«Իհարկե, Իրանը կմասնակցի Աշխարհի առաջնությանը և կխաղա ԱՄՆ-ում. ՖԻՖԱ-ի նախագահ
Իրանը կմասնակցի Աշխարհի առաջնությանը և կխաղա ԱՄՆ-ում, այս մասին Վանկուվերում կայացած Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսի ժամանակ հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն.
«Իհարկե, Իրանը կմասնակցի 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությանը։ Եվ, իհարկե, Իրանը կխաղա Ամերիկայի Միացյալ Նահանգներում», - հայտարարել է Ինֆանտինոն։
«Եվ դրա պատճառը շատ պարզ է, մենք պետք է միավորվենք։ Դա իմ պատասխանատվությունն է, մեր պատասխանատվությունը»,- հավելել է ՖԻՖԱ-ի ղեկավարը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադառնալով Իրանի մասնակցությանն, ասել է. «Եթե Ինֆանտինոն է դա ասել, ապա ես համաձայն եմ դրա հետ»:
Իրանը որակավորվել է մրցաշարին, սակայն Թեհրանը խնդրել էր խմբային փուլի խաղերը ԱՄՆ-ից տեղափոխել Մեքսիկա։ ՖԻՖԱ-ն, սակայն, մերժել էր այդ մասին Իրանի դիմումը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ կառավարությունը դեմ չէ Իրանի հավաքականի մասնակցությանը 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությանը՝ չնայած երկու երկրների միջև հակամարտությանը։
«ԱՄՆ-ից որևէ կերպ չի ասվել, թե նրանք չենք կարող գալ», - ասել էր Ռուբիոն՝ հավելելով, սակայն, որ Իրանի հավաքականի հետ ԱՄՆ ճամփորդել չեն կարողանա Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊՀ) հետ կապեր ունեցող անձինք։
Արաբական Միացյալ Էմիրությունները նախօրին իր քաղաքացիներին արգելել է ճամփորդել Իրան, Լիբանան և Իրաք՝ որոշումը կապելով մերձավորարևելյան պատերազմի և անվտանգային մտահոգությունների հետ։
«Հաշվի առնելով տարածաշրջանային ընթացիկ զարգացումները՝ Արտաքին գործերի նախարարությունը ԱՄԷ քաղաքացիների համար Իրանի Իսլամական Հանրապետություն, Լիբանանի Հանրապետություն և Իրաքի Հանրապետություն ճափորդելու արգելք է սահմանում», - հաղորդել է պետական WAM լրատվական գործակալությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ արտաքին քաղաքական գերատեսչությունը երեք երկրներում գտնվող ԱՄԷ քաղաքացիներին հորդորել է շտապ հայրենիք վերադառնալ։
Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ավիահարվածներին ի պատասխան՝ Իրանը սկսեց թիրախավորել Ծոցի երկրների, այդ թվում՝ Էմիրությունների ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ փոխկապակցվող օբյեկտներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցին «Իրանի շուրջ զարգացումներին միջամտելու համար»։
«Գերմանիայի կանցլերը ավելի շատ ժամանակ պետք է ծախսի ռուս - ուկրաինական պատերազմի [դադարեցման] վրա։ Այս հարցում նա որևէ արդյունավետություն չի ցուցաբերել։ Լավ կլիներ նաև, որ Մերցը ոչ թե խառնվեր այն մարդկանց գործերին, որոնք ցանկանում են չեզոքացնել Իրանի միջուկային սպառնալիքը, այլ զբաղվեր ճգնաժամում գտնվող իր երկրում առկա խնդիրներով, օրինակ՝ ներգաղթով կամ էներգետիկայով», - հայտարարել է Թրամփը։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը վերահաստատել է Հորմուզի նեղուցը վերահսկելու Թեհրանի մտադրությունը։
Իրանում այսօր տոնում են Հորմուզի նեղուցում Պորտուգալիայի դեմ Սեֆյան Պարսկաստանի 1622 թվականին տարած հաղթանակը։
Այս կապակցությամբ Ղալիբաֆը X-ում գրառում է կատարել՝ նշելով. «Վերահսկելով Հորմուզի նեղուցը՝ [Իրանը] իր և իր հարևանների համար Ամերիկայի ներկայությունից և միջամտությունից զերծ ապագայի թանկագին երջանկությունը կապահովի»։
Հորմուզի նեղուցի կառավարման նոր կարգը հանդարտություն կպարգևի Ծոցի երկրներին. Մոջթաբա Խամենեի
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին գրավոր ուղերձով հայտարարել է, որ Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի համար նոր էջ է ձևավորվում՝ փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի մեկնարկից հետո։
Խամենեիի վստահեցմամբ՝ Թեհրանը կապահովի Ծոցի տարածաշրջանի անվտանգությունը և կվերացնի, իր բնորոշմամբ, «թշնամու կողմից ջրուղու չարաշահումը»։
Հոր՝ Ալի Խամենեիի սպանությունից հետո երկրի հոգևոր առաջնորդի պաշտոնը ստանձնած Մոջթաբա Խամենեին հավելել է, որ Հորմուզի նեղուցի կառավարման նոր կարգը հանդարտություն, առաջընթաց և տնտեսական օգուտներ կպարգևի Ծոցի բոլոր երկրներին։
Պաշտոնը ստանձնելուց հետո Խամենեին դեռևս չի հայտնվել հանրության առջև, եղել են միայն գրավոր հաղորդագրություններ նրա անունից։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը բռնագրավել է Իրանին պատկանող «մոտ կես միլիարդ» կրիպտոարժույթ:
Սքոթ Բեսենթը պնդել է, որ տնտեսական ճնշման և իրանական նավահանգիստների ռազմածովային շրջափակման արդյունքում Իրանի կառավարությունն արդեն «ճգնաժամի» մեջ է հայտնվել: Ապա հավելել է, որ այս միջոցառումները մշտական վնաս կհասցնեն Իրանի տնտեսությանը։
Իրանում, մինչդեռ, համաձայն չեն ամերիկացի նախարարի պնդումների հետ: Խորհրդարանի խոսնակը հերքել է, թե տնտեսական ճնշումը խնդիրներ է ստեղծում Իրանի համար: Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը սոցցանցում գրել է, որ մինչ այժմ իրանական նավթահորերում պայթյուններ չեն եղել՝ հավելելով, որ երկիրը պատրաստ է դիմանալ տնտեսական ճնշմանը առնվազն ևս 30 օր։ Նա նաև քննադատել է Բեսենթին՝ Թրամփին վատ խորհուրդներ տալու համար:
Իսրայելը շարունակել է գործողություններն Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի դեմ Լիբանանի հարավում՝ հարվածելով մի քանի քաղաքի: Իսրայելական բանակը Բաթուլիե քաղաքում ջրամատակարարման կայանի է հարվածել, պայթեցրել ալ-Բայադում գտնվող զբոսաշրջային հանգստավայր։ Թայր Դեբբա քաղաքում էլ չորսամյա երեխա է սպանվել իսրայելական հարվածներից:
Իսրայելը նաև միջերկրական ծովում կանգնեցրել է նավատորմ, որը մարդասիրական օգնություն էր տեղափոխում Գազա:
Իրանի ռազմածովային շրջափակումը կշարունակվի այնքան, մինչև Թեհրանը չհամաձայնի գործարքի, որը կփարատի ԱՄՆ մտահոգություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Axios-ի հետ զրույցում ԱՄՆ նախագահն ասել է, որ շրջափակումն ավելի արդյունավետ է, քան ռմբակոծությունը: Նա պնդել է, թե շրջափակումը տնտեսապես խեղդում է Իրանին, իսկ հաջորդիվ էլ ավելի վատ է լինելու Թեհրանի համար: Թրամփը նաև պնդել է, թե Իրանը ցանկանում է գործարքի գնալ, սակայն ինքը չի ցանկանում շրջափակումը հանել, քանզի այն շատ արդյունավետ է ընթանում:
«Շրջափակումը հանճարեղ է, լա՞վ։ Շրջափակումը 100 տոկոսով անթերի է եղել։ Դա ցույց է տալիս, թե որքան լավն է մեր նավատորմը, կարող եմ դա ձեզ ասել։ Ոչ ոք խաղեր չի խաղալու»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Axios-ը նաև գրում է, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը սկսել է Իրանի դեմ «կարճատև և հզոր» հարձակման ծրագիր մշակել, եթե բանակցությունները ձախողվեն։ Լրատվամիջոցը գրում է, որ ԱՄՆ հրամանատարությունը նոր ծրագրի մասին Թրամփին կներկայացնի այսօր: Սպիտակ տունն ու Կենտրոնական հրամանատարությունը չեն մեկնաբանել լուրը:
Պուտինի՝ Իրանի հարցում օգնելու առաջարկից հետո Թրամփը Պուտինին կոչ է արել կենտրոնանալ Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկներ է արել Իրանի հարստացված ուրանի վերաբերյալ, սակայն Թրամփը նշել է, որ կնախընտրեր, որ Կրեմլը նախևառաջ կենտրոնանար Ուկրաինայի հետ պատերազմը դադարեցնելու վրա։
«Ես ասացի՝ «Ես շատ ավելի կնախընտրեի, որ դու ներգրավված լինեիր Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի գործում»», - ասել է Թրամփը՝ ամփոփելով ապրիլի 29-ին Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասները:
«Ես ասացի՝ նախքան ինձ օգնելը, ես ուզում եմ ավարտել ձեր պատերազմը», - հավելել է Թրամփը։
Թրամփը չի ներկայացրել Պուտինի՝ Իրանի հարցում օգնելու առաջարկի մանրամասները, սակայն Կրեմլն ավելի վաղ առաջարկել էր, որ կարող է հարստացված ուրանը դուրս բերել Իրանից՝ անվտանգության համար, առաջարկ, որը արևմտյան առաջնորդների մեծ մասը կտրականապես մերժել է։
Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնյաներին արգելվել է մուտք գործել Կանադա՝ մասնակցելու ՖԻՖԱ-ի նիստին Աշխարհի առաջնության մեկնարկից ընդամենը մի քանի շաբաթ առաջ։
Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը նշել էր, որ ֆեդերացիայի պատվիրակությունը, որի կազմում էին նաև ֆեդերացիայի նախագահը և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին անդամ Մեհդի Թաջը, Տորոնտոյի օդանավակայան ժամանելուց անմիջապես հետո որոշել են վերադառնալ հայրենիք՝ ինչպես իրենք են բնութագրել՝ ենթարկվել են «միգրացիոն ծառայության աշխատակիցների անընդունելի վարքագծին»:
Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ պատվիրակությունը Թուրքիա է վերադարձել առաջին իսկ չվերթով՝ օդանավակայանում միգրացիոն ծառայության աշխատակիցների վարքագծի և «Իրանի ազգի զինված ուժերի ամենապատվավոր մարմիններից մեկի նկատմամբ վիրավորանքի» պատճառով, հավանաբար նկատի ունենալով ԻՀՊԿ-ին։
Կանադայի կառավարությունն այս դեպքից հետո հայտարարել է՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնյաներին արգելվում է մուտք գործել Կանադա:
Կանադացի պաշտոնյաները թեև կոնկրետ դեպքերի մասին մեկնաբանություն չեն տվել, սակայն շեշտել են, որ 2024 թվականից Կանադայում ահաբեկչական կազմակերպություն համարվող ԻՀՊԿ անդամները «անընդունելի են Կանադայում և տեղ չունեն մեր երկրում»։