Իրաքի Էրբիլ շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է ֆրանսիացի վեց զինվոր, որոնք ահաբեկչության դեմ պայքարի պատրաստություն էին անցնում իրաքցի գործընկերների հետ: Այս մասին հայտնում են Ֆրանսիայի զինված ուժերը:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ավելի ուշ տեղեկացրել է, որ զինվորներից մեկը մահացել է՝ դրա համար մեղադրելով «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը:
Դուբայում ԱԹՍ-ները հարվածել են առևտրային օդանավակայանին կից ֆինանսական ենթակառուցվածքը: Տուժածներ չկան:
Մարտի 13-ի վաղ առավոտյան Իրանը կրկին մի քանի հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդել է Թել Ավիվը: Արտակարգ ծառայությունները հայտնում են, որ երկրի հյուսիսում երկու մարդ վիրավորվել է:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն փետրվարի 28-ին պատերազմի սկսվելուց ի վեր իր առաջին մամուլի ասուլիսում կրկին հայտարարել է, որ անհրաժեշտ է օգնել իրանցի ժողովրդին տապալել Թեհրանի ռեժիմը:
«Մենք օպտիմալ պայմաններ ենք ստեղծում ռեժիմը տապալելու համար», - նշել է նա:
Ժամեր անց իրանական ԶԼՄ-ները հաղորդել են երկրի մայրաքաղաք Թեհրանում տեղի ունեցած մի քանի պայթյունների մասին:
Իսրայելը նաև հարվածել է Լիբանանին՝ Բեյրութի հյուսիսային հատվածին։ Տուժածների մասին չի հաղորդվում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի առաջնորդներին անվանել է «խելագար սրիկաներ» և ասել, որ իր համար մեծ պատիվ էր սպանել նրանց:
Սոցիալական ցանցերում տարածված գրառման մեջ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ամբողջությամբ ոչնչացնում է Իրանի ահաբեկչական ռեժիմը»:
Իսրայելի բանակը տարհանման ազդանշան է տվել Թեհրանին և Ղազվինին՝ հորդորելով բնակիչներին հեռանալ նախապատրաստվող հարվածից առաջ:
Իսրայելական կողմը հաղորդել է, որ վերջին մեկ օրում ավելի քան 200 թիրախի են հարվածել արևմտյան և կենտրոնական Իրանում: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն էլ հայտնել է, որ պատերազմի սկսվելուց ի վեր 6 հազար թիրախ են խոցել Իրանում:
Կարմիր մահիկի տվյալներով՝ պատերազմի ընթացքում ամերիկա-իսրայելական ուժերը Իրանում 24 հազարից ավելի քաղաքացիական թիրախի են հարվածել, որոնցից մոտ 20 հազարը՝ բնակելի:
Լրագրողները Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուից հետաքրքրվել են, թե ինչ է սպասվում Իրանի նոր գերագույն առաջնորդին և «Հեզբոլա»-ի առաջնորդին: Նեթանյահուն ակնարկել է, որ կարող են սպանել նրանց, ապա նշել է, որ Մոջթաբա Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խամաճիկն է և չի ներկայանում հանրությանը:
«Ես կյանքի ապահովագրության պոլիսներ չէի տրամադրի ահաբեկչական կազմակերպության որևէ առաջնորդի և մտադիր չեմ ճշգրիտ հաշվետվություն տալ, թե ինչ ենք պլանավորում կամ ինչ ենք անելու», - ասել է նա։
Անօդաչուների հարձակման են ենթարկվել նաև Սաուդյան Արաբիան, Օմանը, որտեղ երկու զոհ կա:
Դեռ փակ է Հորմուզի նեղուցը, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը: ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ փակ պահել նեղուցը և ստեղծված իրավիճակի համար ԱՄՆ-ին է մեղադրել:
Հորմուզի փակ լինելու հետևանքով նավթի գինը շարունակում է բարձր մնալ՝ ավելի քան 100 դոլար մեկ բարելի դիմաց:
Սպիտակ տունը հայտարարել է՝ նավթի պահանջարկը բավարարելու և շուկայում կայունություն ապահովելու նպատակով 30 օրով թույլ է տրվում գնել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթն ու նավթամթերքը, որն արդեն բեռնված է նավերում:
Ավստրալիան արդեն իր պաշարներից նավթ է բաց թողել:
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը սխալ է համարում որևէ պատճառով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը։ Այս մասին կանցլերը հայտարարել է այն բանից հետո, երբ Միացյալ Նահագները 30-օրյա բացառություն է տվել երկրներին՝ ծովում մնացած ռուսական նավթը և նավթամթերքները գնելու համար։
Մերցն ընդգծել է, որ նավթի ռազմավարական պաշարների օգտագործումը կօգնի «որոշ չափով» վերահսկել գները։