Մատչելիության հղումներ

Թրամփ. Իրանն ավելի արագ պետք է գործի

Գլխավորը՝ համառոտ

09:02 30.4.2026

Թրամփը Նեթանյահուին կոչ է արել խուսափել Լիբանանում պատերազմի լիակատար վերսկսումից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին ասել է, որ Իսրայելը պետք է Լիբանանում իրականացնի միայն թիրախային ռազմական գործողություններ և խուսափի պատերազմի լիակատար վերսկսումից։

«Ես Նեթանյահուին ասացի, որ նա պետք է դա ավելի թիրախային անի։ Ոչ թե շենքեր քանդի։ Նա չի կարող դա անել։ Դա չափազանց սարսափելի է»,- Axios-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը:

22:50 29.4.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններն ընթանում են հեռախոսով: Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը չեղարկեց ԱՄՆ բանակցողների նախատեսված այցը Պակիստան՝ Թեհրանի պաշտոնյաների հետ հանդիպելու համար։

19:29 29.4.2026

ԱՄՆ-ի պատերազմն Իրանի դեմ մինչև այժմ արժեցել է 25 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան՝ ներկայացնելով ռազմական ծախսերի առաջին պաշտոնական գնահատականը։

Վերահսկիչի պարտականությունները կատարող Ժյուլ Հըրսթը Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի օրենսդիրներին հայտնել է, որ այդ գումարի մեծ մասը ծախսվել է զինամթերքի վրա։

17:39 29.4.2026

Լիբանանում ավելի քան 1.2 միլիոն մարդ կարող է բախվել սուր սովի՝ Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև վերջին պատերազմի հետևանքով։

Այս թիվը հրապարակել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը՝ Պարենի համաշխարհային ծրագրի և Լիբանանի գյուղատնտեսության նախարարության համատեղ ուսումնասիրությունների արդյունքում։

Հայտարարության համաձայն՝ բնակչության գրեթե յուրաքանչյուր 4-րդը 2026 թվականի ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում կարող է բախվել պարենային անապահովության ճգնաժամային կամ ավելի ծանր մակարդակի։ Զեկույցում նշվում է, որ սա «էական վատթարացում» է՝ համեմատած մարտ ամսվա հետ։

«Վատթարացումը պայմանավորված է հակամարտությամբ, տեղահանությամբ և տնտեսական ճնշումներով»,- ասված է հայտարարության մեջ։

«Առանց շարունակական և ժամանակին տրամադրվող մարդասիրական ու կենսապահովման աջակցության՝ սուր պարենային անապահովությունը հավանաբար կխորանա»,- եզրահանգում են զեկույցի հեղինակները։

14:19 29.4.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ Իրանը «հնարավորինս շուտ խելքի գա»։

«Իրանը չի կարողանում կարգավորել իր գործերը։ Նրանք չգիտեն, թե ինչպես ստորագրել ոչ միջուկային համաձայնագիր։ Ավելի լավ է՝ շուտով խելքի գան», - Truth Social սոցիալական հարթակում գրել է Միացյալ Նահանգների նախագահը:

Հրապարակմանը կից ԱՄՆ նախագահը տեղադրել է իր պատկերազարդումը՝ արհեստական բանականությամբ գեներացված․ Թրամփը՝ ինքնաձիգը ձեռքին, և հետևյալ մակագրությամբ․ «ԱՅԼԵՎՍ ՈՉ ՄԻ ՊԱՐՈՆ ԲԱՐԻ ՏՂԱ» (NO MORE MR. NICE GUY!)։


13:17 29.4.2026

Մերձավոր Արևելքում պատերազմի մեկնարկից ի վեր Իրանում մահապատժի է ենթարկվել 21 մարդ, ձերբակալվել՝ 4 հազարը, հաղորդում է ՄԱԿ-ը:

«Առնվազն 9 մարդ մահապատժի է ենթարկվել 2026 թվականի հունվարյան բողոքի ցույցերին առնչության համար, 10-ը՝ ընդդիմադիր խմբավորումներին ենթադրյալ անդամակցության մեղադրանքով, և 2-ը՝ լրտեսության մեղադրանքով։ Փետրվարի 28-ից ի վեր գնահատվում է, որ Իրանում ազգային անվտանգության հետ կապված մեղադրանքներով ձերբակալվել է ավելի քան 4 հազար մարդ», - ասված է հաղորդագրությունում։

12:32 29.4.2026

Դոնալդ Թրամփն իր օգնականներին հանձնարարել է պատրաստվել իրանական նավահանգիստների երկարատև շրջափակմանը, գրում է ամերիկյան The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։ Թերթի տվյալներով՝ վերջին հանդիպումներին Թրամփը որոշել է շարունակել ճնշումը Իրանի տնտեսության և նավթի արտահանման վրա:

Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Թրամփը դիտարկել է նաև այլ տարբերակներ, այդ թվում՝ ռազմական գործողությունների վերսկսումը կամ հակամարտությունից դուրս գալը: Սակայն դրանք գնահատել է ավելի ռիսկային, քան շրջափակման պահպանումը։ Այս լուրի ֆոնին նավթի գները շարունակել են աճել: Brent տեսակի գինը հասել է 111 դոլարի մեկ բարելի դիմաց:

20:39 28.4.2026

«Իսրայելը Լիբանանի հանդեպ տարածքային նկրտումներ չունի», - այսօր հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։

«Մեր ներկայությունը Լիբանանի՝ Իսրայելի հյուսիսային հատվածին հարող շրջաններում միայն մեկ նպատակ է հետապնդում՝ ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը», - վստահեցրել է Իսրայելի ԱԳ նախարարը։

20:39 28.4.2026

«Իրանը Հորմուզի նեղուցն օգտագործում է որպես տնտեսական միջուկային զենք», -Fox News-ի հետ զրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները անգամ հպարտանում են, որ որպես պատանդ են պահում համաշխարհային էներգետիկ պաշարների 20-ից 25 տոկոսը։

«Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե նրանք միջուկային զենք ունենան։ Այդ դեպքում ողջ տարածաշրջանը կհայտնվի պատանդի կարգավիճակում», - ասել է Ռուբիոն։

Նախքան փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ ավիահարվածների մեկնարկը Հորմուզի նեղուցով անցնում էր համաշխարհային էներգետիկ մատակարարումների 20 տոկոսը։

18:37 28.4.2026

Իրանը ցանկանում է օր առաջ բացել Հորմուզի նեղուցը, պնդում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։

Truth Social սոցիալական ցանցում արված գրառմամբ Սպիտակ տան ղեկավարը պնդել է, որ իրանցիները «կապ են հաստատել [Վաշինգտոնի հետ] և տեղեկացրել, որ Իրանը կաթվածահար վիճակում է»։

Թրամփի խոսքով՝ իրանցիները այժմ փորձում են հասկանալ, թե ով է իրենց ղեկավարը։

«Կարծում եմ, որ նրանք կկարողանան դա անել»,-հավելել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը չի հստակեցրել, թե ինչպես են իրանցիներն այս ուղերձը փոխանցել Վաշինգտոնին, և Իսլամական Հանրապետության ղեկավար կազմից ով է այս ուղերձի հեղինակը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG