Մատչելիության հղումներ

Երևանն ու Բաքուն մոտեցրել են դիրքորոշումները խաղաղության պայմանագրի շուրջ. Լավրով


Երևանն ու Բաքուն մոտ են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում վերջնական համաձայնությանը, նաև մոտեցրել են դիրքորոշումները խաղաղության պայմանագրի շուրջ, այսօր Մոսկվայում հայտարարեց Սերգեյ Լավրովը՝ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ նախ՝ երկկողմ, ապա՝ եռակողմ հանդիպումներից հետո:

Կոնկրետ մանրամասներ՝ համաձայնությունների ու դիրքորոշումների վերաբերալ, Լավրովը չներկայացրեց: Սակայն մի քանի անգամ զգուշացրեց, թե դժվար կլինի տարածաշրջանում կայունության կամ՝ խաղաղության հասնել, եթե Մոսկվայի միջնորդությամբ մինչ այս ձեռք բերված պայմանավորվածությունները անտեսվեն:

«Հիշեցնեմ՝ նախ և առաջ այդ պայմանավորվածությունները վերաբերում են Ղարաբաղում կայունության ու անվտանգության երաշխավորմանը՝ որպես Ռուսաստանի խաղաղապահ առաքելության գոտի, նաև՝ տրանսպորտային ու հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, մարդասիրական խնդիրներն։ Բայց նախ և առաջ սահմանի դելիմիտացիային ու դեմարկացիային, ինչի համար ստեղծվել է հայ-ադրբեջանական հանձնաժողով, որտեղ ՌԴ-ը հանդես է գալիս որպես խորհրդատու», - նշեց Ռուսաստանի արտգործնախարարը։

«Հարավային Կովկասի շուրջ ստեղծված իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածություններն այլընտրանք չունեն», - ասաց Լավրովը՝ առանց հավելյալ մանրամասների։

«Ռուսաստանը լուրջ շահեր ունի Կովկասում, և վստահ է, որ դաշնակիցները հասկանում են դա»

Այն, որ Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները վճռորոշ են, Լավրովը ընդգծել էր նաև Հայաստանի արտգործնախարարի հետ առանձնազրույցում։ Առանց թափանցիկ ակնարկների ընդգծել՝ Մոսկվայում ակնկալում են, որ Ռուսաստանի դաշնակիցները ըմբռնում են դա։

«Նշված ուղղություններով առաջընթացն առանցքային պայման է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար։ Ռուսաստանը պատմական դեր ունի այդ տարածաշրջանում և լուրջ շահեր։ Վստահ եմ, որ մեր դաշնակիցները հասկանում են դա», - ընդգծեց ռուս դիվանագետը:

Հայաստանի արտգործնախարարն իր հերթին հավաստիացրել է, թե Երևանը հավատարիմ է 44-օրյա պատերազմից հետո ձեռք բերված եռակողմպայմանավորվածություններին։ Միրզոյանը, միաժամանակ, ընդգծել է, որ դրանք իրականում չեն գործում՝ Ադրբեջանի մեղքով։

«Ցավոք, գետնի վրա իրավիճակը այլ է։ Բանակցություններին զուգահեռ մենք պարբերաբար տեսնում ենք իրավիճակի սրում՝ Ադրբեջանի կողմից, տեսնում ենք ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք, տեսնում ենք նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտումներ։ Դրա վերջին օրինակը սահմանային անցակետ տեղադրելու փորձն է Լաչինի միջանցքում, թեև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ շատ հստակ ամրագրված է այդ միջանցքի գործունեության ռեժիմը։ Այն պետք է մնար ռուս խաղաղապահների հսկողության տակ, ցավոք, այժմ հնարավոր չէ արձանագրել, որ ՌԴ-ն վերահսկում է Լաչինի միջանցքը», -ասել է Հայաստանի արտգործնախարարը։

«Մենք ամեն կերպ կփորձենք հասնել նրան, որ կայունացմանը վերաբերող որոշումներն իրագործվեն»

Թե երկկողմ, թե եռակողմ հանդիպումների մեկնարկին՝ լրագրողների համար բաց հատվածում, Լավրովը հայկական կողմի բարձրացրած այս խնդիրներին ուղիղ չանդրադարձավ։ Փոխարենը հարկ համարեց ևս մեկ անգամ ընդգծել, որ Մոսկվան լուրջ շահեր ունի Հարավային Կովկասում, որոնցից մտադիր չէ հրաժարվել։ Այս անգամ արդեն Լավրովի ուղերձը հասցեագրված էր արտաքին ուժերին։

«Ռուսաստանի շահերը ուղիղ շաղկապված են այս տարածաշրջանի հետ, և մենք ամեն կերպ կփորձենք հասնել նրան, որ կայունացմանը վերաբերող որոշումները իրագործվեն։ Ակնկալում եմ, որ այդ շահերը կհարգեն նաև բոլոր այն երկրները, որոնք այս կամ այն կերպ շահագրգռված են ներկայություն ունենալ այս տարածաշրջանում», - ընդգծել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Ադրբեջանի արտգործնախարարը հավաստիացրեց, թե Բաքուն հավատարիմ է բանակցային գործընթացին, հատուկ շեշտելով, որ խոսքը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին է։ Մինչ այս Ադրբեջանի ղեկավարը բացմիցս է հայտարարել, որ ղարաբաղյան խնդիրն այլևս լուծվել է ՝պատերազմով։

Եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները բանակցությունները շարունակեցին դռնփակ՝ առանց Լավրովի։ Ըստ Մոսկվայից ստացվող հաղորդումների, Միրզոյան-Բայրամով հանդիպումը շարունակվել է մոտ երկու ժամ, ավարտին կողմերը միևնույն տեքստը տարածեցին, ըստ որի, «տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերն ունեն տարաձայնություններ»։

Առաջընթացի կամ՝ համաձայնության մասին պաշտոնական հայտարարության մեջ որևէ բառ չի ասվում, նշվում է միայն, որ կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները:

Ի դեպ, Վաշինգտոնը հայտարարել էր, թե աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը, անկախ թե որ հարթակում են ընթանում բանակցությունները, Արլինգթոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում», ժամեր առաջ հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG