Մատչելիության հղումներ

Ադրբեջանը կրկին պնդում է, որ Հայաստանը ռազմական բեռներ է տեղափոխում Լեռնային Ղարաբաղ, Երևանը հերքում է


Ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը
Ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը այսօր կրկին հերքել է Բաքվից հնչող պնդումները, որոնց համաձայն հայկական կողմը Լաչինի միջանցքը շրջանցող գրունտային ճանապարհով ռազմական նշանակության բեռներ է տեղափոխում Լեռնային Ղարաբաղ։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության մարտի 11-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ադրբեջանական տեսադիտարկման համակարգերն արձանագրել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմական տեխնիկայի շարասյան երթը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը», - պնդում է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը։

Հայկական կողմը այս հայտարարությամբ ստիպված եղավ հանդես գալ այն բանից հետո, երբ այսօր կեսօրին Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հանդես եկավ շտապ հայտարարությամբ՝ պնդելով, որ ռազմական բեռների և անձնակազմի տեղափոխումը դեպի Ղարաբաղ շարունակվում է։

Դրան զուգահեռ ադրբեջանական կողմը մեկ րոպեանոց մի տեսանյութ հրապարակեց, որում հստակ երևում է «Կամազ» մակնիշի մեկ բեռնատար և ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի մեկ զրահամեքենա։

«Հայտարարում ենք, որ ռազմական բեռների տեղափոխումը Հայաստանից Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական գոտի պետք է անհապաղ կերպով դադարեցվի, իսկ հայկական անօրինական զինված կազմավորումները պետք է ամենասեղմ ժամկետներում զինաթափվեն և դուրս բերվեն Ադրբեջանի տարածքից», - հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը՝ քննադատելով նաև Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի զինվորականներին։

«Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը պետք է գիտակցի իր պատասխանատվությունն այս հարցում և կատարի իր վրա դրված պարտականությունները», - պնդել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը մեկ անգամ ևս հայտարարելով, թե «պարբերաբար տեղի ունեցող նման անօրինական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ Լաչինի միջանցքի վերջնամասում, սահմանապահ-անձնագրային հսկիչ անցակետի ստեղծում են պահանջում»։

Այս հայտարարության հրապարակմանը զուգահեռ այսօր Բաքվում Զինված ուժերի հրամանտարության հետ խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Խորհրդկացությանը մասնակցել են պաշտպանության բոլոր փոխնախարարները, զորատեսակների և կորպուսների հրամանատարները։

«Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում գործող հայկական անօրինական ուժերի համար նախատեսված ռազմական բեռների բազմիցս արձանագրված տեղափոխումները, ինչպես նաև անձնակազմի ռոտացիան անթույլատրելի են», - դիմելով ենթականերին՝ հայտարարել է Հասանովը՝ հատուկ ընդգծելով, որ «հակառակորդի, այդ թվում՝ հայկական անօրինական զինված կազմավորումների մշտադիտարկումը պետք է շարունակվի»։

«Ադրբեջանի բանակը պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկի տարածաշրջանում իրադրությունն արհեստականորեն սրել փորձող Հայաստանից եկող հնարավոր սպառնալիքների դեմ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև դիմի համարժեք պատասխան քայլերի», - հավելել է նախարարը։

Արդյոք ադրբեջանական կողմի այս հայտարարությունները Բաքվի կողմից հնարավոր նոր նախահարձակ գործողությունների նախանշանները չեն, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանն այս շաբաթ խոստովանել էր, որ Ստեփանակերտին վերջնագիր է ներկայացվել՝ սկսել «վերաինտերգրման գործընթացը» Ադրբեջանի հետ կամ պատրաստ լինել հակառակ կողմի կոշտ գործողություններին։

Իրադարձությունների զարգացման նման սցենարը Ստեփանակերտում չեն բացառում՝ գրեթե անհավանական համարելով, սակայն, լայնածավալ ռազմական պատերազմի բռնկումը։ Այս մասին նախօրեին, «Ազատության» հետ զրույցում ասել էր Արցախի խորհրդարանի իշխող մեծամասնության ներկայացուցիչ, պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։

«Սադրանքները չենք կարող ասել՝ ինչ ուղղությամբ են լինելու, ոնց են լինելու։ Չեմ կարծում, թե լայնամասշտաբ պատերազմ կլինի, բայց որ սադրանքների պետք է պատրաստ լինել, միանշանակ այդպես է։ Լայնամասշտաբ պատերազմի հավանականությունն այնքան վախտ է քիչ, որքան ռուս խաղաղապահներն այստեղ են», - ասաց Աղաբեկյանը։

Ադրբեջանից հնչող նոր սպառնալիքների ֆոնին Բաքուն երեկ երեկոյան կրկին դադարեցրեց Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը։ Այն նույն ժամերին, երբ հայտնի դարձավ դրա մասին, Բաքվից տեղեկություններ ստացվեցին, որոնց համաձայն, Հարավային Կովկասի հարցերով Միացյալ Նահանգների պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոն ուրբաթ երեկոյան անսպասելիորեն վերադարձել է Ադրբեջանի մայրաքաղաք։

Բոնոն Բաքվում էր մարտի 6-ին, որից հետո մեկնել էր Երևան։ Բաքվում, երեկ երեկոյան նա հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ, կողմերը «քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ բանակցային գործընթացը, երկու երկրների ղեկավարների մյունխենյան հանդիպման ժամանակ ծագած հարցերը, դեպի Նախիջևան անխափան երթևեկության ապահովումը ու հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հեռանկարները»։

Ռազմական տեխնիկա ԼՂ տարածքում չկա․ Երևանը հերքում է Բաքվի պնդումը
please wait

No media source currently available

0:00 0:04:46 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG