Մատչելիության հղումներ

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը


Ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, երեկ ուշ երեկոյան հայտարարել է «Արցախգազ» ընկերությունը՝ հորդորելով բնակիչներին խստիվ հետևել անվտանգության կանոններին։

Արդեն շուրջ երեք ամիս է Ադրբեջանը բնապահպանական պատրվակով փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Շրջափակումից մեկ ամիս անց էլ Ադրբեջանը սկսեց պարբերաբար փակել, ապա մասամբ բացել Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, փետրվարի 22-ի որոշմամբ, պարտավորեցրեց Ադրբեջանին բացել Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Հաագայի դատարանը, սակայն, մերժեց Հայաստանի մյուս պահանջը՝ պարտավորեցնել Ադրբեջանին անհապաղ վերականգնել բնական գազի անխափան մատակարարումը՝ նշելով, թե բավարար ապացույցներ չեն ներկայացվել, որ Ադրբեջանն է խաթարում մատակարարումը։

Դատարանի որոշումից օրեր անց, կառավարության նիստում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող խողովակի փականը գտնվում է Հայաստանի համար ոչ հասանելի տեղում և անհերքելի ապացույցներ իսկապես Հայաստանը չի կարողացել ներկայացնել, «բայց այն պահին, երբ մենք կկարողանանք ձեռք բերել ուղղակի ապացույցներ, այդ հիմքով կկարողանանք նորից դիմել դատարան»։

XS
SM
MD
LG