Վաշինգտոնը հերքել է լուրերը, թե իրանական զինուժն ամերիկյան ռազմանավ է հրթիռակոծել Հորմուզում: Ըստ Կենտրոնական հրամանատարության՝ ամերիկյան ուժերն ակտիվորեն աջակցում են նեղուցում նավագնացությունը վերականգնելու ջանքերին։ Դրանց շնորհիվ՝ ԱՄՆ դրոշի ներքո նավարկող առևտրային երկու նավ արդեն հաջողությամբ անցել է նեղուցով, նշել է հրամանատարությունը:
Մինչդեռ այս հայտարարությունից մի քանի ժամ առաջ իրանական Fars-ը հայտնել էր, թե Իրանի զինուժը Ջասկ կղզու մոտ հարվածել է ամերիկյան ռազմանավի, որն անտեսել էր նեղուցին չմոտենալու զգուշացումները: Հարձակումից հետո, ըստ գործակալության, ամերիկյան ռազմանավը հետ է գնացել: Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, անանուն մնալու պայմանով, Reuters-ին ասել է, որ Իրանը նախազգուշական կրակ է բացել ամերիկյան նավի ուղղությամբ՝ կանխելու դրա մուտքը նեղուց:
Արաբական Միացյալ Էմիրություններն, իր հերթին, հայտարարել է, որ Իրանը Հորմուզում անօդաչուներով թիրախավորել է իր դատարկ նավթատարներից մեկը, ինչը ծովահենություն է որակել: Հրադադարից ի վեր առաջին անգամ երկրում հրթիռային տագնապ է հայտարարվել։ Այս իրադարձությունների ֆոնին նավթի գինը 5 տոկոսով բարձրացել է՝ հասնելով 109 դոլարի մեկ բարելի դիմաց:
Պարսից ծոցում իրավիճակը կրկին լարվեց, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ այսօրվանից ամերիկյան ռազմածովային ուժերը կսկսեն «չեզոք» երկրներին պատկանող նավերին օգնել, որպեսզի դրանք ապահով անցնեն Հորմուզը: ԱՄՆ նախագահը նշել էր, թե սա մարդասիրական քայլ է, որն արվում է նեղուցում արգելափակված նավեր ունեցող երկրների խնդրանքով:
«Հանուն Իրանի, Մերձավոր Արևելքի և ԱՄՆ-ի բարօրության՝ մենք այս երկրներին ասել ենք, որ նրանց նավերն անվտանգ դուրս կբերենք սահմանափակումներով գործող այս ջրային ուղիներից», - գրել է Թրամփը իր Truth Social սոցցանցում։
Նա նշել է, որ ուժով կարձագանքեն ցանկացած միջամտության այս գործընթացին, որը կոչել է «Ազատության նախագիծ»։
Axios-ի թղթակիցը, հղում անելով ԱՄՆ երկու պաշտոնյայի, հայտնել էր, որ ԱՄՆ ռազմանավերը չեն ուղեկցի առևտրային նավերին, այլ պարզապես կլինեն մոտակայքում՝ հնարավոր հարձակումները կանխելու համար։
Իրանական զինուժն էլ զգուշացրել էր՝ Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը պետք է համակարգվի իր հետ։ Իրանը նաև ԱՄՆ-ին սպառնացել էր հարձակմամբ, եթե փորձեն որևէ գործողություն անել նեղուցում։
«Մենք զգուշացնում ենք, որ ցանկացած օտարերկրյա զինուժ, մասնավորապես՝ ամերիկյան ագրեսիվ բանակը, հարձակման կենթարկվի, եթե փորձի մոտենալ և մտնել Հորմուզի նեղուց», - ասվում էր հայտարարության մեջ։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ Հորմուզի նեղուցի նոր քարտեզ էր հրապարակել, որում նշված է, թե որ հատվածներն են իրենց վերահսկողության տակ։ Ցանկացած նավ, որը կխախտի նեղուցում Իրանի հաստատած կարգը, կկանգնեցվի ուժով, հայտարարել էր կորպուսի խոսնակը։
Չնայած Հորմուզում այս լարվածությանը՝ Դոնլադ Թրամփը նաև պնդել է, թե պատերազմն ավարտելու ուղղությամբ Իրանի հետ «դրական քննարկումներ» են ընթանում: Իրանի արտգործնախարարության խոսնակն էլ հայտարարել է, որ Իրանն ստացել է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ նոր առաջարկը և հիմա քննարկում է այն: Էսմայիլ Բաղային, սակայն, դժգոհել է, որ ԱՄՆ-ն շարունակում է անիրատեսական պահանջներ դնել:
«Հետևաբար, մենք դեռ գործ ունենք մի կողմի հետ, որը և՛ անընդհատ փոխում է իր դիրքորոշումները, և՛ բարձրացնում է հարցեր, որոնք գործնականում կարող են խաթարել ցանկացած դիվանագիտական գործընթաց», - ասել է Բաղային:
Իրանի թեման ակտիվ քննարկվում էր նաև այսօր Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում: Ֆրանսիայի նախագահն, օրինակ, հայտարարեց, թե իր երկիրը չի մասնակցի Հորմուզում ԱՄՆ նոր առաքելությանը:
«Մենք ամենից շատ ցանկանում ենք, որ Իրանն ու ԱՄՆ-ն համատեղ վերաբացեն նեղուցը։ Սա միակ լուծումն է, որը թույլ կտա Հորմուզի նեղուցը վերաբացել մշտապես, ապահովել ազատ նավարկությունը և դա անել առանց սահմանափակումների կամ վճարների», - ընդգծեց Էմանյուել Մակրոնը:
Այս ֆոնին Պակիստանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ապրիլի 20-ին Օմանի ծոցում գրաված իրանական Touska բեռնատար նավի անձնակազմի 22 անդամներին ուղարկել է Պակիստան, որպեսզի փոխանցվեն Իրանին։ Իսկ նավը կվերադարձվի Պակիստանի տարածքային ջրեր՝ անհրաժեշտ վերանորոգումից հետո իր սեփականատերերին վերադարձնելու համար։ Ըստ Պակիստանի արտգործնախարարության՝ ԱՄՆ-ի այս քայլը «վստահության ամրապնդման միջոց» է։
Ու մինչ անորոշ է և՛ Հորմուզի նեղուցը բացելու, և՛ Իրանի պատերազմն ավարտվելու հեռանկարը, Իսրայելի բանակը Լիբանանում օդային նոր հարվածներ է հասցրել Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքներին: Հարավում կատաղի մարտեր են ընթանում Լիբանան ներխուժած իսրայելական բանակի և Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի մարտիկների միջև։