Մատչելիության հղումներ

«TRIPP-ը մեր ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու». Քոչարյան

Լրացված

«TRIPP-ը մեր ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու», - հայտարարեց է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«TRIPP-ը հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի և Թուրքիայի համար: Հայաստանը կողմ չէ, կիսակողմ է», - նշեց է Քոչարյանը:

Ըստ Քոչարյանի, ԱՄՆ-ն այս ծրագրում 0 տնտեսական շահ ունի: Միակ հետաքրքրող հանգամանքը Իրանն է, որին ԱՄՆ-ը փորձում է վերցնել վերահսկողության տակ: «Այս ծրագիրը կարող է չեզոքացնել իրանական մտահոգությունը,եթե դրան միանան այլ երկրներ», - հավելեց է նա:

«Ազատության» հարցին, թե ինչ սպառնալիքներ նկատի ունի, Քոչարյանը պատասխանեց. «Ինձ ամենաշատը մտահոգում է Իրանի ետ սահմանի հանգամանքը և այն հայտարարությունները, որոնք մենք իրանական կողմից վերջերս լսեցինք: Միացյալ Նահանգները հեռու է, իր համար այս տարածաշրջանն ամենից կարևորը չէ, բայց Իրանի նկատմամբ շատ հավանական է նաև նոր ագրեսիայի, նոր ռազմական գործողությունների հեռանկարը: Երբ հարաբերությունները փչացնում ես հարևանի հետ, շատ դժվար է վերականգնել»:

Հարցին՝ TRIPP-ի դեպքում հնարավո՞ր էր Իրանին ինչ-որ կերպ ներգրավել, երկրորդ նախագահը պատասխանեց. «TRIPP-ի դեպքում Իրանին դժվար էր, բայց TRIPP-ի դեպքում՝ կա՛մ Չինաստան, կա՛մ Ռուսաստան, հատկապես Ռուսաստանի հետ այսօր ԱՄՆ-ը պատրաստ է կառուցողական, պրագմանտիկ հարաբերություններ կառուցել: Համոզված եմ, որ ամերիկացիներին հնարավոր էր ցույց տալ, որ նաև իրենց շահերից է սա բխում»:

Քոչարյանին արձագանքելով Փաշինյանն ասաց՝ նրա գիտելիքները և իմացությունը տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են:

«TRIPP-ը տնտեսական ներդրումային ծրագիր է առաջին հերթին, և այդ նախագծով բազմամիլիոնանոց ներդրումներ են լինելու Հայաստանում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին և Չինաստանին՝ մենք սերտ համագործակցում ենք թե՛ մեկի, թե՛ մյուսի հետ», - ասել է վարչապետը։

Անդրադառնալով Փաշինյանի արձագանքին՝ Քոչարյանն ասաց. «էդ մարդուն ես վաղուց չեմ արձագանքում, թող իր կապռեմոնտով զբաղվի»:

Հունվարի 14-ին ԱՄՆ-ը ու Հայաստանը հրապարակեցին TRIPP-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունը: Այն պաշտոնապես հաստատում է, որ Երևանը ԱՄՆ կառավարության վերահսկողության տակ գտնվող հատուկ ընկերությանը երկարաժամկետ բացառիկ իրավունքներ է տրամադրելու երթուղու նկատմամբ, որը Սյունիքի մարզով կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ։ Համաձայնագրի հիմքում 2025 թվականի օգոստոսին Սպիտակ տանը ձեռք բերված պայմանավորվածություններն են։

Հայաստանի արտաքին քաղաքականության ու ընդունած որոշումների վերաբերյալ մտահոգություններ պարբերաբար հնչում են Թեհրանից. մի կողմից՝ պաշտոնապես հայտարարում են, որ հայ-ամերիկյան TRIPP ծրագրի շուրջ Երևանի հավաստիացումներին վստահում են, մյուս կողմից՝ կարծիք հայտնում, թե Միացյալ Նահանգներն այս նախագիծը կարող է իր անվտանգային քաղաքականությունը շարունակելու համար օգտագործել:

Քոչարյանը հայտարարեց՝ վարչապետի թեկնածուին կընտրեն սոցոլոգիական հարցման միջոցով

Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածուին կընտրեն սոցոլոգիական հարցման միջոցով:

«Փետրվարի սկզբին մենք սոցոլոգիական հետազոտություն ենք իրականացնելու ու որոշենք, թե ով է լինելու դաշինքի առաջնորդը։ Եթե այդ հարցումը որոշի, որ ես եմ, ուրեմն ես կլինեմ, եթե այլ անձ՝ ուրեմն նա է։ Ես շատ ուրախ կլինեմ, որ ես չլինեմ․ շատ մեծ բեռից կազատվեի»,- ասաց երկրորդ նախագահը։

«Այսօր այն հրապարակումները, որոնք այլ լրատվամիջոցներում կան, այլ սոցիոլոգիական ուսումնասիրությունների առումով, ցույց են տալիս, որ՝ այո, ես եմ ավելի մեծ հավանակն թեկնածուն, որը կգլխավորի ցուցակը, բայց վերջնական որոշում կայացնելու համար պետք է ինքս հասկանամ՝ ինչքանով է սա արդյունավետ լինելու ամբողջ թիմի համար»:

Երկրորդ նախագահն ընդգծեց՝ «հիմա գնում ենք ընտրությունների ավելի լավ դիրքերից քան դա եղել է 21 թվականին»:

Քոչարյանն ասաց, որ «Հայաստան» դաշինքում նոր դեմքեր կընդգրկվեն. «Որոշակի թարմացում լինելու է, ուղղակի պետք է դա անել, նոր մարդիկ են հայտնվելու այնտեղ և ցուցակում»:

Ադրբեջանական բենզինի ներկրման մասին

Անդրադառնալով Հայաստան ադրբեջանական բենզինի ներմուծման վերաբերյալ հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Գներն իջել են, որովհետև վերջերս բավական մեծացվել են նավթային արտահանումները Սաուդյան Արաբիայի, Բրազիլիայի, Միացյալ Նահանգների ու Կանադայի կողմից, սա բերել է նավթի էժանացման, ինչն էլ բերում է նավթամթերքի էժանացման»:

«Ադրբեջանը ունի մեկ նավթազտարան, ու այդ գործարանը հազիվ է բավարարում Ադրբեջանի պահանջերը, անցած տարի ներմուծել է 120 հազար տոննա պրեմիում բենզին Ռուսաստանից: Դիզվառելիքով, այո, բավարարում է իր պահանջները, մի քիչ էլ կարա արտահանի: Ինչ վերաբերում է՝ լավ է, թե վատ է, լավ է, բայց ով է ում ավելի մեծ լավություն անում՝ ապրանք առնողը, թե՞ ապրանք ծախողը: Ապրանք առնողը: Հայաստանում գերենացված գումարները գնում են Ադրբեջան», - ասաց երկրորդ նախագահը:

«Հիմա եթե պիտի ռուական բենզինը ներմուծվի Ադրբեջան, հետո Ադրբեջանի գա Հայաստան որպես ադրբեջանական բենզին, անունը դնում եմ՝ քարոզչական վառելիք», - հավելեց նա:

Անցած դեկտեմբերին Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ Հայաստան ներկրվեց շուրջ 1300 տոննա ադրբեջանական բենզին: Այս տարվա հունվարին արդեն ներկրվեց ևս 2800 տոննա պրեմիում և ռեգուլյար տեսակի ադրբեջանական բենզին, ինչպես նաև դիզելային վառելիք: Ադրբեջանական բենզինի ներկրումից հետո մեկ ամսվա ընթացքում հայաստանյան շուկայում բենզինի գները նվազեցին մինչև 60 դրամով: Օրերս էլ հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման մասին։



XS
SM
MD
LG