Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական ապաշրջափակման գործընթացը սկսվելու է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործումից. փոխվարչապետ


Հայ-ադրբեջանական ապաշրջափակման գործընթացը սկսվելու է դեպի Նախիջևան տանող Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործումից. Հայաստանի փոխվարչապետ, ապաշրջափակման հարցով հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ խմբի համանախագահ Մհեր Գրիգորյանն այսօր հայտարարում էր՝ այդ հարցով կա կոնսենսուս։

Օրերս Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկն էր տեղեկացրել ապաշրջափակումը երկաթուղու գործարկմամբ սկսելու վերաբերյալ արդեն մշակված փաստաթղթի մասին։ Սակայն ոչինչ չէր ասել ստորագրելու ու երկաթուղու շահագործման կոնկրետ ժամկետների վերաբերյալ։

«Երկաթգծի այդ Երասխ-Հորադիզ հատվածի վերաշահագործումը որպես առաջին փուլ, ես կարծում եմ, որ վերջնական կոնսենսուս կա: Բոլոր կողմերը հայտարարել են, որ համաձայն են ու կիսում են, որ դա այս պահի համար որպես առաջնային հնարավոր պոտենցիալ պայմանավորվածություն լավ ու դրական լուծում է տարածաշրջանի համար ու բոլոր երկրների համար», - ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետը կարծում է՝ նաև կողմերի ընկալումն է վերջնական, որ կարգավորումները պետք է լինեն այն երկրների իրավազորության ու ինքնիշխանության ներքո, որոնցով անցնելու է երկաթգիծը։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ուղղակի այլ ձևաչափով այդ հարցը չենք քննարկելու, և եթե, այնուամենայնիվ, կան քննարկումներ և կան հանդիպումներ, նշանակում է, որ այդ ընկալումը կիսում են բոլոր մասնակիցները՝ առնվազն մեր հարթակի՝ եռակողմ աշխատանքային խմբի», - նշեց նա:

Մնացյալ հարցերի շուրջ մանրամասներ ադրբեջանցիների հետ ապաշրջափակման հարցով բանակցող պաշտոնյան հրաժարվեց ներկայացնել՝ պատճառաբանելով, որ վերջնական կոնսենսուս դրանց վերաբերյալ չկա։

Ապաշրջափակման հարցում գլխավոր տարաձայնությունն, ըստ Ռուսաստանի փոխվարչապետի, այն է, թե ո՞վ է ապահովելու երկաթուղու ուղևորների անվտանգությունը։

Փոխվարչապետերի եռակողմ վերջին հանդիպումից հետո Բաքուն պնդեց՝ Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում հսկելու են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները, Երևանը հակադարձեց՝ նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

Այս օրերին հայաստանցի պաշտոնյաները բացի բուն ապաշրջափակումից կարևորում են, որ ճանապարհի անվտանգությունը ևս ապահովի Հայաստանը։ Այսօր էլ փոխվարչապետը չհաստատեց, թե Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության մասնակցության վերաբերյալ համաձայնություն կա:

«Եկեք նախ խոսենք ФСБ-ի կազմում գործող սահմանապահ զորքերի մասին, որպեսզի հստակ լինի ինչի մասին է խոսքը, եթե դուք ցիտում եք նոյեմբերի 9-ի 9-րդ կետի հայտարարությունը: Երկրորդը՝ գործառույթի մասով, գործառույթի իրականացման ձևի մասով դեռևս քննարկումներ պետք է լինեն», - ասաց Գրիգորյանը:

Եռակողմ աշխատանքային խմբի վերջին հանդիպումը այս հունիսի 2-ին էր՝ Մոսկվայում։

Ապաշրջափակման հարցով Ադրբեջանի պաշտոնակցի հետ նոր հանդիպում կլինի, բայց ժամկետները, ըստ Մհեր Գրիգորյանի, դեռ համաձայնեցված չեն։ Մինչ այդ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ընդունել է սահմանազատման հարցերով հայ-ադրբեջանական հանձնաժողովների հանդիպում անցկացնելու՝ Մհեր Գրիգորյանի հրավերը։ Բայց ոչ տեղի, ոչ էլ՝ ժամկետների մասին հստակություն այս դեպքում էլ չկա։

Ադրբեջանական կողմին արված առաջարկի մասին փոխվարչապետի գրասենյակը 3 օր առաջ էր տեղեկացրել, նպատակն էլ, ըստ հաղորդագրության, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պատճառ դարձած ընթացիկ խնդրահարույց հարցերը քննարկելն էր։ Թե, մասնավորապես, ինչի՞ մասին է խոսքը, դեռևս չեն հստակեցնում։

Սահմանին վերջին շրջանում լարված է կրակոցների պատճառով։ Հրադադարի խախտման համար կողմերը ամենօրյա ռեժիմով իրար են մեղադրում։

«Դրական պատասխան է, բայց հանդիպման վայրի, ժամի ու ամսաթվի մասով դեռ պայմանավորվածություն չունենք, բայց ենթադրում եմ՝ մոտ ժամանակներում հանդիպում կունենանք», - ասաց փոխվարչապետը:

Լրագրողների հարցին՝ ի՞նչ հարցեր են քննարկվելու, Գրիգորյանը պատասխանեց. - «Օրակարգային հարցեր»:

Ի դեպ, Անվտանգության խորհրդի անդամ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց, որ Հայաստանը վարչապետի գլխավորած խորհրդում ՀԱՊԿ անդամակցությունը սառեցնելու հարց է քննարկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG