ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «շատ ուժեղ հարված կստանա»։ Նա նշել է, որ դիտարկում է թիրախավորվող տարածքների ու մարդկանց խմբերի շրջանակը ընդլայնելու հնարավորությունը՝ առանց մանրամասներ ներկայացնելու։
«Այսօր Իրանը շատ ուժեղ հարված կստանա։ Իրանի վատ վարքագծի պատճառով լրջորեն քննարկվում է լիակատար ոչնչացման և անխուսափելի մահվան հարցը, այն տարածքները և մարդկանց խմբերը, որոնք մինչ այս պահը թիրախավորման համար չէին դիտարկվում», - նշել է Թրամփը Truth Social-ում։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 16 մարդ։
Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ պատերազմից ի վեր Իրանը մի քանի անգամ օգտագործել է կասետային զինամթերք։
Ոչ Իրանը, ոչ էլ Իսրայելը չեն միացել 2008 թվականի կասետային զինամթերքի արգելման մասին կոնվենցիային, որն արգելում է այդ զենքերի օգտագործումը, արտադրությունը, փոխանցումը և պահեստավորումը։
Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է FlyDubai ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը, հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Այս պահին նախատեսվում է, որ թռիչքը կիրականացվի տեղի ժամանակով 15-ին:
Մարտի 8-ին ժամը 21:30-ին նախատեսվում է Մասկատ-Երևան թռիչք, որի համար ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվում է ԱՄԷ-ից Օմանի օդանավակայան անվճար տեղափոխում:
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։
Հայաստանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին, ինչպես նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Պապիկյանն ու Չիկովանին կարևորել են կայունության և խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։
Իսրայելական բանակը շարունակել է Թեհրանի ռմբակոծությունը՝ օգտագործելով 80 կործանիչ
Ավելի վաղ Իրանից լուրեր էին ստացվել, որ Թեհրանի Էկբաթան քաղաքի և «Մեհրաբադ» օդանավակայանի մոտակայքում ծանր օդային հարվածներ են հասցվել, և որ Նազիաբադի 16-րդ շրջանի համայնքը նույնպես ավիահարվածի թիրախ է դարձել։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շաբաթ օրը հայտարարել է, որ երկրի ժամանակավոր ղեկավար խորհուրդը հաստատել է հարևան երկրների դեմ հարձակումների դադարեցումը, եթե այդ երկրներից Իրանի դեմ հարձակում չլինի, հայտնում է Reuters-ը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Բեռլինը համագործակցում է գործընկերների հետ՝ Իրանի հետ մարտական գործողությունները դադարեցնելու մոտեցում գտնելու համար: Նա նաև զգուշացրել է, որ չպետք է թույլ տալ, որ երկիրը ընկնի քաոսի մեջ, քանի որ պատերազմը տարածվում է Մերձավոր Արևելքում։
Մերցը նշել է, որ Գերմանիան կիսում է Միացյալ Նահանգների և Իսրայելի նպատակները՝ կանգնեցնել Թեհրանի միջուկային ծրագրերը։ Նա նաև ընդգծել է, որ Իրանի ժողովուրդն իրավունք ունի ինքնուրույն որոշելու իր ապագան։
«Սակայն, քանի որ մարտերը շարունակվում են և տարածվում, մենք նաև տեսնում ենք աճող ռիսկեր: Անվերջ պատերազմը մեր շահերից չի բխում», - ասել է Գերմանիայի կանցլերը հայտարարության մեջ։
Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի, հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Նրանից 38-ի համար, ովքեր ճամփորդելիս են եղել Qatar Airways-ի միջոցով, ավիաընկերության կողմից ապահովվել են կեցության, սնունդի բոլոր պայմանները։
«Կատարի տարածքում է գտնվում ևս 3 քաղաքացի, ում պարագայում ևս դիտարկվում են վերադարձի հնարավոր տարբերակներ։ Qatar Airways ընկերության մարտի 9-ի չվացուցակի մեջ այս պահի դրությամբ ներառված է դեպի Երևան չվերթը», - նշել է ԱԳՆ խոսնակը։
Նա նաև տեղեկացնում է, որ Վիետնամում այս պահին գտնվում է ՀՀ 12 քաղաքացի. «4-ը մարտի 7-ին կմեկնի Հոշիմին-Գուանճոու-Ալմաթի-Թբիլիսի թռիչքով, այնուհետ Թբիլիսիից մեքենաներով կվերադառնա Երևան։ 7-ը մարտի 9-ին վերադառնալու է Հայաստան Հոշիմին֊Ուրումչի֊Երևան երթուղիով, ևս մեկ քաղաքացի սպասում է Բահրեյն վերադառնալուն»:
Իսրայելը հարվածել է Իրանի «Մեհրաբադ» օդանավակայանին, հայտնում է Al Jazeera-ն: