Իրանի կառավարությունը հայտնել է եռօրյա ազգային սուգ՝ առանց նշելու անվտանգության ուժերի դերը ցուցարարների մահվան մեջ։
Կառավարության հայտարարության մեջ, որը հրապարակել են պետական լրատվամիջոցները, ցուցարարների, անվտանգության ուժերի և ոստիկանության մահերը վերագրվել են «քաղաքային ահաբեկչական հանցագործներին»։
Վերջին օրերին Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները և պետական լրատվամիջոցները ցուցարարներին որպես «զինված ահաբեկիչներ» են որակել և չեն հիշատակել Իրանում իշխանափոխություն պահանջող քաղաքացիների բազմաթիվ հավաքները, որոնց լուսանկարները հրապարակվել են։
Հունվարի 11-ին Իրանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նույնպես ցուցարարներին անվանել է «ահաբեկիչներ» և անվտանգության ուժերին կոչ արել զբաղվել նրանցով։
Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը «ցանկանում է բանակցել»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Իրանի ղեկավարությունը զանգահարել է իրեն՝ բանակցելու նպատակով», այն բանից հետո, երբ նա բազմիցս սպառնացել էր ռազմական գործողություններով միջամտել, եթե Թեհրանը ցուցարարներին սպանի։
«Իրանի առաջնորդները զանգահարեցին», - հունվարի 11-ին Air Force One ինքնաթիռում լրագրողներին ասել է Թրամփը։ Նա հավելել է, որ «հանդիպում է նշանակվում... Նրանք ցանկանում են բանակցել»։
Այնուամենայնիվ, «մենք կարող ենք գործել մինչև հանդիպումը», - հավելել է ԱՄՆ նախագահը՝ առանց մանրամասնելու:
Երկու երկրները նախկինում անուղղակի բանակցություններ են վարել՝ Թեհրանի միջուկային վիճահարույց ծրագրի շուրջ:
Միացյալ Նահանգները և Արևմտյան այլ երկրներ դատապարտել են կառավարության կողմից ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնությունները:
Հունվարի 11-ին Թրամփը հայտարարել էր, որ ինքը և ԱՄՆ զինված ուժերը ուսումնասիրում են Իրանում ցուցարարներին աջակցելու տարբերակներ՝ ի պատասխան չհաստատված տեղեկությունների, որ վերջին 15 օրվա ընթացքում հակակառավարական ցույցերի ճնշման հետևանքով ավելի քան 500 մարդ է զոհվել։
«Զինվորականները դիտարկում են դա, և մենք դիտարկում ենք մի քանի շատ ուժեղ տարբերակներ», - լրագրողներին ասել է Թրամփը՝ հավելելով, որ կապի մեջ է Իրանի ընդդիմության առաջնորդների հետ, կրկին, սակայն, առանց մանրամասներին անդրադառնալու:
Թեհրանն արձագանքում է
«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում պատերազմի, բայց լիովին պատրաստ է պատերազմի», - Թեհրանում օտարերկրյա դեսպանների հետ կայացած խորհրդակցության ժամանակ, որը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ, ասել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք նաև պատրաստ ենք բանակցությունների, բայց այդ բանակցությունները պետք է լինեն արդար, հավասար իրավունքներով և հիմնված փոխադարձ հարգանքի վրա», - ընդգծել է Իրանի արտգործնախարարը:
Թրամփը հունվարի 13-ին կքննարկի տարբերակները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այժմ քննարկում է Իրանում բողոքի ցույցերին աջակցելու մի քանի տարբերակ, հաղորդում են Axios-ը և The New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյաների։
Թեև հաղորդագրությունների համաձայն՝ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել որևէ քայլի ձևի և մասշտաբի վերաբերյալ, The Wall Street Journal-ը հայտնել է, որ հունվարի 13-ին կոնկրետ տարբերակներ կներկայացվեն նախագահին:
Այս հաղորդագրությունները հրապարակվել են այն ժամանակ, երբ իրավապաշտպան խմբերը և կառավարական լրատվամիջոցները հայտնել են, որ հունվարի 11-ին Իրանի տասնյակ քաղաքներում շարունակվել են բողոքի ցույցերը, ձերբակալությունները և բռնությունները։
Թեհրանի դիահերձարանի դիմաց մահացածների սարսափելի լուսանկարներ են հայտնվել համացանցում
Իրանում բողոքի ցույցերին և իրավունքների խախտումներին հետևող Telegram ալիքները՝ Vahid Online-ը և Hal Vash-ը, հրապարակել են Թեհրանում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ժամանակ զոհված մարդկանց լուսանկարներ։
Reuters-ի կողմից Իրանի մայրաքաղաքի Քահրիզակի դատաբժշկական կենտրոնում նկարահանված մի շարք տեսանյութերում հնարավոր է տեսնել, թե ինչպես են մարդիկ սպանվածների մարմինների մեջ նույնականացնում իրենց հարազատներին: Լրատվական գործակալությունը հայտնել է, որ տեսանյութի նկարահանման ամսաթիվը հնարավոր չէ ստուգել:
«Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության կողմից անցկացված հետաքննությունները ցույց են տալիս, որ Իրանի զինվորականներն ու անվտանգության ուժերը բողոքի ցույցերի ժամանակ կրակ են բացել քաղաքացիական անձանց վրա։
