Թեհրանի շենքերից մեկը՝ ԱՄՆ-Իսրայել օդային հարվածներից հետո։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ամերիկյան և բրիտանական երեք նավթատար նավեր է հրթիռակոծել Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում։
Հայտարարությունում նաև պնդում է արվում, որ հարվածներից հետո տանկերներում հրդեհ է բռնկվել։
Իսրայելի զինված ուժերը հայտարարել է, որ Իրանի դեմ արշավի շրջանակում պատրաստվում է գրեթե 100 հազար պահեստազորայինի մոբիլիզացնել և բարձրացնում է իր մարտական պատրաստվածության մակարդակը տարբեր ճակատներում։
The Times of Israel թերթի տվյալներով՝ առնվազն 50 հազար պահեստազորային արդեն իսկ ծառայության մեջ է։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահը հույս է ներշնչում երկրին, հայտարարել է նրա զարմիկ Մահմուդ Մորադխանին, որը բնակվում է Ֆրանսիայում և դեմ է Իսլամական Հանրապետությանը։
«Ինչպես իրանցիների մեծ մասը, ես երջանիկ եմ», - France Presse-ին ասել է Խամենեիի քույրերից մեկի որդին, որը բժիշկ է, - «Ես շատ ուրախ եմ Ալի Խամենեիի մահվան համար։ Կարծում եմ՝ սա քայլ է առաջ, հույս է»։
«Պատերազմը և ռազմական միջամտությունները մի փոքր դանդաղեցնում են քաղաքական գործընթացը, ինչը փոքր-ինչ ցավալի է, բայց գուցե մենք ստիպված էինք անցնել դրա միջով», - ասել է Մորադխանին։
Նա կանխատեսել է, որ իսլամական ռեժիմը հավանաբար չի կարողանա գոյատևել Խամենեիի սպանությունից հետո։ «Ռեժիմի ներքին մրցակցությունն այնքան մեծ է, որ այն չի կարողանա դիմադրել դրանց, այն պետք է անհետանա և իշխանությունը տա ժողովրդին», - հայտարարել է Մահմուդ Մորադխանին։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր օմանցի գործընկեր Բադր բին Համադ ալ Բուսաիդիին ասել է, որ Թեհրանը բաց է «լարվածությունը թուլացնելու նպատակով ցանկացած լուրջ ջանքերի» համար, ասվում է Օմանի արտգործնախարարության հայտարարությունում։
Արաղչին նաև ասել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարձակումները «տարածաշրջանում լարվածության և խուճապի սրման պատճառ են դարձել»։
Օմանը հանդես է եկել որպես միջնորդ Իրանի և Միացյալ Նահանգների միջև վերջերս կայացած միջուկային բանակցություններում, իսկ ալ Բուսաիդին ուրբաթ Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի նոր ղեկավարությունը ցանկանում է բանակցել իր վարչակազմի հետ, և ինքը պլանավորում է անել դա։
«Նրանք ուզում են բանակցել, և ես համաձայնել եմ բանակցել, այնպես որ ես կբանակցեմ նրանց հետ», - Դոնալդ Թրամփի խոսքերն է մեջբերել The Atlantic ամսագիրը։
«Նրանք դա պետք է ավելի շուտ անեին։ Նրանք պետք է ավելի շուտ անեին այն, ինչը շատ գործնական էր և հեշտ էր անել։ Նրանք չափազանց երկար սպասեցին», - հավելել է Թրամփը՝ առանց մանրամասնելու, թե երբ կկայանան բանակցությունները։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ շարունակվող հարվածների հետևանքով իրանցի 48 «առաջնորդ» է սպանվել։
«Ոչ ոք չի կարողանում հավատալ այն հաջողությանը, որ մենք ունենք։ 48 առաջնորդներ միանգամից սպանվեցին։ Եվ ամեն ինչ արագ է ընթանում», - Fox News-ին տված հարցազրույցում ասել է Դոնալդ Թրամփը։
«Մենք մեր աշխատանքն անում ենք ոչ միայն մեզ համար, այլև աշխարհի։ Եվ ամեն ինչ ժամանակացույցից առաջ է», - CNBC-ին տված հարցազրույցում էլ ասել է Թրամփը, - «Իրադարձությունները հիմա շատ դրական ձևով են զարգանում, շատ դրական»։
Հարցազրույցները ձայնագրվել են նախքան ԱՄՆ զինված ուժերն առաջին անգամ հայտարարեց, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում ամերիկյան կողմը ևս կորուստներ է կրել՝ երեք զոհ, հինգ ծանր վիրավոր, ևս մի քանի թեթև վիրավոր։
Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրանի արևմուտքում՝ Իրաքի հետ սահմանին մոտ գտնվող Մեհրան քաղաքում սահմանային գնդի շտաբ-բնակարանին հասցված հարվածի հետևանքով զոհվել է անվտանգության ուժերի ավելի քան 40 անդամ։
«Այս հարձակումը, որն ուղեկցվել է ռմբակոծությամբ, ցավոք սրտի հանգեցրեց 43 անվտանգության աշխատակիցների նահատակության, որոնց մեծ մասը սահմանապահներ էին, և մոտակա շենքերի որոշ հատվածներ նույնպես լուրջ վնասներ են կրել», - հայտնել է Mehr-ը։
Իրանական գործակալությունը նշել է, որ նախնական տեղեկություններով՝ հարվածը հասցրել են ԱՄՆ-ն և Իսրայելը։
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ «հրահանգներ է տրել Իրանի դեմ արշավը շարունակելու» համար՝ պաշտպանության նախարարի, շտաբի պետի և Ազգային անվտանգության ծառայության՝ «Մոսադ»-ի ղեկավարի հետ հանդիպմանը։
«Մեր ուժերը այժմ ավելի ու ավելի են հարվածում Թեհրանի սրտին, և դա առաջիկա օրերին միայն ավելի կուժեղանա», - Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության ուժերի կենտրոնակայանի («Կիրյա») շենքի տանիքից հղած ուղերձում ասել է Բենյամին Նեթանյահուն։
«Այնուամենայնիվ, սրանք ցավոտ օրեր են։ Երեկ այստեղ՝ Թել Ավիվում, իսկ հիմա՝ Բեյթ Շեմեշում, մենք կորցրինք սիրելի մարդկանց։ Իմ սիրտը նրանց ընտանիքների հետ է, և ձեր բոլորի՝ Իսրայելի քաղաքացիների անունից վիրավորներին մաղթում եմ արագ ապաքինում», - ասել է նա։
Նեթանյահուն նշել է, որ Իսրայելն օգտագործում է Պաշտպանության բանակի ամբողջ ներուժը՝ «մեր գոյությունն ու ապագան ապահովելու» համար։
Իրանի նախկին թագաժառանգ և վերջին շահի որդի Ռեզա Փահլավին X-ում գրում է, որ Իրանի գերագույն առաջնորդի մահը «վերջը» չէ։ Նա միաժամանակ կոչ է արել իրանցիներին «տապալել» Իսլամական Հանրապետությունը։
Փահլավին նշել է, որ իրանցիները պետք է պատրաստվեն «փողոցներում լայնածավալ և վճռական ներկայության», և խնդրել է նրանց գիշերը տներից վանկարկել։
Փահլավին նախկինում կոչ էր արել իրանցի պաշտոնյաներին «հանձնվել», իսկ զինվորականներին և իրավապահ մարմիններին՝ օգտագործել իրենց զենքը՝ «պաշտպանելու Իրանի մեծ ազգը», այլ ոչ թե «հանցավոր հանրապետությունը»՝ այդ «մղձավանջին» ավելի արագ վերջ դնելու համար։