Մատչելիության հղումներ

Չենք կարողանում կապվել Իրանի մեր հայրենակիցների հետ, ինչը շատ է անհանգստացնում. Սինանյան


Իրանից մենք ուրբաթ օրվանից տեղեկություն չունենք, այս պահին էլ մենք չենք կարողանում կապվել մեր հայրենակիցների հետ, ինչը մեզ շատ է անհանգստացնում, շարունակելու ենք մեր ջանքերը՝ կապ հաստատելու, - այս մասին այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Հարցին, թե Հայաստանը հնարավո՞ր է տարհանում կազմակերպի, թե ոչ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ասաց. «չունեն բավական տեղեկություն, որպեսզի կարողանան խոսել տարհանման մասին»:

Արդեն երրորդ շաբաթն է՝ Իրանում հակակառավարական ցույցեր են: Անցած շաբաթ Հայաստան ժամանող իրանցիները պատմում էին սպանությունների, անջատված ինտերնետի, իրավունքների սահմանափակումների մասին:

Իրանում բողոքի ցույցերի ընթացքում զոհերի մասին իրավապաշտպան որոշ կազմակերպություններ տարբեր թվեր են հրապարակում՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Մարդու իրավունքների լրատվական գործակալությունը (HRANA)՝ Միացյալ Նահանգներում գործող իրանցի ակտիվիստների կազմակերպությունը, հունվարի 11-ին հայտարարել է, որ վերջին 15 օրերի ընթացքում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 544 մարդ։ Կազմակերպությունը հայտնել է, որ ձերբակալվել է առնվազն 10,061 մարդ, և որ ցույցեր են տեղի ունեցել բոլոր 31 նահանգների 186 քաղաքների 585 վայրերում։

Այս թվերը հնարավոր չէ հստակ պարզել, քանի որ երկրում ինտերնետի անջատման պատճառով խիստ սահմանափակ է ստացվող տեղեկատվությունը, հեռախոսային ծառայությունները ևս սահմանափակվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG