Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ վաշինգտոնյան բանակցությունների հետաձգման պատճառը Էրդողանի այցն է Բաքու


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համոզմամբ` հայ-ադրբեջանական վաշինգտոնյան բանակցությունները ոչ թե կողմերի տարաձայնությունների պատճառով են հետաձգվել, այլ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքու այցի:

Էրդողանը երեկ ուշ երեկոյան է այցելել Ադրբեջան, սա նրա վերընտրվելուց հետո առաջին արտասահմանյան ուղևորությունն է:

Հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը երեկ պետք է տեղի ունենար Վաշինգտոնում, սակայն ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունից հայտնել են, որ դրանք հետաձգվել են Բաքվի խնդրանքով:

«Իմ ընկալմամբ, երբ որ ես համադրում եմ փաստերը, հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմը, գիտեք, իրենք «առատաձեռն են» հայտարարություններ և ագրեսիվ պահվածքով, ես համադրելով փաստերը, որ Թուրքիայի նորընտիր նախագահը ժամանել է Բաքու, ես ենթադրում եմ, որ պատճառը հետաձգման դա է: Չէ, հակասությունները չեն կարող լինել, որովհետև պրոցեսը չի կանգնել, պրոցեսը շարունակվում է և ոչ միայն մի հարթակի մակարդակով, այսինքն, նման տենդենց ես չեմ տեսնում», - նշեց Սիմոնյանը:

Հարցին՝ տեղեկություն ունի՞, թե երբ են պլանավորվում հայ-ադրբեջանական հաջորդ բանակցությունները, ԱԺ նախագահը պատասխանեց. - «Ենթադրում եմ, որ մոտ ապագայում»:

Հայկական կողմը պետք է իմանա, թե ինչ բեռներ են անցնում Սյունիքի ճանապարհով. իշխանական պատգամավոր

Ի դեպ, խորհրդարանում Ազգային ժողովի նախագահն ու իշխանական պատգամավոր Արման Եղոյանն անդրադարձան Սյունիքի ճանապարհին, թե ի վերջո, կողմերից ո՞վ է վերահսկելու այդ ճանապարհը՝ ռուսական կողմը, որն ամրագրված է եռակողմ հայտարարության մեջ, թե՝ հայկական: Պատգամավորները նշել են հայկական կողմի տեսակետը:

«Հարցի մեխն այն է, որ Հայաստանի Հանրապետություն երբ մտնում է մեկ ավտոմեքենա, Հայաստանի Հանրապետությունը պիտի 100 տոկոսով իմանա՝ ինչ է այդ մեքենայի մեջ, ինչքան է այդ մեքենայի մեջ, երբ մտավ այդ մեքենան Հայաստանի Հանրապետություն, երբ դուրս եկավ Հայաստանի Հանրապետությունից, սրա մասին է խոսքը: Մեր պատասխանն այն է, որ 100 տոկոսով Հայաստանի Հանրապետությունը սա պիտի իմանա, երկրորդ հերթին ունենա իրավազորություն որոշելու, թե որ ավտոմեքենան, որ տեսակի բեռը, որ քանակի բեռը կարող է մտնել Հայաստանի Հանրապետություն: Արգելված բեռներ կան, որոնք, բնականաբար, չեն կարող տեղափոխվել», - ընդգծեց Եղոյանը:

Օրերս հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաևն էր հայտարարել, թե Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժի վերահսկողությունը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան, իրականացնելու են Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայության սահմանապահ ծառայության մարմինները։

«Իմ ընկալմամբ՝ խնդիրը հետևյալն է՝ խոսքը գնում է մի պետության մեջ տեղաշարժման մասին, և Ադրբեջանի դիրքորոշման մեջ հիմնական կարմիր գիծն այն է, որ ինքն իր երկրից երրորդ երկիր չի տեղափոխվում, ենթադրենք, Բաքվից Նախիջևան գնալուց և այդ ենթադրում է, իր պատկերացմամբ, որ մենք պետք է ինչ-որ այլ տարբերակ հասկանանք հեշտացված, ինչպես նաև, օրինակ, երբ որ Նախիջևանի տարածքով, ենթադրենք, մենք իջնենք Մեղրի», - ասաց Ալեն Սիմոնյանը:

Շահին Մուստաֆաևի հայտարարությանը եռակողմ աշխատանքային խմբի անդամ Հայաստանի փոխվարչապետն էր հակադարձել։ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ աշխատանքային խմբի քննարկումների, այդ թվում՝ հունիսի 2-ի հանդիպմանը նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Իսկ Հայաստանի դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ այն, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված ճանապարհները պիտի գործեն կողմերի ինքնիշխանության և իրավազորության ներքո, փոխադարձության սկզբունքով։

Գրիգորյանի գրասենյակից, մինչդեռ, այդպես էլ չէին հստակեցրել՝ ռուսները, թե հայ սահմանապահներն են վերահսկելու ճանապարհը։

Հիմա հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար պատմական հնարավորություն է. Սիմոնյան

«Ազատությունը» Ազգային ժողովի նախագահից հետաքրքրվեց, թե Հայաստանի վարչապետի՝ Թուրքիա այցով արդյոք հաղթահարվե՞լ է «Նեմեսիս»-ի հուշարձանի շուրջ ստեղծված լարվածությունը։ Սիմոնյանն ուղիղ պատասխան չտվեց, սակայն, ասաց, որ թուրքական կողմը ցանկություն ունենալու պարագայում անընդհատ կարող է պատճառներ բերել և այդ պատճառը կարող է լինել ոչ միայն «Նեմսես»-ի հուշարձանը։

«Ես ինքս եմ համարում «Նեմեսիս»-ի արձանի տեղադրումը սխալ, որովհետև դա պետական քաղաքականության գիծ չէ և չի կարող լինել՝ արտադատական կարգով որևիցե հարց լուծել, չասեք, որ այնտեղ դատարանի որոշում կա և այլն, և այլն, դա մեր դատարանի որոշումը չի։ Եվ արտադատական կարգով որևիցե պետության ներկայացուցիչ և որևէ պետություն չի կարող և չպետք է որևիցե ձևով խրախուսի, դա պատմական մի բան է։ Բայց նորից եմ ասում՝ դա ընդամենը առիթ էր», - ասաց ԱԺ նախագահը։

«Նեմեսիս» անունը ստացած հուշարձանի տեղադրումից օրեր անց Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն տեղական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում հայտարարել էր, թե Երևանին Անկարան ասել է` «եթե արձանը չհանեք, կարգավորում չէ, դեռ մի բան էլ պատասխան քայլեր կանենք»։ Ավելի վաղ էլ Անկարան հայկական կողմի համար փակել էր իր օդային տարածքը՝ որոշումը պատճառաբանելով հենց հայ վրիժառուների արձանի տեղադրմամբ։

Ըստ Սիմոյանի՝ հիմա հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար եզակի պատմական հնարավորություն է, և հայկական կողմը պատրաստ է դրան։

«Հայկական կողմը պատրաստ է նույնիսկ անցնելով մեծ քննադատության միջով, բայց Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովրդին երկարատև խաղաղություն բերելու համար», - ընդգծեց խորհրդարանի նախագահը:

Ճշտող հարցին՝ արդյոք Փաշինյանի այցի ընթացքում երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը քննարկվե՞լ է, Սիմոնյանը պատասխանեց, թե պաշտոնական հանդիպումներ չեն եղել։ Ասաց՝ վարչապետի այցը բավական լավ է անցել։

XS
SM
MD
LG