Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն ու Հայաստանը հաղորդում են հայ-ադրբեջանական վաշինգտոնյան նոր բանակցությունների մասին


ԱՄՆ-ն ու Հայաստանը հաղորդում են հայ-ադրբեջանական վաշինգտոնյան նոր բանակցությունների մասին։ Կառավարության նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը հստակեցրեց՝ արտգործնախարարների հանդիպումը հաջորդ շաբաթ կանցկացվի, հայկական կողմն, ըստ վարչապետի, տրամադրված է խաղաղության պայմանագրի կնքմանը։ Բայց օրը Փաշինյանը չկոնկրետացրեց, Արտգործնախարարությունն էլ այս պահին դեռ չի հստակեցրել։ Նաև անհայտ է՝ քանի օր կտևեն դրանք. մայիսյան բանակցությունները 4-օրյա էին։

«Մենք բոլոր ջանքերը պետք է գործադրենք խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար: Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն, ու մեր պատվիրակությունը Միացյալ Նահանգներ է մեկնում հենց այս տրամադրվածությամբ», - ասաց Փաշինյանը:

Հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը Վաշինգտոնում պետք է տեղի ունենար հունիսի 12-ին, սակայն հանդիպումից 4 օր առաջ, ինչպես հաղորդեց Երևանը, ադրբեջանական կողմի խնդրանքով այն հետաձգվեց։ Բայց այդպես էլ հստակ չնշվեց՝ խնդիրը Թուրքիայի նախագահի այդ օրերի ա՞յցն էր Բաքու, թե՞ հանդիպումը հյուրընկալող պետքարտուղարի ժամանակացույցը, թե՞ խնդիրը կողմերի տարաձայնություններն էր:

Վերջին ճեպազրույցում նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարեց՝ շատ շուտով Միացյալ Նահանգները կհյուրընկալի խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների նոր փուլը:

«Անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների նոր փուլին, քանի որ կողմերը շարունակում են ձգտել Հարավային Կովկասի խաղաղ ապագային: Մենք համարում ենք, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և խաղաղության հասնելու բանալին է», - նշել է ամերիկացի պաշտոնյան։

Միրզոյան - Բայրամով վաշինգտոնյան առաջին բանակցությունները մայիսի 1-4-ն անցկացվեցին, դրանցից հետո ակտիվացան հայ-ադրբեջանական հանդիպումները, ամիսների դադարից հետո լիդերները 3 բանակցություն անցկացրին, նաև դեպի Նախիջևան երկաթգիծը վերաշահագործելու հարցով ձեռք բերված կոնսենսուսի մասին հաղորդվեց։ Եթե վաշինգտոնյան երկրորդ բանակցություններն էլ, հաջորդ շաբաթ անցկացվեն, փաստորեն դրանք կնախորդեն հուլիսի 21-ին՝ Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև՝ հանդիպմանը։

«Այս փուլում անիմաստ է խոսել ինչ-որ հայամետ լուծումների մասին»

Բանակցություններին ուշադիր հետևող քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը լավատես չէ։

«Այս փուլում անիմաստ է խոսել ինչ-որ հայամետ լուծումների մասին, դրանք պարզապես գոյություն չունեն կան վատ և ավելի վատ լուծումներ», - նշեց Գրիգորյանը:

Բաքվի գլխավոր պահանջը կատարելուց՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առանցքային տարաձայնություններ կան, ու հենց դրանք հաղթահարելու շուրջ էլ, ըստ հայաստանցի քաղաքագետի, կընթանան վաշինգտոնյան բանակցությունները։

Անկլավների, Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքի դուրսբերման հարցերը կան։ Չկա համաձայնություն, թե ո՞ր թվի քարտեզներով է սահմանազատումը լինելու։ Բայց, Գրիգորյանի կարծիքով, հիմնական խնդիրը շարունակում է մնալ միջազգային երաշխիքի ներքո Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը։ Չնայած արևմտյան միջնորդներից հնչող հորդորներին, Բաքուն կտրուկ մերժում է ու հայկական կողմն, ըստ քաղաքագետի, այս անգամ էլ փորձելու է հասնել նրան, որ նման ձևաչափ ստեղծվի։

«Ռուսական մամուլում եղավ հրապարակում այն մասին, որ նախապատրաստվում է հանդիպում, Միացյալ Նահանգների միջնորդությամբ, Ստեփանակերտի և Բաքվի միջև, մեծ հաշվով այդ տեղեկությունը չհերքվեց ոչ Միացյալ Նահանգների, ոչ էլ Ղարաբաղի արտգործնախարարության կողմից, բայց ռուսական այս արտահոսքից հետո, իհարկե, այդ հանդիպման անցկացումն ավելի բարդ է դառնում: Բաքվի համար այս փուլում կարծես թե կարևոր է, որ եթե նույնիսկ նմանատիպ ինչ-որ հանդիպում տեղի ունենա, այն լինի գաղտնի», - ասաց Գրիգորյանը:

Բանակցություններին զուգահեռ Բաքուն նաև ուժային ճնշմամբ է փորձում կորզել զիջումներ, Տիգրան Գրիգորյանը թե՛ Երևանից, թե՛ Ստեփանակերտից արդեն ամենօրյա ռեժիմով հաղորդվող հրադադարի խախտման մասին հաղորդումները հենց դրանով է պայմանավորում:

«Ուժի սպառման գործիքը կարևոր գործիք է Ադրբեջանի համար և, այո, փորձելու է նաև ռազմական ճնշման միջոցով ստիպել, որպեսզի թե՛ Երևանը և թե՛ Ստեփանակերտը հրաժարվեն ընդհանրապես բոլոր դիրքորոշումներից, որպեսզի այս փաստաթուղթը մեծ հաշվով միակողմանի ինչ-որ փաստաթուղթ լինի, որն ամբողջությամբ կհամապատասխանի ադրբեջանական պատկերացումներին», - ընդգծեց նա:

Թե ովքե՞ր են այս անգամ հայկական պատվիրակության կազմում լինելու, դեռ հայտնի չէ, նախորդ փուլում Վաշինգտոն ադրբեջանցիների հետ բանակցելու էին մեկնել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, երկու փոխարտգործնախարարներ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG