Մատչելիության հղումներ

եթերում Իսրայելը և Լիբանանը երկարաձգել են հրադադարը, Թրամփը սպասում է Իրանի հետ «լավագույն գործարքին»

Գլխավորը՝ համառոտ

16:20 14.3.2026

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրին հայտարարել է, որ իրանական ռազմածովային ուժերը հարվածների «մի քանի շարունակական ալիքներ» են սկսել Արաբական Միացյալ Էմիրությունների ալ-Զաֆրայում, Քուվեյթի ալ-Ադիրիում և Բահրեյնի Շեյխ Իսայում գտնվող ռազմաբազաներում տեղակայված ամերիկյան ուժերի դեմ։

Թանգսիրիի խոսքով՝ իրանական ուժերը թիրախավորել են Patriot ռադարային համակարգերը, ինքնաթիռները և ինքնաթիռների վառելիքի պահեստավորման բաքերը։

16:48 14.3.2026

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանի հետ արդեն երկու շաբաթ ընթացող հակամարտությունը մտնում է «վճռական փուլ»։

Իսրայել Կացը նաև շնորհավորել է Դոնալդ Թրամփին երեկ երեկոյան Իրանի կարևորագույն նավթային կղզուն՝ Խարգին, «ծանր հարված» հասցնելու համար՝ այն անվանելով «Հորմուզի նեղուցի ականապատ տարածքներին համարժեք պատասխան»։

Կացը նաև ասել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը «շարունակում են Թեհրանի և ամբողջ Իրանի վրա հարձակումների հզոր ալիքը», բայց ընդգծել է, որ միայն Իրանի ժողովուրդը կարող է վերջ դնել հակամարտությանը՝ տապալելով գործող ռեժիմը։

16:50 14.3.2026

Հնդկաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆաթհալին հայտարարել է, որ Թեհրանը հնդկական մի քանի նավի թույլ է տվել անվտանգ անցնել Հորմուզի նեղուցով, որն Իրանը փակ է պահում արդեն երկու շաբաթ։ Դեսպանը, սակայն, չի մանրամասնել, թե քանի նավի մասին է խոսքը։

Երեկ էլ Իրանը թուրքական մի նավի էր թույլ տվել անցնել նեղուցով, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի և նավթամթերքի մոտ 20 տոկոսը։

16:57 14.3.2026

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Իսրայելին կոչ է արել ուղիղ բանակցություններ վարել Լիբանանի հետ և առաջարկել է դրանք անցկացնել Փարիզում։

X-ում գրառման մեջ նա նշել է, որ խոսել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի, վարչապետ Նաուաֆ Սալամի և խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրիի հետ, հավելելով, որ «պետք է ամեն ինչ արվի, որպեսզի Լիբանանը չընկնի քաոսի մեջ»։

Մակրոնն Իրանի աջակցությունը վայելող և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա» զինյալ խմբավորմանը կոչ է արել չսրել իրավիճակը, իսկ Իսրայելին՝ զերծ մնալ իր «ինտենսիվ ռմբակոծություններից» և «լայնածավալ հարձակումից», ինչի պատճառով հարյուր հազարավոր մարդիկ են ստիպված եղել տեղահանվել։

«Լիբանանի գործադիր իշխանությունը հայտնել է իր պատրաստակամությունը՝ Իսրայելի հետ ուղիղ բանակցություններ սկսելու»,- նշել է Ֆրանսիայի նախագահը՝ պնդելով, որ Իսրայելը պետք է փորձի հրադադարի հասնել։

17:08 14.3.2026

Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով Մերձավոր Արևելքում արդեն երկու շաբաթ ընթացող պատերազմում հազարավոր մարդիկ են սպանվել։

Ստորև՝ զոհերի թիվն ըստ երկրների, որ ի մի է բերել Al Jazeera-ն.

Իրան – 1444 զոհ;

Լիբանան – 773 զոհ;

Իսրայել – 14 զոհ;

ԱՄԷ – 6 զոհ;

Բահրեյն – 2 զոհ;

Սաուդյան Արաբիա – 2 զոհ;

Քուվեյթ – 6 զոհ;

Օման – 3 զոհ;

ԱՄՆ զինուժ -11 զոհ;

Իրաք – 26 զոհ:

17:18 14.3.2026

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Բեյրութի արևելքում Իսրայելի հասցրած օդային հարվածի հետևանքով այսօր զոհվել է առնվազն մեկ մարդ, ևս չորսը վիրավորվել են։

Իսրայելական բանակը պատերազմի ընթացքում ուժեղ հարվածներ է հասցրել Լիբանանին այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ «Հեզբոլա» զինյալ խմբավորումը հրթիռներ արձակեց Իսրայելի դեմ՝ ի պատասխան Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանության։

Իսրայելը պնդում է, որ հարվածում է Իրանի աջակցությունն ստացող և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի հրամանատարական կետերին և ենթակառուցվածքներին, որոնք օգտագործվում են Իսրայելին հարվածելու համար։

11:37 15.3.2026

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Ուկրաինայի ամբողջ տարածքը հետայսու լեգիտիմ թիրախ է իր երկրի համար:

«Աջակցություն ցուցաբերելով իսրայելական ռեժիմին անօդաչու թռչող սարքերի միջոցով՝ ձախողված Ուկրաինան փաստացի ներգրավվել է պատերազմում և, համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի, իր ամբողջ տարածքը վերածել է Իրանի համար օրինական թիրախի», - գրել է Ազիզին X սոցիալական ցանցում:

Հինգշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Փարիզում հանդիպել է Իրանի վերջին շահի որդի Ռեզա Փահլավիի հետ: Զելենսկին սոցցանցերում հայտնել է, որ թագաժառանգ արքայազնի և նրա թիմի հետ հետ քննարկել է իրավիճակը Իրանում և ամերիկյան գործողության ընթացքը:

«Կարևոր է, որպեսզի իրանական ռեժիմը ոչ մի բանում չհաղթի, և որպեսզի մարդիկ Իրանում ավելի շատ հնարավորություններ ստանան պաշտպանելու իրենց կյանքը և որոշելու իրենց ճակատագիրը», - գրել է Զելենսկին:

Ֆրանսիա - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Իրանի շահի որդի Ռեզա Փահլավիի հանդիպումը Փարիզում, 12-ը մարտի, 2026թ.
Ֆրանսիա - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Իրանի շահի որդի Ռեզա Փահլավիի հանդիպումը Փարիզում, 12-ը մարտի, 2026թ.


13:20 15.3.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թեև Իրանի ռազմավարական Խարգ կղզու մեծ մասը ոչնչացվել է Միացյալ Նահանգների օդային հարվածներով, ինքը կարող է հրահանգել հետագա հարձակումներ՝ Իրանի պատասխան հարձակումների հետևանքով նավթային արդյունաբերության խափանումների վերաբերյալ արաբական երկրների հաղորդումների ֆոնին:

«Մենք կարող ենք հարվածել [կղզուն] ևս մի քանի անգամ, պարզապես զվարճանքի համար», - ասել է Թրամփը երեկ NBC News-ին:

13:23 15.3.2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերիլենդի «Էնդրյուս» ռազմակայանում զրուցում է լրագրողների հետ, 13-ը մարտի, 2026թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերիլենդի «Էնդրյուս» ռազմակայանում զրուցում է լրագրողների հետ, 13-ը մարտի, 2026թ.

Իրանը ցանկանում է գործարք կնքել, բայց ԱՄՆ-ն չի ցանկանում, քանզի գործարքի «պայմանները դեռ բավականաչափ լավը չեն», Միացյալ Նահանգների նախագահն ասել է ամերիկյան NBC News հեռուստաալիքին։

Հրաժարվելով ասել, թե որոնք կլինեն այդ պայմանները, Դոնալդ Թրամփը նշել է, որ միջուկային ցանկացած նկրտումներից հրաժարվելու Իրանի պարտավորությունը հնարավոր գործարքի մաս կկազմի։

Reuters լրատվական գործակալությունն էլ իր աղբյուրները վկայակոչելով հաղորդում է, որ Թրամփի վարչակազմը մերժել է Իրանի հետ պատերազմին վերջ դնելուն ուղղված դիվանագիտական բանակցություններ սկսելու՝ մերձավորարևելյան դաշնակիցների, այդ թվում՝ Օմանի, Եգիպտոսի ջանքերը: Սպիտակ տունը հասկացրել է, որ հետաքրքրված չէ նման շփումներով:

«Այժմ նրան դա չի հետաքրքրում, և մենք շարունակելու ենք ռազմական գործողությունը: Հնարավոր է՝ նման օր կգա, բայց ոչ հիմա», - ասել է ամերիկացի բարձրաստիճան աղբյուրը:

Պաշտոնական Թեհրանը, իր հերթին, մերժել է կրակի դադարեցման հնարավորությունը, քանի դեռ չեն դադարել ԱՄՆ և Իսրայելի հարվածները, Reuters-ին ասել են իրանցի երկու բարձրաստիճան աղբյուրներ: Իրանական կողմը պնդում է, որ պետք է դադարեցվեն ավիահարվածները և կատարվեն իր պահանջները, այդ թվում՝ փոխհատուցումը հրադադարի շուրջ հնարավոր համաձայնության շրջանակում:

Գործակալության զրուցակիցների փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության կորպուսում համոզված են, որ Իրանը Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու դեպքում կպարտվի պատերազմում:


13:46 15.3.2026

Դոնալդ Թրամփը NBC News-ին ասել է, որ մի քանի երկրներ պարտավորվել են օգնել Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման հարցում, թեև հրաժարվել է անուններ նշել։

Սպիտակ տան ղեկավարը նաև անտեսել է նավթի գների բարձրացման վերաբերյալ մտավախությունները։ «Այնքան շատ նավթ, գազ կա, այնքան շատ կա այնտեղ, բայց գիտեք, դրանց մատակարարումը մի փոքր արգելափակվել է։ Դա շատ շուտով կվերականգնվի», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։



Բեռնել ավելին

XS
SM
MD
LG