Մատչելիության հղումներ

Բաքվի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է․ ՀՀ ԱԳՆ


Ադրբեջանական կողմի խնդրանքով՝ մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է, տեղեկացնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ, ըստ արտգործնախարարության, հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի:

Ավելի վաղ արտգործնախարարությունը հաղորդել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն հունիսի 12-ին Վաշինգտոնում։

Այսօր ադրբեջանական «Թուրան» գործակալության թղթակիցը, վկայակոչելով ամերիկյան դիվանագիտական գերատեսչության իր աղբյուրը, հայտնել էր, որ Միրզոյան-Բայրամով հանդիպումը կարող է հետաձգվել։

«Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կարող է տեղի ունենալ ոչ հունիսի 12-ին, ոչ էլ նույնիսկ հաջորդ շաբաթ, ինչպես ենթադրվում էր ի սկզբանե», - «Թուրանի» փոխանցմամբ, ասել է դիվանագիտական աղբյուրը, որը նաև հավելել է․ - «Խոսքը բացառապես ժամանակացույցի և լոգիստիկայի մասին է»։

Երեկ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել էր, որ «անհամբեր սպասում են Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլի հյուրընկալմանը»՝ շեշտելով՝ չի կարող նշել հանդիպման որևէ ժամանակացույց ու ամսաթիվ. - «Ես չեմ պատրաստվում հաստատել կամ որևէ ներքին տեղեկատվություն տրամադրել ժամանակացույցի կամ հնարավոր ամսաթվերի հետ կապված»:

XS
SM
MD
LG