Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով Բեյրութում զոհվել է առնվազն չորս մարդ, հայտնում է Reuters-ը: Իսրայելը հայտարարել է, որ թիրախավորել է Լիբանանի մայրաքաղաքում գործող իրանցի հրամանատարներին։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Բեյրութի Ռաուչ շրջանի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է նաև 10 մարդ։
Իսրայելը հայտարարել է, որ թիրախավորել է Իրանի «Հեղափոխության պահապանների» էլիտար «Քուդս» ուժերի հիմնական հրամանատարներին, սակայն նրանց անունները չի նշել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում, որ էթնիկ քրդերը ցամաքային հարձակում սկսեն Իրանի ռեժիմի դեմ՝ ասելով, որ չի ցանկանում տեսնել, թե ինչպես են նրանք «վիրավորվում և սպանվում»։
«Ինչպես գիտեք, մենք շատ բարեկամական ենք քրդերի հետ, բայց չենք ուզում պատերազմն ավելի բարդ դարձնել, քան այն արդեն իսկ կա: Այո, ես դա բացառել եմ։ Ես չեմ ուզում, որ քրդերը մտնեն։ Ես չեմ ուզում, որ քրդերը վիրավորվեն և սպանվեն: Նրանք պատրաստ են մտնել, բայց ես նրանց ասել եմ, որ չեմ ուզում, որ նրանք մտնեն։ Պատերազմը բավականին բարդ է առանց քրդերի ներգրավման», - նշել է Թրամփը։
Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա «Կատյուշա» հրթիռներ են արձակվել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով անվտանգության աղբյուրներին և ականատեսներին:
Դեռևս հայտնի չէ զոհեր և տուժածներ կան, թե ոչ:
Այսօր հայ-իրանական անցակետում շարժը երեկվա համեմատ շատ ավելի քիչ էր: Իրանից այսօր Հայաստան տեղափոխվածները չցանկացան խոսել տեսախցիկի առաջ. հետագայում ծրագրում են վերադառնալ Իրան և եթե խոսն տեսախցիկի առաջ գուցե հետագայում անգամ իրենց կյանքին վտանգ սպառնա:
Ինչ է կատարվում Ագարակի անցակետում. մանրամանսերը՝ տեսանյութում
ԱՄՆ-ը դատապարտում է Իրանի ԱԹՍ հարձակումը Ադրբեջանի վրա, հայտարարում է Պետդեպարտամենտի փոխխոսնակ Թոմաս Փիգոտը:
«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է մարտի 5-ին Իրանի ռեժիմի կողմից Ադրբեջանի Հանրապետության դեմ իրականացված չհրահրված անօդաչու թռչող սարքի հարձակումը, որի թիրախը Նախիջևանի միջազգային օդանավակայանն ու մանկապարտեզն էին, որի հետևանքով վիրավորվել էին անմեղ քաղաքացիներ և վնասվել էին կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքները», - ասված է հայտարարությունում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր ֆրանսիացի գործընկեր Էմանյուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։
Զելենսկին հավելել է, որ Մակրոնը աջակցել է Ուկրաինայի ջանքերին՝ օգնելու տարածաշրջանին իր փորձագիտությամբ՝ հակազդելու իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ: Էրդողանն ընդգծել է Իրանի վրա ԱՄՆ-Իսրայել հարձակումներից հետո վերջին սրման վերաբերյալ մտահոգությունները, հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:
ՀՀ ԱԳՆ֊ն հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի / տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել Հայաստան վերադառնալու համար, կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար, հայտնում է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Հայաստանի 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, ում հետ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է: Քաղաքացիներն անվտանգ կեցավայրում են, սննդի ու դեղորայքի կարիք չունեն, հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Այս պահին ուսումնասիրվում են տեղափոխության ապահով ճանապարհները:
«Ռմբակոծությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տեղեկություններ չկան», - ասված է հաղորդագրությունում:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքով հարձակվել է Մալթայի դրոշի ներքո նավարկող նավթատար նավի վրա։ Հորմուզի նեղուցի մոտ տեղի ունեցած այս հարձակման թիրախը «Պրիմա» առևտրային անվանումով նավթատար նավն էր։
Նավին հասցված վնասի չափի մասին դեռևս որևէ տեղեկատվություն չի հրապարակվել։
ԻՀՊԿ-ին կից «Թասնիմ» լրատվական գործակալությունը գրել է, որ «Պրիման» անտեսել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի «նախազգուշացումները» «Հորմուզի նեղուցով անցման արգելքի» վերաբերյալ։
Իրանի տարածքի վրա ԱՄՆ-Իսրայելի համատեղ հարձակումներին ի պատասխան՝ ԻՀՊԿ-ն հայտարարել էր, որ կփակի Հորմուզի նեղուցը և թույլ չի տա որևէ նավթատարի անցնել։