Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը խորհուրդ է տալիս Կլաարին «ուշադրություն դարձնել Ադրբեջանի ռազմական սադրանքներին»


Մարտի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակի վերաբերյալ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի արտահայտությունները լուրջ հարցեր են առաջացնում չեզոք միջնորդի կարգավիճակին դրանց համապատասխանության առումով, այսօր հայտարարել է Արցախի արտգործնախարարությունը։

Օրերս տարածաշրջանային այցով Ադրբեջանում գտնվող ԵՄ բանագնացը հայտարարեց, թե Լաչինի ճանապարհով փոխադրումների թափանցիկության ապահովման մասին Բաքվի գաղափարը «միանգամայն օրինական է»՝ պատճառաբանելով՝ «չեն ցանկանում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի լարվածությունը մեծացնող բեռների համար, և այն օգտագործվի ռազմական կամ անօրինական նպատակներով»։

Պաշտոնական Բաքուն արդեն մի քանի ագամ հայտարարել է, թե Լաչինի միջանցքում անհրաժեշտ է վերահսկողության ռեժիմ ապահովել, ինչպես նաև սպառնում է «ձեռնարկել վճռական, անհրաժեշտ միջոցներ՝ զինաթափելու և չեզոքացնելու անօրինական զինված կազմավորումները»։

Ըստ Ստեփանակերտի՝ խոսելով Լաչինի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումների ենթադրյալ լեգիտիմության մասին՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչն ակնհայտորեն անտեսում է տեղի ունեցող իրադարձությունների ընդհանուր ենթատեքստը։

«Իսկ ենթատեքստն այն է, որ Ադրբեջանն արդեն գրեթե երեք ամիս ապօրինաբար արգելափակում է Լաչինի միջանցքը՝ խախտելով ոչ միայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այլև կոպտորեն ոտնահարելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները։ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտության պատրվակով՝ մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերը դիմել են ահաբեկչական գործողության՝ կյանքից զրկելով Արցախի Հանրապետության Ոստիկանության երեք սպայի և ծանր վիրավորելով ևս մեկին», - հիշեցնում է արտգործնախարարությունը՝ խորհուրդ տալով Կլաարին, որ եթե իսկապես մտահոգված է տարածաշրջանում լարվածությունը սրող գործողություններով, ապա ուշադրություն դարձնի Ադրբեջանի ռազմական սադրանքներին, ագրեսիվ և ռազմատենչ հայտարարություններին, ինչպես նաև Արցախի օկուպացված տարածքներում նոր զորամասերի և այլ ռազմական ենթակառուցվածքների տեղակայմանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG