Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է տարածքային որոշ զիջումների գնալ, բացի Դոնբասից, գրում է Կրեմլի կողմից վերահսկվող «Կոմերսանտ»-ը՝ չմանրամասնելով, թե որ տարածքների մասին է խոսքը:
Ըստ թերթի՝ թեև դեկտեմբերի 24-ի ուշ երեկոյան կայացած նիստը նվիրված էր անձնակազմի վերապատրաստման թեմային, սակայն նախագահն ամենից շատ խոսել է խաղաղության պլանի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների, դիրքորոշումների, Անքորիջի պայմանավորվածությունների մասին, նաև այն մասին, թե եվրոպացիների հետ բանակցություններից հետո ինչպես ամերիկացիները հրաժարվեցին իրենց որոշ առաջարկներից, ինչը «թուլության նշան» է որակել: Թերթը գրում է.
«Վլադիմիր Պուտինը պնդում էր, որ ռուսական կողմը դեռ պատրաստ է անել այն զիջումները, որոնց համաձայնել է Անքորիջում։ Այլ կերպ ասած, նա խոսում է այն մասին, որ «Դոնբասի մերն է լինելու»։ Նա հայտարարեց, որ «Կրամատորսկ-Կոնստանտինովսկ-Սլավյանսկ հանգույցի հարցը քննարկման ենթակա չէ»։ Այնուամենայնիվ, հնարավոր է նաև ռուսական կողմից տարածքային մասնակի փոխանակում», - այս մասին կարդում ենք թերթում:
Կրեմլի ղեկավարը նաև անդրադարձել է ամենակնճռոտ հարցերից մեկին՝ Զապորոժիեի ատոմակայանին, որն այժմ ռուսական վերահսկողության տակ է և որի շուրջ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ: Ըստ թերթի՝ Պուտինը չի թաքցրել, որ ԱՄՆ-ի հետ քննարկում են Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի համատեղ շահագործման հարցը՝ առանց Ուկրաինայի: Խոսքը թե՛ կայանի ստեղծած էլեկտրաէներգիայով կրիպտոարժույթների համատեղ մայնինգով զբաղվելու, թե՛ Ուկրաինային էլեկտրաէներգիա տրամադրելու մասին է:
Այսօր արդեն Կրեմլի խոսնակը հայտնել է, որ ամերիկյան առաջարկներն ստանալուց հետո Մոսկվան վերլուծել է դրանք և նախագահի հանձնարարությամբ նրա օգնական Յուրի Ուշակովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ: Շփման արդյունքում, ըստ Դմիտրի Պեսկովի, պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։
«Ընդհանուր առմամբ, քննարկումների ժամանակ շոշափվել են ընթացիկ թեմաներ, որոնք խաղաղության գործընթացի համատեքստում բազմիցս արծարծվել են արևմտյան լրատվամիջոցներում և Կիևի ռեժիմի կողմից։ Այս թեմաները շոշափվել և հիշատակվել են», - ասել է Պեսկովը:
Զելենսկին կհանդիպի Թրամփի հետ
Ու մինչ Կրեմլը հայտնում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև նոր շփումների մասին, Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ կիրակի Ֆլորիդայում կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու դեռ չլուծված հարցերը: Ըստ Վլադիմիր Զելենսկիի՝ «շատ բան կարող է որոշվել մինչև Նոր տարի»: «Մեր խնդիրն է ապահովել, որ ամեն ինչ 100%-ով պատրաստ լինի։ Դա հեշտ չէ, … Բայց, այնուամենայնիվ, պետք է յուրաքանչյուր հանդիպման, զրույցի միջոցով մոտենանք ցանկալի արդյունքին»,- ասել է նա։
Ըստ Axios-ի՝ այս հանդիպումը բանակցություններում «զգալի առաջընթացի» մասին է վկայում։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան պարբերականին ասել է, որ վերջին երկու շաբաթներին ավելի շատ առաջընթաց է գրանցվել, քան ամբողջ անցած տարում։ «Մենք ուզում ենք ավարտին հասցնել գործընթացը։ Մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում»,- պաշտոնյայի խոսքերն է մեջբերում Axios-ը։
Մինչ այդ Զելենսկին երեկ մոտ մեկ ժամ հեռախոսով խոսել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ: Զելենսկին հայտնել է, որ քննարկել են «լավ գաղափարներ», թե ինչպես մոտեցնել իրական խաղաղությունը: Նա ասել է, որ «դա իսկապես լավ զրույց էր» և վստահեցրել՝ ամեն ինչ անում են, որ պատերազմն ավարտվի, իսկ ստորագրվելիք բոլոր փաստաթղթերը լինեն հուսալի և արդյունավետ գործեն:
«Որոշ փաստաթղթեր … գրեթե պատրաստ են, որոշ փաստաթղթեր արդեն պատրաստ են։ Իհարկե, զգայուն հարցերի շուրջ դեռ շատ անելիքներ կան, բայց ամերիկյան թիմի հետ միասին հասկանում ենք, թե ինչպես հասնել դրան», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Սակայն, New York Times-ն իր հերթին գրում է, որ Ռուսաստանը հազիվ թե համաձայնի Մայամիում ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների արդյունքում կազմված նոր պլանին և մի քանի պատճառ է նշում: Ըստ հեղինակավոր պարբերականի՝ նախ Կրեմլը ոգևորված է ռազմաճակատում ռուսական բանակի առաջընթացով, իսկ նոր ծրագիրը չի ներառում Ռուսաստանի տարածքային հիմնական պահանջները, օրինակ՝ ողջ Դոնեցկի հանձնումը Ռուսաստանին:
Նաև դժվար կլինի նոր ծրագիրը ռուս հանրությանը որպես հաղթանակ ներկայացնել։ Բացի դրանից՝ հազարավոր ռուսներ 2025-ին պատերազմին մասնակցելու պայմանագրեր են ստորագրել, ինչը Մոսկվային թույլ է տալիս շարունակել ռազմական գործողությունները՝ չնայած ծանր կորուստներին։
Կողմերը շարունակել են փոխադարձ հարվածները
Այս ընթացքում ռուսական զինուժը շարունակել է հարվածներն ուկրաինական շրջաններին, այդ թվում՝ Նիկոլաևին, Վոլինի մարզին, Զապորոժիեին, որտեղ խաղաղ բնակիչ է սպանվել: Հարվածել են նաև Օդեսային, որի նավահանգիստներում Սլովակիայի և Պալաուի դրոշով երթևեկող նավեր են վնասվել: Ռուսական կողմը հայտնել է, որ Զապորոժիեում ևս մեկ բնակավայր է վերցրել:
Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է ռուսական շրջաններին, այդ թվում՝ Ռոստովին, Վոլգոգրադին: Կուրսկում անօդաչուի հարվածից մեկ մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել, Բելգորոդում երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել, այդ թվում՝ երեխա: