Մատչելիության հղումներ

Իրանն անտեսում է ԱՄՆ-ի սպառնալիքները՝ պնդելով ուրանի հարստացման իր իրավունքը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Վաշինգտոնի հետ բանակցություններում բացառել է Թեհրանի կողմից ուրանի հարստացման ծրագրից հրաժարվելու հնարավորությունը՝ պնդելով, որ Թեհրանը չի վախենա Միացյալ Նահանգների հետ պատերազմի սպառնալիքից։

AFP-ի փոխանցմամբ՝ նախարար Աբբաս Արաղչին այսօր ասել է, որ Թեհրանը նույնիսկ կասկածում է, թե ամերիկյան կողմը լուրջ է վերաբերվում վերսկսված բանակցություններին։

«Նրանց ռազմական տեղակայումը տարածաշրջանում մեզ չի վախեցնում», - ասել է Արաղչին՝ նկատի ունենալով Արաբական ծովում ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը:

Արաղչիի այս հայտարարությունից առաջ հաղորդվեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերի հետ միասին փետրվարի 7-ին այցելել են Արաբական ծովում գտնվող ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիր:

ԱՄՆ նախագահը հունվարի վերջին էր «Աբրահամ Լիքոլն» ավիակիրն ու դրան ուղեկցող մի քանի ռազմանավեր, ռազմական այլ տեխնիկա ուղարկել տարածաշրջան՝ սպառնալով հարվածել Իրանին, եթե Թեհրանը գործարքի չգնա իր միջուկային ծրագրի շուրջ։

Իրանի և ԱՄՆ պաշտոնյաները ուրբաթ օրն անուղղակի բանակցություններ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում: Երկու կողմերն էլ հայտարարել են, որ շուտով կրկին բանակցություններ են սպասվում:

Օմանում տեղի ունեցած հանդիպումը կողմերի միջև առաջինն է՝ անցած տարեվերջից Իրանում սկսված բողոքի ցույցերից և դրանք կոշտ բռնությամբ ճնշելու՝ Իսլամական Հանրապետության փորձերից հետո, որոնց հետևանքով հազարավոր ցուցարարներ սպանվեցին։ Ի պատասխան՝ Միացյալ Նահանգների նախագահը զգուշացրել էր, որ Վաշինգտոնը կարող է դիմել ռազմական միջամտության՝ տարածաշրջան ուղարկելով հավելյալ ուժեր ու ռազմանավեր։

XS
SM
MD
LG