Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Օմանի գործընկեր Բադր ալ -Բուսայիդիի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Թեհրանը բաց է հանգստյան օրերին Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումներից հետո դեէսկալացիայի շուրջ ցանկացած լուրջ ջանքերի համար: Ասվում է Օմանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է կիրակի օրը:
Օմանը հանդես է գալիս որպես միջնորդ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցություններում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNBC հեռուստաընկերությանն ասել է, որ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները Իրանի դեմ «ժամկետի առումով առաջ են»:
Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի մահվան կապակցությամբ Պակիստանում տեղի ունեցած ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի:
Ցուցարարները փորձել էին ներխուժել Պակիստանի հարավային Կարաչի քաղաքում ԱՄՆ հյուպատոսության շենք Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո, որոնց հետևանքով զոհվել է այաթոլլա Ալի Խամենեին: Պակիստանի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել՝ ցրելու ցուցարարներին:
Աբու Դաբիի ռազմածովային բազայի վրա, որտեղ տեղակայված են ֆրանսիական զորքերը, իրանական անօդաչու թռչող սարքի հարձակումը հրդեհի պատճառ է դարձել, սակայն զոհեր չկան, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։
«Մասնագիտացված խմբերն այսօր արձագանքել են Աբու Դաբիի «Ալ Սալամ» ռազմածովային բազայի պահեստի վրա իրանական երկու անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տեղի ունեցած միջադեպին։ Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել ընդհանուր տեսակի նյութերով լի երկու կոնտեյներներում, սակայն զոհեր չկան»,- ասվում է հայտարարությունում։
Բազան, որը հայտնի է նաև որպես Camp de la Paix (Խաղաղության ճամբար), էմիրաթական է, բայց այնտեղ տեղակայված են ֆրանսիական զորքեր՝ ԱՄԷ-ի հրավերով։ Ֆրանսիական զինվորականները հրաժարվել են մեկնաբանել հարվածի մասին հաղորդագրությունները։
ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը պնդել է, որ ամերիկյան «Աբրահամ Լինկոլն» ավիակրի վրա իրանական հրթիռային հարձակումը չի ազդել, այն շարունակում է իր աշխատանքը:
Իսրայելի բանակը հայտարարել է, որ սկսել է նոր հարվածներ հասցնել Իրանի մայրաքաղաքին։
«Ռազմաօդային ուժերը սկսել են հարվածների նոր ալիք Թեհրանի սրտում»,- հայտարարել է գերատեսչությունը X-ի իր էջում։
Կիրակի առավոտից ի վեր Իրանի դեմ իրականացվող «Էպիկական զայրույթ» մարտական գործողությունների ժամանակ զոհվել է երեք ամերիկացի զինծառայող, ևս հինգը «ծանր վիրավորվել են», հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։
Իրանի Մինաբի նահանգում օրիորդաց դպրոցի վրա երեկ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով 153 մարդ է զոհվել, հաղորդում է Իրանի դատական համակարգին կից Mizan լրատվական գործակալությունը՝ իրանցի պաշտոնյայի հղումով։
Մեկ այլ իրանցի պաշտոնյա ավելի վաղ ասել էր, որ դպրոցին, որը գտնվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազայից մոտ 600 մետր հեռավորության վրա, երեք հրթիռ է հարվածել։
Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակն ասել է, որ «տեղյակ չէ» տարածքում որևէ գործողության մասին։ «Ես նաև տեսել եմ, թե ինչպես են ամերիկացիներն ասում, որ իրենք ստուգում են միջադեպը», - հավելել է նա։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողության սկզբում իր ուժերը հարվածել են իրանական նավի:
««Ջամարան» դասի կորվետը «ներկայումս խորտակվում է Օմանի ծոցի հատակը՝ Չահ Բահարի նավահանգստում»,- ասվում է հրամանատարության X-ի էջում հրապարակված հայտարարությունում։
Կոնտեյներային փոխադրումներ իրականացնող աշխարհի խոշորագույն Maersk ընկերությունը հայտարարել է, որ «անվտանգության» նկատառումներից ելնելով՝ դադարեցնում է բեռնատար նավերի անցումը Հորմուզի նեղուցով, որտեղով անցնում է նաև աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը։
«Մենք դադարեցնում ենք Հորմուզի նեղուցով բոլոր նավերի անցումները մինչև հետագա ծանուցումը։ Մեր անձնակազմի, նավերի և հաճախորդների բեռների անվտանգությունը մնում է մեր գլխավոր առաջնահերթությունը», - ասվում է դանիական խմբի տարարած հայտարարությունում։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ավելի վաղ հայտարարել էր նեղուցի փակման մասին, թեև արտգործնախարար Աբբաս Արաղչին վստահեցրել է, որ ներկայումս մտադիր չեն փակել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև որևէ ծրագիր չունեն անել «ինչ-որ բան, որը կարող է խաթարել նավարկությունը այս փուլում»։
Չնայած Հորմուզի նեղուցը բավական նեղ է (39 կմ), այստեղով են անցնում աշխարհի խոշորագույն նավթատարները, Մերձավոր Արևելքի նավթի և գազի խոշոր արտահանողները հենց այս ուղին են օգտագործում՝ միջազգային շուկաներ իրենց ապրանքները տեղափոխելու համար։