Արաբական Միացյալ Էմիրություններն ու Հարավային Կորեան հայտնել են, որ երեկ Հորմուզում իրենց նավերը հարձակման են ենթարկվել, իսկ Ֆուջեյրա նավթային նավահանգստում հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել: Մի շարք երկրներ դատապարտել են այս հարձակումները: Իրանցի պաշտոնյան, ում անունը չի նշվում, ասել է, որ դրանք Հորմուզում ԱՄՆ «արկածախնդրության» ուղիղ հետևանքն են:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության կարգավորումը կարող է տևել մոտ երկու-երեք շաբաթ։
ABC News-ի փոխանցմամբ՝ նա այս կանխատեսումն արել է Hugh Hewitt Podcast-ին տված հարցազրույցում, նշելով, որ հակամարտությունը կարող է շարունակվել ևս երկու կամ երեք շաբաթ, բայց Վաշինգտոնը չի կենտրոնանում հստակ ժամկետների վրա։
Թրամփը հրաժարվել է մեկնաբանել՝ արդյոք հրադադարի ռեժիմն ավարտված է, հատկապես երբ երեկ հարվածներ էին հասցվել Միացյալ Արաբական Էմիությունների տարածքին։
Միացյալ Նահանգների նախագահը նաև կարծիք է հայտնել, որ Իրանի հարստացված ուրանը կարող է «կիրառելի չլինել», միևնույն ժամանակ նշելով, որ ցանկանում է այդ հարստացված ուրանը «վերահսկողության տակ վերցնել»։
ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են անհրաժեշտության դեպքում վերսկսել ռազմական գործողությունները Իրանի դեմ։ Այսօր հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«Եթե Իրանը պատրաստ չէ կատարել գործարքի իրեն բաժին հասած մասը կամ կնքել պայմանագիր, ապա ԱՄՆ պաշտպանության նախարարությունը գտնվում է մարտական պատրաստվածության վիճակում»,- ասել է Հեգսեթը՝ հավելելով, սակայն, որ «հույս ունեն, որ դա տեղի չի ունենա»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացման գործողությունը՝«Ազատություն նախագիծ»-ը, կարճ ժամանակով կդադարեցվի՝ տեսնելու, թե արդյոք հնարավոր է համաձայնագիրը վերջնականապես կնքել և ստորագրել՝ նշելով Իրանի հետ համապարփակ համաձայնագրի հասնելու ուղղությամբ «մեծ առաջընթացը»։ Նախագահ Թրամփը շեշտել է, որ շրջափակումը կմնա ուժի մեջ։
«Մենք փոխադարձաբար համաձայնության ենք եկել, որ չնայած «Շրջափակումը» կմնա լիարժեք ուժի մեջ, «Ազատություն» նախագիծը կարճ ժամանակով կդադարեցվի՝ տեսնելու, թե արդյոք համաձայնագիրը կարող է վերջնականապես կնքվել և ստորագրվել», -սոցիալական ցանցերում գրել է Թրամփը:
Թեհրանից առայժմ արձագանք չկա:
Սպիտակ տունը դեռևս չի մանրամասնել գրանցված առաջընթացի կամ դադարի տևողության վերաբերյալ:
Իսրայելի բանակն այսօր հրատապ նախազգուշացում է տարածել Լիբանանի հարավում գտնվող 12 քաղաքների և գյուղերի բնակիչների, այդ թվում՝ Լիտանի գետից հյուսիս գտնվող որոշ բնակավայրերի համար՝ կոչ անելով լքել իրենց տները՝ նշելով, որ «Հեզբոլա»-ն խախտել է հրադադարի համաձայնագիրը։
Զինվորականները նշել են, որ «Հեզբոլա»-ի զինվորականների կամ օբյեկտների մոտ գտնվող քաղաքացիական անձինք կարող են վտանգի տակ լինել:
Իրանը Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի հետ բանակցություններում կընդունի միայն «արդար և համապարփակ համաձայնագիր», այսօր հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:
«Մենք կանենք մեր լավագույնը՝ բանակցություններում մեր օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար», - ասել է Իրանի արտգործնախարարը Պեկինում՝ Չինաստանի գլխավոր դիվանագետի հետ հանդիպումից հետո, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
«Մենք ընդունում ենք միայն արդար և համապարփակ համաձայնագիր»,- ասել է Արաղչին՝ ուղիղ չանդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որ Հորմուզի նեղուցի վերաբացման գործողությունը՝ «Ազատություն նախագիծ»-ը, կարճ ժամանակով կդադարեցվի՝ տեսնելու, թե արդյոք հնարավոր է համաձայնագիրը վերջնականապես կնքել և ստորագրել:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իսրայելը չի հավակնում Լիբանանին պատկանող տարածքի և Լիբանանն ու Իսրայելը կարող են հասնել խաղաղության, եթե չլինի «Հեզբոլա»-ն:
«Ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ Լիբանանի և Իսրայելի միջև խաղաղության համաձայնագիրը միանգամայն հնարավոր է և դա պետք է տեղի ունենա ... Խնդիրը ոչ թե Իսրայելն է կամ Լիբանանը, այլ «Հեզբոլան»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:
«ԱՄՆ և Իրանը ավարտում են խաղաղության հաստատման շուրջ մեկ էջանոց հուշագրի համաձայնեցումը»,- ամերիկյան դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով հաղորդում է Axios կայքը։
Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ հուշագրով Իրանը պարտավորվելու է հրաժարվել ուրանի հարստացումից։ «Դրա դիմաց Վաշինգտոնը կվերացնի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները և հնարավորություն կտա Թեհրանին օգտվել արևմտյան բանկերում գտնվող սառեցված իրանական միջոցներից»,- գրում է Axios-ը։
Կայքի տեղեկություններով Վաշինգտոնն ու Թեհրանը նաև պարտավորվելու են ապաշրջափակել Հորմուզի նեղուցը։ Axios-ի աղբյուրները նաև նշել են, որ Վաշինգտոնում հուշագրի վերաբերյալ իրանական կողմի պատասխանը սպասում են առաջիկա 48 ժամերին։
«Եթե Իրանը չհամաձայնի [մեր պայմաններին], ռմբակոծությունները, ցավոք սրտի, կշարունակվեն ավելի մեծ ծավալով ու ինտենսիվությամբ», -Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Եթե ենթադրենք, որ Իրանը կհամաձայնի կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածութունները (սա իհարկե մեծ ենթադրություն է), ապա արդեն իսկ լեգենդար դարձած «Էպիկական ցասում» գործողությունը կարելի կլինի ավարտված համարել», - հավելել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփի պնդմամբ՝ Իրանի ծովային շրջափակումը «հնարավորություն կտա բացել Հորմուզի նեղուցը բոլորի, այդ թվում՝ Իրանի համար»։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստանում է ապահովել նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով՝ «եթե դրանք հետևեն Թեհրանի կողմի սահմանված ընթացակարգերին»։
X-ում հրապարակված հայտարարության մեջ կորպուսը նշել է․ «Ագրեսորի կողմից գեներացվող սպառնալիքների բացակայության և Իրանի կողմից մշակված նոր ընթացակարգերի գործողության պայմաններում, անվտանգ և կայուն անցումը Հորմուզի նեղուցով երաշխավորված կլինի»։