Երկրում ինտերնետի անջատման պատճառով խիստ սահմանափակ է ստացվող տեղեկատվությունը, հեռախոսային ծառայությունները ևս սահմանափակվել են, այդ պատճառով հնարավոր չէ հստակ պարզել, թե քանի մարդ է զոհվել ցույցերի ընթացքում: Իրավապաշտպան որոշ կազմակերպություններ տարբեր թվեր են հրապարակում՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Մարդու իրավունքների լրատվական գործակալությունը (HRANA)՝ Միացյալ Նահանգներում գործող իրանցի ակտիվիստների կազմակերպությունը, հունվարի 11-ին հայտարարել է, որ վերջին 15 օրերի ընթացքում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 544 մարդ։
Կազմակերպությունը հայտնել է, որ ձերբակալվել է առնվազն 10,061 մարդ, և որ ցույցեր են տեղի ունեցել բոլոր 31 նահանգների 186 քաղաքների 585 վայրերում։
Թեև Իրանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է, որ երկրում ինտերնետը անջատելու որոշումը կայացվել է «անվտանգության իրավասու մարմինների կողմից՝ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված», Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգում է, որ այս ամենն արվում է Իրանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները թաքցնելու համար:
Թրամփն ասել է, որ Մասկի հետ կքննարկի Իրանում ինտերնետի վերականգնման հարցը
Հունվարի 11-ին Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է միլիարդատեր Իլոն Մասկի հետ խոսել Իրանում ինտերնետի վերականգնման մասին: Մասկի SpaceX-ը տրամադրում է Starlink արբանյակային ինտերնետային ծառայություն, որը նախկինում օգտագործվել է հակամարտության գոտիներում, այդ թվում՝ Ուկրաինայում:
Անցած շաբաթվա ընթացքում Թրամփը մի շարք խիստ նախազգուշացումներ է արել՝ ասելով, որ Միացյալ Նահանգները «շատ ուշադիր հետևում է իրավիճակին» և շեշտել, որ իշխանությունները զերծ մնան ցուցարարների սպանությունից: Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը «պատրաստ է օգնել» շարժմանը՝ նախազգուշացնելով, որ Իրանը «մեծ խնդիրների» մեջ է հայտնվել բողոքի ցույցերը ճնշելու իր ջանքերի պատճառով.
«Մենք շատ ուշադիր հետևում ենք իրադրությանը: Ես շատ հստակ եմ հայտարարել, եթե նրանք մարդկանց սպանեն, ինչպես արել են նախկինում, մենք կխառնվենք: Մենք կխփենք նրանց ամենացավոտ կետին: Դա չի նշանակում, թե հենց տեղում ենք լինելու, բայց շատ- շատ ենք ցավեցնելու», - ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
ՄԱԿ-ը և ԵՄ-ն դատապարտում են Իրանում բռնաճնշումները
ՄԱԿ-ը, ԵՄ-ն և Արևմտյան կառավարությունները նույնպես իրենց աջակցությունն են հայտնել իրանական բողոքի շարժմանը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախօրեին հայտարարել է, որ «ցնցված է» ցուցարարների դեմ բռնության մասին հաղորդագրություններից և կառավարությանը կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և «զերծ մնալ անհարկի կամ անհամաչափ ուժի կիրառումից»։
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է նոր պատժամիջոցներ առաջարկել Թեհրանի նկատմամբ՝ ի պատասխան ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների։
«Ես պատրաստ եմ առաջարկել լրացուցիչ պատժամիջոցներ՝ ի պատասխան ռեժիմի կողմից ցուցարարների նկատմամբ դաժան բռնաճնշումների», - հավելել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կառավարության նիստում հայտարարել է, որ Իսրայելը ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող զարգացումներին՝ ընդգծելով, որ իր երկիրն «աջակցում է Իրանի ժողովրդի ազատության համար պայքարին և խստորեն դատապարտում է անմեղ քաղաքացիների սպանությունները»։
Իրանում լայնածավալ բողոքի ցույցերի վերաբերյալ իր առաջին հրապարակային դիրքորոշման մեջ նախագահ Մասուդ Փեզեշքիանը երեկ հայտարարեց, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ցանկանում են «քաոս և անկարգություն սերմանել» Իրանում՝ հրահանգելով «անկարգություններ»:
Իրանում գտնվող հայերի մասին
Իրանից մենք ուրբաթ օրվանից տեղեկություն չունենք, այս պահին էլ մենք չենք կարողանում կապվել մեր հայրենակիցների հետ, ինչը մեզ շատ է անհանգստացնում, շարունակելու ենք մեր ջանքերը՝ կապ հաստատելու, - այս մասին այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Հարցին, թե Հայաստանը հնարավո՞ր է տարհանում կազմակերպի, թե ոչ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ասաց. «չունեն բավական տեղեկություն, որպեսզի կարողանան խոսել տարհանման մասին»: