Մատչելիության հղումներ

Վաշինգտոնի հանդիպման հետաձգումը 100 տոկոսով պայմանավորված էր ժամանակացույցի խնդիրներով. Պետդեպ


 ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլեր, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլեր, արխիվ

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հետաձգումը 100 տոկոսով պայմանավորված էր ժամանակացույցի հետ կապված խնդիրներով: Այս մասին երեքշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ վստահեցնելով, թե հետաձգումն ամենևին չի արտացոլում «բանակցությունների վիճակը և տարաձայնությունները»:

«Մենք անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլ ընդունելուն, քանի որ կողմերը շարունակում են խաղաղ երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Ինչպես նախկինում ասել ենք, մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է մնացած խնդիրների լուծման համար։ Կարծում ենք՝ համաձայնությունը հասանելի է», - ընդգծել է Միլլերը:

«Ակնկալում ենք, որ նոր ժամկետ կնշանակենք հանդիպման համար՝ հնարավորինս շուտ», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Ի պատասխան հարցի՝ սպասվո՞ւմ է արդյոք նախարարների այցը Վաշինգտոն մինչև այս ամսվա վերջ, Միլլերը հրաժարվել է կոնկրետ ժամկետ նշել:

Հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը Վաշինգտոնում պետք է տեղի ունենար հունիսի 12-ին, սակայն ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունից հայտնեցին, որ դրանք հետաձգվել են Բաքվի խնդրանքով:

XS
SM
MD
LG