող։ Հաղորդագրությունում, սակայն, չի նշվում, թե ինչպես են գործադրվելու այս միջոցները։
Axios-ի թղթակիցը, հղում անելով ԱՄՆ երկու պաշտոնյայի, հայտնել է, որ ռազմածովային ուժերի նավերը չեն ուղեկցելու առևտրային նավերին, այլ պարզապես գտնվելու են «մոտակայքում» հարձակումներն ըստ անհրաժեշտության կանխելու համար։
ԱՄՆ նախագահը նշել է, որ գործողությունն իրականացվում է նեղուցում արգելափակված նավեր ունեցող երկրների խնդրանքով։ Փետրվարի 28-ին Իրանի դեմ մեկնարկած ամերիկա-իսրայելական համատեղ հարձակմանն ի պատասխան՝ Իրանն արգելափակել է Հորմուզով տարանցվող բեռնափոխադրումների զգալի մասը։
«Աշխարհի տարբեր երկրներ, որոնց մեծ մասը մերձավորարևելյան վեճի մաս չեն․․․դիմել են Միացյալ Նահանգներին՝ խնդրելով օգնել ազատել իրենց նավերը, որոնք արգելափակված են Հորմուզի նեղուցում», - գրել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը հանձնարարել է՝ համապատասխան երկրներին տեղեկացնել, որ «լավագույն ջանքերը կգործադրեն», որպեսզի նավերն ու անձնակազմներն ապահով կերպով դուրս գան արգելափակումից։ ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ գործողությունը նպատակ ունի օգնել «հանգամանքների զոհ դարձած» ընկերություններին և երկրներին, որոնք սննդի և անհրաժեշտ այլ պարագաների պակաս ունեն։
Նախագահը նաև տեղեկացրել է Մերձավոր Արևելքում պատերազմն ավարտելու ուղղությամբ Իրանի հետ «դրական քննարկումներ» են ընթանում:
Թեհրանից զգուշացրել են՝ նեղուցում գործողություններ կատարելը հրադադարի խախտում կհամարեն։ «Հորմուզի նեղուցի նոր ռեժիմի պայմաններում ամերիկյան որևէ միջամտություն հրադադարի խախտում կհամարվի»,- X-ում գրել է Իրանի խորհրդարանի անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։
Նախքան պատերազմը Հորմուզի նեղուցով էր անցնում աշխարհում սպառվող նավթի և գազի 20 տոկոսը։