Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները հայ-ադրբեջանական նոր զինված բախում է կանխատեսում


Միացյալ Նահանգները հայ-ադրբեջանական նոր զինված բախում է կանխատեսում։ Նախօրեին ամերիկյան հետախուզական ծառայությունն իր սպառնալիքների գնահատման տարեկան զեկույցում հնարավոր է համարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարճատև զինված առճակատումը։

Հայ-ադրբեջանական հարաբերությունները չափազանց մոտ են բռնության վերաճելու. Փրայս

Երեկ էլ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, ստեղծված իրավիճակը որակելով «զգայուն», ասել է՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները չափազանց մոտ են բռնության վերաճելու։

«Դա մի իրավիճակ է, որը չափազանց մոտ է բռնության, ինչպես մենք տեսանք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում։ Դա ձգձգվող հակամարտություն է, որի լուծմանը Միացյալ Նահանգները ցանկանում է ամեն ինչով աջակցել: ԱՄՆ-ն կշարունակի երկկողմ աշխատանքը երկրների հետ, եռակողմ աշխատանքի Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ աջակցելով երկխոսության ու դիվանագիտության նրանց ջանքերին, նաև բոլոր համապատասխան մեխանիզմների միջոցով օգնելով այդ երկրներին ինքնուրույն դիվանագիտություն վարել և հասնել համաձայնությունների, որոնց, հույս ունենք, նրանք կհասնեն», - ասել է նա։

Հայ-ադրբեջանական լարվածության պահպանումը ամերիկյան հետախուզությունը խաղաղության պայմանագրի բացակայությամբ էր բացատրել, սահմանին երկու երկրների զինված ուժերի չափազանց մոտ լինելով, հրադադարի պահպանման մեխանիզմի բացակայությամբ, ինչպես նաև Հայաստանի հետ բանակցություններում ռազմական ճնշումներից չհրաժարվելու՝ Ադրբեջանի վարքագծով. «Խաղաղության բանակցություններում որոշակի առաջընթաց գրանցվել է, սակայն ամենախնդրահարույց հարցերն, ինչպիսիք են պետական սահմանների և Լեռնային Ղարաբաղի ապագայի հարցը, հեռու են լուծվելուց»:

Կիրակի առավոտյան ադրբեջանցիների զինված հարձակման հետևանքով արցախցի երեք ոստիկան զոհվեց, Բաքուն ևս կորուստների մասին հաղորդեց։ Դրանից հետո Արցախի նախագահը խոսեց ադրբեջանական պահանջների մասին՝ «կամ ընդունում են ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են ավելի կոշտ քայլեր»։ Մյուս իսկ օրը Բաքուն բացեիբաց սպառնաց՝ կամ հայկական զորքերը Ղարաբաղից ամբողջությամբ դուրս են բերվում, կամ հարկադրված են զինաթափելու և չեզոքացնելու «անօրինական զինված կազմավորումները»։

Հրադադարի խախտումների մեղադրանքներ

Սրան հետևեցին հրադադարի խախտումների մասին կողմերի մեղադրանքները։ Երեկ երեկոյան Գեղարքունիքում՝ Վերին Շորժայի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների մասին, տուժածներ չկան։ Բաքուն էլ ավելի վաղ հայկական երկու կողմերին էր մեղադրել իրենց դիրքերի ուղղությամբ կրակելու համար։ Եվ Երևանը, և Ստեփանակերտը հերքել էին այդ պնդումները։

Ինչ կարող է Հայաստանն անել. քաղաքագետի մեկնաբանությունը

Քաղաքագետ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ քանի դեռ ռուս-ադրբեջանա-թուրքական դաշինքին չի հաջողվել իրականացնել իր նվազագույն ցանկությունը՝ ստանալ Մեղրիով միջանցք, հայ-ադրբեջանական լարումները՝ որպես զիջումներ պարտադրելու միջոց, նրանց օրակարգից դուրս չեն գալիս։ Ի՞նչ կարող է Հայաստանն անել, ասաց. «Լավ տարբերակ՝ ձեռք բերել գործընկերներ, դաշնակիցներ, որոնք կօգնեն Հայաստանին համալրելու իր կարողությունները, բարձրացնելու ինքնապաշտպանական կամ դիմադրողունակության կարողությունները, վատ տարբերակ՝ գնալ զիջումների: Ամենավատ տարբերակը գնալ իրոք սրացումների և այդ սրացումների արդյունքում կորցնել ավելի շատ, քան հնարավոր էր առաջին երկու տարբերակներով»:

Հարցին՝ Հսկ Հայաստանն արե՞լ է ընտրություն, Արեգ Քոչինյանն արձագանքեց. «Վախենամ՝ Հայաստանը այս պահին ոչինչ չի ընտրել, և դա շատ հատուկ է Հայաստանի քաղաքական էլիտային, դա հատուկ էր նախքան հեղափոխությունը, դա հատուկ էր հիմա, ճակատագրական պահերին, որոշում պահանջող պահերին որևէ որոշում չկայացնել, ինչը որպես կանոն բերում է ամենավատ տարբերակին»:

2020-ի պատերազմից հետո և Հայաստանի սահմաններին, և Ղարաբաղում ռազմական արյունալի բախումներ են եղել, ամենալայնածավալը անցած տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվեց միանգամից երեք ուղղությամբ։ Եվ ահա ռազմական նոր հնարավոր լարվածության կանխատեսումների ֆոնին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը այցելեց ադրբեջանական վերջին հարձակման թիրախ դարձած Սյունիք ու Վայոց ձոր, իսկ ՌԴ դեսպանը՝ Գեղարքունիք։

Սյունիք մեկնած ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է նաև ադրբեջանցիների կողմից մոտ երեք ամիս փակ պահվող Լաչինի միջանցքի սկզբնամաս։ Թվիթերում հրապարակելով տեղում արված լուսանկարը՝ ամերիկացի դիվանագետը գրել է՝ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի։ Բացի այդ, ԱՄՆ դեսպանը սահմանային իրավիճակը քննարկել է Եվրամիության քաղաքացիական առաքելության ղեկավարի հետ, Վաշինգտոնի աջակցությունը հայտնելով Հայաստանի սահմաններին դիտորդություն իրականացնող խմբին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG